13/05/2025

Որտե՞ղ խորհուրդ կտաք շոփինգ անենք․ Նախ՝ շոփինգ, իսկ քաղաքականությունը՝ կսպասի

«Ընկերուհիներով Ստոկհոլմի սրճարաններից մեկում սրճում էինք, մեկ էլ ծանոթ դեմքեր տեսանք։ Աղջիկներից մեկը, որ առաջինն էր նկատել, ասաց՝ սրանք նիկոլական պատգամավորներ չե՞ն։ Երբ ավելի մոտեցան, նկատեցինք՝ վեցն էին․ երեք տղամարդ, երեք կին։ Պատգամավորներն առանց բարեւելու անցան կողքներովս․ չնայած մենք հայերեն էինք խոսում ու բարձրաձայն ծիծաղում էինք, չնկատելու տվեցին»,- պատմում է Ստոկհոլմում բնակվող Հռիփսիմեն։

Սուրճն ավարտելուց հետո կանայք իրենք են մոտեցել պատգամավորներին, որոնք փոքր-ինչ հեռու, կամրջակի վրա անորոշ կանգնած են եղել։ «Մոտեցանք, ես հարցրի՝ օտարության մե՞ջ էլ ձեր հայրենակիցներին չեք բարեւում, մի բարեւի եղածն ի՞նչ է, որ չեք տալիս։ Նրանցից մեկը, եթե չեմ սխալվում՝ Վլադիմիր Վարդանյանը, արդարացավ, թե՝ չենք նկատել։ Բոլորի դեմքն էլ ծանոթ էր, հեռուստացույցով շատ ենք տեսել, բայց անվանապես միայն Վլադիմիր Վարդանյանին ու Լուլուին՝ Լուսինե Բադալյանին ճանաչեցինք։ Եթե չեմ սխալվում՝ մեկն էլ Ռուբեն Ռուբինյանն էր»,- պատմեց մեր հայրենակցուհին։

«Հրապարակ». Նախ՝ շոփինգ, իսկ քաղաքականությունը կսպասի

Հետո զրույցի են բռնվել։ Շվեդիայում ապրող կանանց հետաքրքրել է Հայաստանի ճակատագիրը։ Հարցրել են՝ ի՞նչ է լինելու մեր երկրի հետ։ «Մենք անհանգստացած ենք խաղաղության կեղծ փաստաթղթով։ Այստեղ, մեր հանդիպումներում անընդհատ այդ թեման ենք քննարկում։ Բոլորս էլ կողմ ենք, որ խաղաղություն լինի, բայց այն, ինչ գործող իշխանությունն անում է հայերի թիկունքում, նման չէ խաղաղության։ Հենց այդ մասին էլ հարց ուղղեցինք պատգամավորներին։ Ասացինք՝ ինչո՞ւ եք ձգտում խաղաղության փաստաթուղթ ստորագրել թշնամի պետության հետ, որի ղեկավարի նպատակը հային բնաջնջելն է։ Չէ՞ որ Ալիեւին վստահել չի կարելի։ Նրա հայատյաց քաղաքականությունը բոլորովին հաշտության մասին չէ»,- պատմեց Հռիփսիմեն։

Կանանց մտահոգությունը փարատելու փոխարեն, պատգամավորները հարցին հարցով են պատասխանել։ Տղամարդկանցից մեկը հետաքրքրվել է՝ իսկ ի՞նչ են մտածում այդ մասին իրենք՝ սփյուռքում ապրողները։ «Ասացինք՝ թուրքը մնում է թուրք․ ո՛չ իր տեսակն է փոխվում, ո՛չ՝ հայակործան ծրագրերը։ Բայց զգացինք, որ այդ թեմայով ծավալվել չեն ուզում։ Տրամադրված չէին լուրջ թեմաների։ Հարցուփորձ արեցին՝ քանի՞ տարի է այստեղ ենք, ո՞նց ենք ապրում, գո՞հ ենք արդյոք։ Ասացինք՝ ամեն դեպքում, ապահով ենք։ Պատգամավորներից մեկն էլ, թե՝ այդքան վստահ մի եղեք, որ մինչեւ վերջ ապահով եք լինելու։ Թե ինչ նկատի ուներ, չհասկացանք։ Բացի դա, անընդհատ ասում էին, որ մենք՝ սփյուռքում ապրողներս, մտածելու բան չունենք, իբր՝ մեզ համար հանգիստ ապրում ենք։ Ես վիրավորվեցի։ Ասացի՝ մենք էլ այստեղ ենք անհանգիստ, ցույցեր ենք անում, գումարներ ենք ուղարկում, հատկապես պատերազմի ժամանակ ինչքան փող ուղարկեցինք ու այդպես էլ չհասկացանք, թե ուր անհետացան այդ գումարները»,- ասաց զրուցակիցս։

Նրա տպավորությամբ՝ իրենց արտահայտությունների մեջ պատգամավորները շատ զգուշավոր են եղել։ Ավելի շատ հարցեր են տվել, քան՝ պատասխաններ։ «Միայն բաժանվելուց հետո հասկացանք, որ ոչ մի հարցի պատասխան չենք ստացել։ Այն է մեխվել գլխումս, որ անընդհատ հարցնում էին՝ որտե՞ղ խորհուրդ կտաք շոփինգ անենք»։

Արեգ Մարգարյան