ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան, անդրադառնալով Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությանը, ասել է, որ այն կառուցվում է 2022 թվականի փետրվարի դաշնակցային հռչակագրի հիման վրա:
«Մեր կողմը տրամադրված է հետևողականորեն իրագործել այս երկկողմ հարաբերությունների համար առանցքային փաստաթղթի ամբողջ ներուժը, ինչպես նաև լուծել առաջացող բոլոր հարցերը՝ փոխշահավետ և փոխադարձ հարգանքի սկզբունքով», հայտարարել է Զախարովան:
Զախարովան, կարծես թե, ակնարկում է, որ չեն նկատում Ադրբեջանի համարժեք տրամադրվածություն: Իլհամ Ալիևը վերջին պահին հրաժարվեց մեկնել մայիսի 9-ի շքերթին: Դրա փոխարեն Ալիևը գնաց օկուպացված Շուշի, որտեղ 2021 թվականի հուլիսին ստորագրել է Շուշիի հռչակագիրը՝ Էրդողանի հետ:
Իհարկե, Բաքուն զորագունդ ուղարկեց Կարմիր հրապարակ,սակայն դա ավելի շատ հենց Բաքվին էր պետք, ոչ թե Ռուսաստանին: Ռուսաստանին, թերևս, պետք էր, որ Կարմիր հրապարակում լինի Ալիևը, ոչ թե նրա զորագունդը:
Մինչդեռ Պուտինի հետ հռչակագրի փոխարեն նա փաստորեն ընտրեց Էրդողանի հետ հռչակագիրը՝ Մոսկվայի փոխարեն մեկնելով օկուպացված Շուշի: Ադրբեջանի նախագահը, ըստ ամենայնի չի կարողանում «ներել» Ռուսաստանին ադրբեջանական օդանավի հետ նախորդ տարեվերջին պատահած աղետի համար:
Իսկ Ռուսաստանը որևէ կերպ չարդարացրեց ավելի հստակ ներողություն խնդրելու և փոխհատուցելու Իլհամ Ալիևի հույսերն ու ակնկալիքները, ադրբեջանական հանրության մոտ նրան «թողնելով սևերես»:
Արցախն օկուպացնելուց հետո Ալիևը իր հանրությանը ներկայանում էր այնպես, որ «իր դեմ խաղ չկա» և անգամ աշխարհի խոշոր դերակատարները չեն կարող հաշվի չնստել իր հետ: Օդանավի աղետը, սակայն հարվածեց նոր այդ իմիջին, առավել ևս, որ ադրբեջանական հանրության շրջանում առ այսօր կան մեղմ ասած բավականին տարածված կասկածներ, որ ադրբեջանական օդանավի հետ կատարվածը Ռուսաստանի պատասխանն էր Արցախի դեմ ագրեսիայի ընթացքում ռուս խաղաղապահների ստորաբաժանման հետ կատարվածին, որոնց գնդակահարել էին հենց նույն «կոմանդոս» ստորաբաժանումները, որոնք քայլում էին մայիսի 9-ին Կարմիր հրապարակով:
Այսինքն, Կրեմլի հրապարակով, Վլադիմիր Պուտինի առջևով անցնում էին զորքեր, որոնք բացահայտ կերպով դիմահար գնդակահարության էին ենթարկել ռուս խաղաղապահների, որովհետև նրանք անմիջականորեն դարձել էին Արցախի հայ բնակիչների հանդեպ կատարված վայրագությունների ականատես:
Ռուս-ադրբեջանական հարաբերությունն, իհարկե, գտնվում է բավականին նյարդային վիճակում: Մոսկվան փորձում է թաքցնել դա, բայց, ինչպես ասում են, «մախաթը»՝ տվյալ դեպքում նյարդը, «պարկում» երկար պահելը, թերևս, կլինի դժվար:
Նկատելի է, որ, համենայն դեպս. Բաքուն ձգտում է այն «դուրս հանել» պարկից, առնվազն «պարկում» պահելու համար Ռուսաստանից նոր գին ստանալու ակնկալիքով:
Բաց մի թողեք
Իսրայելն արդեն հարվածում է՝ ինչ սպասել մեր տարածաշրջանում
ԱՄՆ – Իրան հարաբերություններում մտադիր է Իրանի հետ բանակցային գործընթացում թույլ չտալ «ֆալստարտ»
Մոսկվան ինչպե՞ս կվերաբերի «թշնամաբար դիրքավորված Ֆրանսիայի» հետ հարաբերությունը խորացնելու Տաջիկստանի քայլերին