Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետ Անրի Օխանաշվիլիի հետ:
Ըստ հաղորդագրության, հանդիպմանը քննարկվել են Հայաստանի ու Վրաստանի համապատասխան գերատեսչությունների միջև փոխգործակցության հարցեր: Այս պաշտոնական արձանագրումն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան ասում է ինչ-որ բան:
Համենայն դեպս, հարկ է նկատել, որ արտասովոր ձևաչափ է, երբ որևէ պետությունում որևէ այլ երկրի դեսպան հանդիպում է տվյալ պետության պետական կամ ազգային անվտանգության ծառայության ղեկավարի հետ:
Հետևաբար, երբ կա այդպիսի հանդիպում, ապա պետք է ենթադրել, որ դա պայմանավորված է շատ կարևոր և շատ կոնկրետ հանգամանքով: Հետևաբար, «երկու երկրների համապատասխան գերատեսչությունների գործակցություն» ասվածը ավելի շուտ թերևս ստանդարտի համար է, քան բուն բովանդակության մասին:
Որովհետև եթե անգամ կա կոնկրետ հարց Հայաստանի ու Վրաստանի անվտանգության ծառայությունների «գծով», ապա մեծ հավանականությամբ այդ հարցերը կքննարկվեն հատուկ ներկայացուցիչների հաղորդակցությամբ, առավել ևս, երբ Երևանից Թբիլիսի օդանավը թռչում է ընդամենը 45 րոպե, իսկ մեքենայով էլ հնարավոր է հասնել 5-6 ժամում:
Հայ-վրացական տիրույթում վերջին այսպես ասած ուշադրության արժանի, «թարմ թեման» հայկական կոնյակի արտահանման հարցն է, որի վերաբերյալ դժգոհություններ ունեն կոնյակ արտադրող մի շարք ընկերություններ: Օրեր առաջ նրանք այդ դժգոհությունն արտահայտելու բավականին արտասովոր ձև էին ընտրել՝ բողոքի ակցիա Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց:
Դա նույնիսկ արտառոց, և, ըստ էության, բավականին խնդրահարույց պատկեր է, որովհետև Հայաստանի տնտեսվարողների խնդիրներով՝ եթե կան այդպիսիք այլ երկրների կառավարությունների գործունեության հետևանքով, պետք է զբաղվի Հայաստանի կառավարությունը, հետևաբար դժգոհությունները պետք է ներկայացնել Հայաստանի կառավարությանը, այլ ոչ թե Վրաստանի դեսպանատանը՝ անհարկի և ավելորդ լարվածության առիթ չտալու համար, որից օգտվելու պատրաս «երրորդ սուբյեկտները» դժբախտաբար կազմ ու պատրաստ են միշտ:
Հարց է առաջանում, թե արդյո՞ք հենց այդ առնչությամբ չէ, որ Հայաստանի դեսպանը կարող էր հրավիրված լինել Վրաստանի Պետանվտանգության ծառայություն, ինչը պարզապես ձևակերպվել է որպես դեսպանի այց ու հանդիպում՝ հարցի հրապարակային սրացում չտալու համար:
Եթե դեսպանն է գնացել հարցի լուծման նախաձեռնության շրջանակում, ապա այդ դեպքում ինչո՞ւ պետանվտանգության ծառայություն, այլ ոչ թե համապատասխան գերատեսչություն: Ինչպես հայտնի է, Վրաստանը ստուգում է որոշ կոնյակագործների ապրանքը, կասկածելով դրա անհամապատասխանությունը ստանդարտներին: Այստեղ, իհարկե, հակասական պատկեր է:
Մի կողմից, Վրաստանի գործը պետք է լինի պարզապես տրանզիտ ապահովելը, իսկ ապրանքի որակի մասին պետք է մտածի ընդունող շուկան: Մյուս կողմից, մեխանիզմը գուցե առավել բարդ է, և Վրաստանը խնդիր է տեսնում իր հուսալի տրանզիտային իմիջի առումով, եթե անարգել բաց է թողնում անորակ արտադրանքը:
Իսկ այն, որ Հայաստանում կան մեղմ ասած անբարեխիղճ ընկերություններ, որոնք կոնյակի անվան տակ արտադրում են անորակ մի խմիչք և խաղում նաև հայկական կոնյակի բազմամյա վարկի հետ, կասկածից վեր է:
Ավելին, չի բացառվում, որ այդ արատավոր երևույթի հետևանքով տուժում են նաև միանգամայն որակյալ արտադրանք արտահանող տնտեսվարողներ՝ ենթարկվելով անհարկի ստուգման:
Այդ դեպքում առաջանում է հարց, թե ինչո՞ւ այդ խնդիրը Հայաստանում չի լուծում Հայաստանի կառավարությունը: Չէ՞ որ սա լոկ հայ-վրացական կազուս կանխելու հարց չէ, ինչը ինքնին կարևոր է:
Սա հարց է, որը ընդհանրապես վերաբերում է Հայաստանի տնտեսական հեղինակությանը, Հայաստանի տնտեսության աշխատանքին: Իհարկե, պետք չէ բացառել, որ Վրաստանում Հայաստանի դեսպանի և այդ երկրի ՊԱԾ ղեկավարի հանդիպման պատճառն այլ է:
Սակայն բոլոր դեպքերում կասկած չկա, որ այն առանձնահատուկ է, քանի որ հանդիպումն է առանձնահատուկ ձևաչափով: Հարկ է նկատել նաև, որ գրեթե զուգահեռ Ալբանիայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում շփվել են Հայաստանի ու Վրաստանի վարչապետները՝ Վրաստանի ԱԳ նախարարի ներկայությամբ:
Բաց մի թողեք
Մերձավոր Արևելքում հնարավոր է նոր՝ իսրայելա-եգիպտական սրացում
Արևմտյան ղեկավարները Պուտինին առաջարկում են «ոսկե միջին» գտնել
Ռուսաստանը զիջումների է գնացել 5 շրջանների համար. Զելենսկիի հետ կքննարկվի տարածքների հարցը. Ուիթքոֆ