Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցության երկրորդ ռաունդն ավարտվեց գործնականում ոչնչով, եթե գնահատենք ռազմա-քաղաքական ասպեկտը և հնարավոր հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունների հեռանկարը:
Ավելին, ինչպես ավելի ուշ եղավ արտահոսք մամուլ՝ ռուսական կողմը ուկրաինական կողմին ներկայացրել է հրադադարի և կարգավորման այնպիսի պատկերացումներով թուղթ, որն ընդունելը ցանկացած ուկրաինական իշխանության համար հավասարազոր կլինի քաղաքական ինքնասպանության:
Ըստ էության, կարգավորման ռուսական պատկերացումը՝ դատելով մամուլ արտահոսած թղթից, Կիևի լիակատար կապիտուլյացիան է: Բնական է, որ այն ընդունվել չի կարող, որևէ իշխանություն՝ միայն այսպես ասած «գլխից ձեռք քաշելու» պարագայում կարող է հավանության արժանացնել կամ նույնիսկ քննարկել այդպիսի փաստաթուղթ: Եվ ուրեմն դա ներկայացվել է ընդամենը մերժվելու և պատերազմը շարունակելու համար:
Ընդ որում, իրավիճակի պարադոքսը, թերևս, այն է, որ իրերի այդպիսի դրությունից դժգոհ չէ և ոչ մի կողմ, նույնիսկ ԱՄՆ նախագահ Թրամփը, որը, եթե նկատել եք, ավելի ու ավելի քիչ է ակտիվություն ցուցաբերում ուկրաինական հրադադարի վերաբերյալ խոսույթի տեսանկյունից:
Այդպիսով, պատերազմը դեռ կշարունակվի, ընդ որում՝ բավականին երկար: Իհարկե, դա չի նշանակում, որ կդադարի այսպես ասած դիվանագիտական պրոցեսը: Այն կծավալվի պատերազմի «հիմքով», այսինքն՝ կախված մարտադաշտում իրավիճակից: Մարտադաշտում առավելությունն այժմ Ռուսաստանինն է: Ընդ որում՝ թերևս նաև հոգեբանական դաշտում:
Բնականաբար, ամենից առաջնային հարցը, որ կարող է հուզել Հայաստանին, այն է, թե առկա իրավիճակն ինչպես կանդրադառնա Կովկասի վրա: Այստեղ հարկ է նկատել, որ անմիջական ռիսկերի գեներացիա չկա, սակայն կա դիվանագիտական պրոցեսի ինտենսիվացում, գործնականում բոլոր դերակատարների մասնակցությամբ:
Մինչդեռ, քանի որ այդ պրոցեսում եղած բովանդակությունները ոչ թե ներդաշնակ են, այլ մրցակցային և հաճախ նաև իրարամերժ, ապա դա առաջացնում է փակուղու ռիսկ: Երբ ինտենսիվանում են իրարամերժ ռազմավարություններ սպասարկող դիվանագիտական նախաձեռնությունները, ապա փակուղուց խուսափելու միակ տարբերակ է մնում որևէ մի սցենարով քաղաքական համաձայնության ամրագրում և կենսագործում, որը կվերաբերի այս կամ այն առանցքային օրակարգային խնդրի:
Եթե լինի ինտենսիվ դիվանագիտական նախաձեռնություն, սակայն չլինի քաղաքական լուծման վերաբերյալ որոշում և գործողություն, ապա ակտիվությունը չի կարող շարունակվել անվերջ և այն կնվազի, իսկ իրավիճակն էլ կհայտնվի փակուղում: Սա աներկբա չի նշանակի էսկալացիա, բայց էապես կբարձրացնի դրա նախադրյալները:
Հավանաբար, դա նկատի ունենալով է, որ թե ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն, թե ՌԴ փոխարտգործնախարարը անցնող օրերին խոսել էին լարվածության ռիսկի մասին: Եթե ԱՄՆ ու Ռուսաստանը Ուկրաինայի հարցում շարունակում են երկխոսությունը, ապա Կովկասի հարցում թերևս հնարավոր է ապավինել լարվածության ռիսկի արդյունավետ ու «կայուն կառավարմանը»:
Բաց մի թողեք
Եվրոպացիները տարակուսած են. Իրանի ճգնաժամի լուծումը պետք է հանգեցնի տարածաշրջանում լարվածության թուլացմանը. G7. Տեսանյութ
Մեծ Յոթնյակի՝ G7 գագաթնաժողովը սկսվել է լարված, Թրամփը խուսափում է խմբային հանդիպումներից, գերադասում է երկկողմանի ձևաչափը
Ստեղծված իրավիճակում ինչ կարող են անել Հնդկաստանն ու Հայաստանը