Հայաստանի ԱԳ նախարարը, խորհրդարանում խոսելով լարվածության ռիսկի մասին, ասել է, որ քանի դեռ հայ-ադրբեջանական պայմանագիրը ստորագրված չէ, քանի դեռ ձեռքսեղմում եղած չէ, էսկալացիայի ռիսկ միշտ էլ կա:
Արարատ Միրզոյանն, իհարկե, իրավացի է, բայց մասամբ: Մասամբ, որովհետև էսկալացիայի ռիսկ լինելու է նույնիսկ խաղաղության պայմանագիր ասվածը ստորագրելուց և ձեռքսեղմումից հետո:
Երևի, քչերն են այնպիսի ձեռքսեղմումներ ունեցել, ինչպես Էրդողանն ու Սիրիայի նախկին նախագահ Ասադը, բայց Էրդողանը րոպե, իսկ չվարանեց, երբ առաջացավ Սիրիայի տարածք օկուպացնելու հնարավորություն:
Իսկ Իլհամ Ալիևն այդ իմաստով ոչ միայն Էրդողանից տարբեր չէ, այլ թերևս հենց այդ առումով է առավել «կրտսեր եղբայր» կամ «քաղաքական հոգեզավակ»:
Հետևաբար, պայմանագրի ստորագրումն ու ձեռքսեղմումը, իհարկե, էսկալացիայի զսպման գործուն մեխանիզմ չէ, առավել ևս, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը չի լուծում երկու առանցքային ուղղության հետ կապված հարցեր՝ սահմանազատում ու սահմանագծում և ճանապարհների ապաշրջափակում:
Ավելին, Ադրբեջանը ոչ միայն մտադիր չէ հրաժարվել այսպես կոչված՝ «ադրբեջանցիների վերադարձի» օրակարգից, այլ ավելի ուժգին է այն մղում առաջ, ընդհուպ պետական բարձր մակարդակով: Անշուշտ, Արարատ Միրզոյանը հազիվ թե ունենա այդքան դյուրահավատ լինելու միամտություն: Երևանն, իհարկե, ունի երկու խնդիր:
Մեկն այն է, որ պայմանագրի ստորագրումը կարևոր է ընտրությանը «խաղաղության օրակարգի» արդյունք ներկայացնելու համար՝ մոտիվացնելով սեփական ընտրազանգվածին, իսկ մյուսը՝ Երևանը համարում է, որ թեկուզ փոքր և նույնիսկ չերաշխավորված քայլերով շարժվելով առաջ, հնարավոր է, այդուհանդերձ, բարձրացնել էսկալացիայի ռիսկերի զսպման աստիճանը:
Այստեղ, իհարկե, կա տրամաբանություն, սակայն դրա հակառակ կողմում այն է, որ այդ առաջ քայլերը մինչ այժմ, կարծես թե, հաջողվում են միայն այն պարագայում, երբ Երևանը թույլ է տալիս առաջ գալ ադրբեջանական նարատիվներին և աղաքական պայմաններին:
Ընդ որում, այդ հանգամանքը խորհրդարանում ակամա խոստովանել է նաև Միրզոյանը, ասելով, որ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու կետերին Երևանն ի վերջո համաձայնել է, քանի որ համարել է, որ չհամաձայնելու շարունակման դեպքում կարող է մշուշոտ դառնալ նաև մյուս կետերի համաձայնեցումը:
Այլ կերպ ասած, Երևանը հայ-ադրբեջանական գործընթացում առաջ է շարժվում իր մարտկոցի հաշվին, ինչը նշանակում է, որ որքան շարժվում է առաջ, այնքան նվազում է մարտկոցի «լիցքը»: Մինչդեռ առանցքային հարցերին դեռ կա երկար ճանապարհ:
Բաց մի թողեք
Նախկինի ու ներկայի «փոխօգնության» հերթական մի դրվագ
«Լիուլի բավարար» է այն խեղճությունն ու ենթակայությունը, որ առկա է քաղաքական իշխանության խոսույթում
Փաշինյանի երջանկությունը, որ ավելի շատ դժվախտության է նման