Ռուսաստանի Դաշնության պետդումայի խոսնակ Վոլոդինը նամակ է հղել Բունդեսթագի նախագահ Կլյոկներին և բողոք հայտնել, որ Գերմանիան Ուկրաինային ծանր սպառազինություններ է մատակարարում, ինչպես նաև նպաստում նրա ռազմաարդյունաբերական համալիրի արդիականացմանը:
Ավելի վաղ Գերմանիայի պաշտպանության նախարար Պիստուրիստն ասել է, որ առաջիկա շաբաթներին Ուկրաինան կունենա տեղում Գերմանիայի աջակցությամբ արտադրված հեռահար զինատեսակներ:
Պետդումայի խոսնակ Վոլոդինը զգուշացրել է, որ Գերմանիայի կառավարության այդ քայլերը կարող են բերել ռուս-գերմանական ռազմական առճակատման: «Դա գերմանական ժողովրդին պե՞տք է: Հարցին ես պատասխան չունեմ, բայց կարող եմ ասել, որ մենք ամեն ինչի պատրաստ ենք»,- գրել է Ռուսաստանի Դաշնային ժողովի ստորին պալատի նախագահը, որ նամակը հասցեագրել է նաև Գերմանիայի խորհրդարանի բոլոր հինգ խմբակցություններին:
Այդ առթիվ ավելի կոշտ և ոչ դիվանագիտական լեզվով արտահայտվել է պետդումայի նախկին խոսնակ, «Արդար Ռուսաստան-հանուն հայրենիքի» կուսակցության և համանուն խմբակցության առաջնորդ Միրոնովը:
Նա Գերմանիայի կանցլեր Մերցին խորհուրդ է տվել թարմացնել հիշողությունը և չմոռանալ, թե «Ռայխստագի պատերին ինչ է գրված»: Ռուսաստանցի խորհրդարանականի գնահատմամբ՝ Գերմանիան «ռուսատյաց քաղաքականություն է վարում», երբ Ուկրաինային սպառազինություններ է տրամադրում և դավաճանում իր սկզբունքներին:
«Մենք թույլ չենք տա դավաճանել պատմությանը և մոռանալ (Երկրորդ համաշխարհային) պատերազմի դասերը, քանի որ այն ժամանակ մեր դեմ կռվել է ոչ միայն ֆաշիստական Գերմանիան, այլև ողջ Եվրոպան, բայց մենք հաղթել ենք և դա չենք մոռանա»,- թելեգրամում գրել է Միրոնովը:
Թե պետդումայի խոսնակի, թե «Արդար Ռուսաստան-հանուն հայրենիքի» կուսակցության առաջնորդի նյարդային-սպառնալի ոճը վկայում է, որ Մոսկվայում լրջորեն անհանգստացած են Գերմանիայի կանցլեր Մերցի ԱՄՆ այցից, նախագահ Թրամփի հետ նրա բանակցություններից, որի ընթացքում, խոսելով Եվրոպայում ֆաշիզմի ջախջախումից, ինչպես ՌԻԱ Նովոստի պաշտոնական գործակալությունն է ձևակերպել՝ «կողմերից ոչ մեկն այդ հաղթանակում ԽՍՀՄ բացառիկ ներդրման մասին չի հիշել»:
Վոլոդինի նամակից և Միրոնովի գրառումից կարելի է ենթադրել, որ, հայտնվելով քաղաքական փակուղու մեջ, Վլադիմիր Պուտինը ձգտում է ռուս-ուկրաինական պատերազմի «ջերմաստիճանը բարձրացնել»՝ ի դեմս Գերմանիայի Եվրոպային վերագրելով «նեոնացիստական, ռուսատյաց» քաղաքական կողմնորոշում:
Դա, հավանաբար, պատերազմի նոր փուլի քարոզչական նախապատրաստություն է: Թուրքական «Անադոլուի» մեկնաբանն օրերս հավանական է համարել, որ Ռուսաստանը «տակտիկական միջուկային զենք կկիրառի, եթե Ուկրաինայի հետ բանակցություններում չստանա այն, ինչ ներկայացրել է որպես հրադադարի հաստատման նախապայմաններ»:
Հետաքրքրական է, որ այս օրերին Գերմանիայի նախկին կանցլեր Մերկելն Արևելյան Եվրոպայի երկրներում ներկայացնում է իր քաղաքական հուշագրությունը, որ նա անվանել է «Ազատություն»: Չեխիայում հանդիպումներից մեկի ժամանակ Մերկելին կշտամբել են, որ ժամանակին «համագործակցել է Պուտինի հետ»:
Նախկին կանցլերը հակադարձել է, որ 2014 թվականին Ուկրաինան «չափազանց թույլ էր»՝ հասկացնելով, որ իրեն հաջողվել է Ռուսաստանի հարձակումը հետաձգել ութ տարով: Ռուսաստանն, ի դեպ, պնդում է, որ այդ ժամանակն Արևմուտքն օգտագործել է Ուկրաինային պատերազմի պատրաստելու համար:
Մերկելը եվրոպական առաջնորդներին կոչ է արել «համարձակ լինել և պաշտպանել Ուկրաինան»:
Այդուհանդերձ, Գերմանիայի նախկին կանցլերն ընդունել է, որ Ռուսաստանին զսպելու ամենագործուն մեխանիզմը Միացյալ Նահանգներ-Եվրոպա ռազմավարական դաշնակցությունն է, որ նրա կարծիքով կվերականգնվի, եթե «եվրոպացիները հաղթահարեն տարաձայնությունները և միասնական լինեն»:
Գերմանիայի հասցեին Մոսկվայի սպառնալիքները, որ Պուտինը փոխանցել է Վոլոդինի և Միրոնովի անունից, ամենից առաջ Արևելյան Եվրոպայի երկրներին վախեր ներշնչելու համար են: Հունիսի երրորդ տասնաօրյակում նախատեսված է ՆԱՏՕ-ի գագաթաժողով: Բայց Պուտինի սպառնալիքին պատասխան կտրվի՞:
Բաց մի թողեք
Ռուսաստանի լռությունը Բաքվում պարտվողական ու «պերճախոս» է
Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը հաշվարկված է ոչ թե անհրաժեշտ ստորագրություն հավաքելու «միամտությամբ», այլ …
Գերմանիայի կանցլերի ու ԱՄՆ բիզնեսմեն նախագահի դիրքորոշումները չեն համընկնում