Լաչինում Թուրքիայի, Ադրբեջանի նախագահների և Պակիստանի վարչապետի հանդիպումից տասը օր անց տեղի է ունեցել Իլհամ Ալիև-Շահբազ Շարիֆ հեռախոսազրույց, որի ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել բոլոր, այդ թվում՝ ռազմա-պաշտպանական ոլորտում համագործակցության առկա իրավիճակից և զարգացման հեռանկարների շուրջ պատկերացումների ընդհանրությունից:
Ալիև-Շահբազ հեռախոսազրույցից մեկ օր անց Բաքվի իշխանամերձ մամուլը, հղում անելով պակիստանյան աղբյուրներին, հայտնել է, որ Իսլամաբադը և Պեկինը համաձայնության են եկել տարածաշրջանի համար չափազանց կարևորություն ներկայացնող մի հարցում: Չինաստանը ծրագրում է Պակիստանին վաճառել մի քանի տասնյակ J35 ՝ հինգերորդ սերնդի բազմաֆունկցիոնալ կործանիչներ:
Ըստ Բաքվի մամուլի, այդ գործարքը հնարավորություն կտա, որպեսզի Պակիստանը կատարի Ադրբեջանի հետ կնքած համաձայնագիրը և մոտ 40 միավոր J 17 կործանիչներ առաքի: Այդ կարգի ռազմական օդանավի մեկ միավորն արժե 30-35 միլիոն դոլար: Հաշվի առնելով նաև հրթիռների և այլ սպառազինությունների գինը, օդաչուների նախապատրաստման և կործանիչների տեխնիկական սպասարկման ծախսերը, Բաքուն այդ գործարքի համար, ընդհանուր առմամբ կվճարի կամ արդեն իսկ վճարել է ավելի քան 2,2 միլիարդ դոլար:
Ադրբեջանա-պակիստանյան ռազմական գործարքի թիկունքում, այսպիսով, կանգնած է Չինաստանը: Ոչ միայն այն պատճառով, որ Պակիստանը չինական գերժամանակակից կործանիչների դիմաց է Ադրբեջանին մատակարարումներ անում, այլև նրանով, որ J 17 ռազմական օդանավը փաստացի չինական է, Պակիստանում այն ընդամենը հավաքվում է: Եվ Ադրբեջանի ու Պակիստանի միջև նման որակի և ծավալի ռազմական համագործակցություն չէր ձևավորվի, եթե չլիներ Չինաստանի համաձայնությունը:
Այս առումով արժե հիշել նաև համազարկային կրակի բելառուսական «Պոլոնեզ» ռեակտիվ կայանքների հետ կապված պատմությունը, երբ հայտնի դարձավ, որ Բելառուսը Բաքվին միայն արձակման կայանքներ է վաճառել, իսկ հրթիռներ Ադրբեջանն ստացել է Չինաստանից, քանի որ Բելառուսը հրթիռների սեփական արտադրություն չունի: Քառասունչորսօրյա պատերազմում Ադրբեջանը ռազմաճակատի բոլոր ուղղություններում և խաղաղ բնակավայրերի դեմ «Պոլոնեզ» կայանքներն օգտագործել է ամբողջ ծավալով և հեռահարության խորքով:
Ադրբեջանական աղբյուրների վկայությամբ՝ Իլհամ Ալիևը ռազմաօդային ուժերի արդիականացման նախնական ծրագիր ունեցել է Ռուսաստանի հետ՝ նպատակ ունենալով ձեռք բերել չորրորդ սերնդի ՍՈՒ և ՄԻԳ կործանիչներ, բայց ի վերջո նախապատվությունը տվել է «պակիստանյան J17-ին»:
Ըստ երևույթին, այդ որոշումը կայացվել է Ալիևի Պեկին այցի և Չինաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի ոչ հրապարակային պայմանների քննարկման արդյունքում: Չինաստանի կողմից Պակիստանի օդուժի արդիականացումը պայմանավորված է Հնդկաստանի հետ համակասություններով և Ասիա-խաղաղօվկիանոսյան հիպերտարածաշրջանում մրցակցությամբ:
Ի՞նչ դեր է վերապահվում Ադրբեջանին, եթե Պեկինն ակնհայտորեն նպաստում է, որ Բաքուն արդիականացնի սպառազինությունները: Մենք, իհարկե, Բաքվի յուրաքանչյուր քայլի արձագանքում ենք Հայաստանի դեմ նոր պատերազմի նախապատրաստության դիտանկյունից:
Ոչինչ բացառել պետք չէ, բայց մյուս կողմից Ադրբեջանը, կարծես, նախապատրաստվում է խոշոր, առնվազն տարածաշրջանային պատերազմի, որի ուղղակի կամ պրոքսի շահառուներից մեկը, երևում է, Չինաստանը կարող է լինել կամ, թերևս, Չինաստանն է ծրագրավորում:
Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունն «ութ էջանոց վերլուծական «Տեղեկանք» է ներկայացրել նախագահ Պուտինին, որի ընդհանուր եզրակացությունը մեկն է: Չինաստանը Հեռավոր Արևելքի և Սիբիրի նկատմամբ տարածքային ակնհայտ հավակնություններ ունի»:
Բաց մի թողեք
Գերմանիայի հասցեին Մոսկվայի սպառնալիքները Արևելյան Եվրոպայի երկրներին վախեր ներշնչելու համար են
Ռուսաստանի լռությունը Բաքվում պարտվողական ու «պերճախոս» է
Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը հաշվարկված է ոչ թե անհրաժեշտ ստորագրություն հավաքելու «միամտությամբ», այլ …