12/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Ապահովագրական ընկերությունները հրաժարվում են սպասարկել քաղծառայողներին

Քաղծառայողները, որոնք ամեն ամիս պարտաճանաչ վճարում են առողջության ապահովագրության համար, անսպասելի պարզել են, որ չեն կարողանում բուժօգնություն ստանալ իրենց վճարած գումարների դիմաց:

Հրապարակ թերթը գրել է․ Մեզ ահազանգած քաղաքացին պատմեց, որ դիմել է ապահովագրական ընկերությանը, սակայն վերջինս հրաժարվել է նրան սպասարկել՝ ասելով, թե արդեն 4 ամիս է՝ պետությունից ապահովագրության համար գումար չի ստացել:

Պարզվում է՝ առողջապահության նախարարությունը դեռ անցյալ տարվանից էր պարտք մնացել ապահովագրական ընկերություններին: 2024 թվականի համար ընդհանուր պարտքը կազմել է մոտ 900 մլն դրամ: Ահա ինչու ապահովագրական ընկերությունների հետ նոր պայմանագրերի կնքումն ուշանում էր: Մեր աղբյուրը հայտնում է, որ հարցը քննարկվել է կառավարությունում: Պարտքի մի մասը՝ մոտ 700 մլն դրամը, մեր տվյալներով, հատկացվել է, սակայն այդ գումարները հասել են ապահովագրական ընկերություններին, թե ոչ՝ հայտնի չէ: Մայիսին` նախկին պարտքը դեռ չվճարած, ապահովագրական ընկերությունների հետ նոր պայմանագրեր են կնքվել` 2025 թվականի համար:

Այս տեղեկությունները փորձեցինք ճշտել  առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Սամվել Խարազյանից: Նա ասաց, որ այս պահի դրությամբ նախարարությունն ընկերություններին պարտք չունի: «Պայմանագիրը կնքվել է, հիմա ընթացքում հայցերն են բավարարվում եւ ֆինանսավորվում, մենք ոչ մի խնդիր չունենք ապահովագրական ընկերությունների հետ»,- ասաց նա: Ավելի մանրամասն տեղեկություններ հրաժարվեց տալ՝ հորդորելով մերժված քաղաքացուն՝ դիմել նախարարություն: «Բոլոր ներկայացված հաշիվների դիմաց ապահովագրական ընկերությունները գումարներն ամբողջությամբ ստացել են»,- կրկնեց Սամվել Խարազյանը: