Իրանա-ամերիկյան «միջուկային» բանակցության նոր ռաունդը տեղի կունենա հունիսի 15-ին՝ Օմանի մայրաքաղաք Մասկատում, ինչպես հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:
Մինչ այդ Իրանի հետախուզության նախարարն արել էր հայտարարություն, որը, ըստ էության, առանց վարանելու հնարավոր է գնահատել սենսացիոն:
Նա հայտարարել է, որ Իրանը կարողացել է հասանելիություն ստանալ և ձեռք բերել Իսրայելի միջուկային ծրագրերի և օբյեկտների, նաև ԱՄՆ ու ԵՄ հետ Իսրայելի հարաբերությանն առնչվող գաղտնի փաստաթղթերի փաթեթ, որը իրանցի նախարարը որակել է «գանձարան»: Նա ասել է, որ դրանք առավել կամրապնդեն Իրանի բանակցային դիրքերը:
Նախօրեին զրույց են ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Իսրայելի վարչապետ Նաթանյահուն՝ քննարկելով Իրանի հետ բանակցության առաջիկա ռաունդը: ԱՄՆ նախագահը, անդրադառնալով Իրանի ուղղությամբ աշխատանքի մասին, նշել է, թե «դժվար է, նրանք հիանալի բանակցողներ են»:
Արդյո՞ք ԱՄՆ նախագահը «դժվարությունը» խոստովանել է հենց այն նկատառումով, որ Իրանը ձեռք է բերել Իսրայելի վերաբերյալ արժեքավոր գաղտնի փաստաթղթեր և այդով ամրացրել իր բանակցային դիրքերը:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահն այդպիսով գուցե նաև զսպում է Իսրայելի վարչապետ Նաթանյահուի անհագ ձգտումը՝ Իրանի հանդեպ ուժային մեթոդաբանության կիրառման ուղղությամբ:
Բոլոր դեպքերում հատկանշական է նաև, որ ԱՄՆ նախագահը փաստացի «հաճոյախոսում» է Իրանի հասցեին՝ նրանց բանակցային կարողության առումով: Նաթանյահուն Մերձավոր Արևելքում իրադարձությունների այսպես ասած ոչ ուժային ծավալումը դիտարկում է թերևս իր քաղաքական հեռանկարների համար ամենաանբարենպաստ սցենարը:
Մյուս կողմից, սակայն, եթե ԱՄՆ Մերձավոր Արևելքի հարցում որդեգրի ուժային քաղաքականություն, ապա դա կարող է խիստ անբարենպաստ սցենարի վերածվել ԱՄՆ նախագահ Թրամփի համար:
Այդ համատեքստում, Թրամփը գուցե նույնիսկ կարող է որոշակի գոհունակություն ունենալ այն հետախուզական տվյալների ձեռքբերման համատեքստում, որ ունի Իրանը Իսրայելի նկատմամբ: Իրանին այդպիսի արժեքավոր փաթեթին հասանելիություն թույլ տալը Թրամփին կարող է լրացուցիչ փաստարկներ տալ Նաթանյահուի հանդեպ, որի կառավարությունը փաստորեն չի կարողացել ապահովել գաղտնի փաստաթղթերի բավարար անվտանգություն:
Իհարկե, թերևս վաղ է խոսել Իրանի շուրջ իրավիճակի շրջադարձի մասին, բայց հնարավոր է, որ այն անցնում է կրիտիկական կետը:
Բաց մի թողեք
Ադրբեջանը պատրաստվել է 2025-ին, Հայաստանը իրավունք չունի «սպասել»
Իսրայելն արդեն հարվածում է՝ ինչ սպասել մեր տարածաշրջանում
ԱՄՆ – Իրան հարաբերություններում մտադիր է Իրանի հետ բանակցային գործընթացում թույլ չտալ «ֆալստարտ»