13/06/2025

Ինչ էր բանակցում Ալիևը, ինչպես հասավ միայն իր համար ցանկալի արդյունքին

«Հարցը լուծվում է հետևյալ կերպ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշվում էր Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտությամբ, որը ուներ պարտադիր իրավական ուժ և որի օրակարգը ոչնչով չէր սահմանափակվում։

Երկրորդ մենք Ադրբեջանին էինք վերադարձնում յոթ շրջաններից հինգը, խաղաղապահ ուժեր էին գալիս ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշմամբ և կախված նրանից թե ինչպիսի տեմպերով և երբ կորոշվեր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը, կորոշվեր նաև երկու շրջանների ճակատագիրը։

Ես բազմաթիվ անգամներ եմ ասել, որ մեր ցանկությունն է, որ խնդիրը լուծվի, դուք ինձնից երբևէ լսե՞լ եք արդյոք ոչ մի թիզականության հետ կապված որևէ գաղափար», լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի պատմությանը:

Սերժ Սարգսյանը իրավացի է՝ թե նա, թե Հայաստանի որևէ նախկին նախագահ չի ներկայացել «ոչմիթիզական» դիրքերից: Բայց, այդուհանդերձ, առանցքային հարցը դա չէ, այլ այն, թե ինչու՞ չէր ստացվում այն լուծումը, որի մասին խոսում էր Սերժ Սարգսյանը:

Չէ՞ որ նա ինքն է հայտարարել, որ 2011 թվականին Կազան էր մեկնել փաստաթուղթը ստորագրելու, բայց Ադրբեջանի նախագահը եկել է նոր պայմաններով:

Ի՞նչը պետք է Ադրբեջանին ստիպեր համաձայնել որևէ լուծման: Շատ է խոսվում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը պետք է համաձայներ 2019-ի առաջարկին: Այդ խոսույթը, ընդ որում, խթանել է Նիկոլ Փաշինյանն ինքը, ասելով, թե այդ դեպքում կլիներ նույնը, ինչ պատերազմում, բայց առանց զոհերի:

Այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը չափելի չէ, որովհետև հնարավոր չէ ստույգ ասել՝ իսկ չէ՞ր լինի ինչպես Կազանում, երբ Փաշինյանը կընդուներ առաջարկը, իսկ Ալիևը առաջ կքաշեր լրացուցիչ պայմաններ: Ամբողջ հարցն այն է, որ միջազգային իրավիճակը շարժվում էր մի ուղղությամբ, երբ Ադրբեջանը ամենեւին չէր ենթարկվում այսպես ասած եղածը կորցնելու ռիսկի, հետեւաբար խաղում էր խաղադրույքը բարձրացնելու վրա:

Ադրբեջանը Իլհամ Ալիևի պաշտոնամուտից հետո ակտիվորեն աշխատել է խաղադրույքը բարձրացնելու ռեժիմում:

Սա բավականին նկատելի փաստ է: Դրան նպաստել է միջազգային իրավիճակը, որը ընթանում էր դեպի համաշխարհային դիմակայություն: Ընդ որում, Բաքուն առ այսօր շարժվում է նույն տրամաբանությամբ: Այդ պայմաններում, անցյալում ճշմարտություն փնտրելը հավասարազոր է լինելու «սկյուռի» նման «անիվի» մեջ անվերջ պտտվելուն:

Մինչդեռ, Հայաստանին հարկավոր է պատասխաններ փնտրել այդ անիվից դուրս՝ ներկայում և տեսանելի ապագայում: Անցյալն անշուշտ պետք է արձանագրել մանրակրկիտ, բայց ներկայում ու ապագայում պատասխանները առավել արդյունավետ փնտրելու նպատակով:

Որովհետև անցյալում յուրաքանչյուրն ունենալու է իր ճշմարտությունը, իսկ ներկայում ու ապագայում չկա այդքան շատ ճշմարտությունների տեղ: