13/06/2025

Նախիջևանում մեկնարկել են թուրք – ադրբեջանական նոր զորավարժությունները․ լոկ Հայաստանի հանդեպ ուժի ցուցադրություն են

Նախիջևանում մեկնարկել է թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունը: Բաքուն և Անկարան իրականացնում են տարեկան տասնյակից ավելի տարատեսակ վարժանքներ:

Մտածել, թե դրանք լոկ Հայաստանի հանդեպ ուժի ցուցադրություն են, թերևս կլինի մակերեսային: Իհարկե, Բաքուն ու Անկարան ունեն այդ մոտիվը ևս, բայց դրա համար հաստատապես չունեն հաճախակի վարժանքների կարիք:

Հայաստանը հազիվ թե կասկածի տակ դնի ուժերի անբարենպաստ բալանսը և դրանից բխող ռիսկերը: Թուրք-ադրբեջանական հաճախակի զորավարժությունները, թերևս, ավելի լայն պրոցեսների հանդեպ դիրքավորում են, ինչը, իհարկե, Հայաստանի համար պարունակում է մտահոգության ուրույն և ոչ պակաս լուրջ ասպեկտ:

ԱՄՆ պաշտպանության նախարար Հեգսեթը Կոնգրեսում լսումների ժամանակ հայտարարել է, որ Եվրոպան ինքը պետք է ապահովի իր անվտանգությունն ու զսպի Ռուսաստանին, ունենալով դրա տնտեսական ներուժը, իսկ ԱՄՆ իր ռեսուրսները պետք է կենտրոնացնի հնդխաղաղօվկիանոսյան ռեգիոնում:

Այլ կերպ ասած, ԱՄՆ առաջնահերթություն է դիտարկում ոչ թե Եվրոպայի անվտանգությունն ու Ռուսաստանի զսպումը, այլ՝ Չինաստանի զսպումը, Ռուսաստանը թողնելով Եվրոպային: Եվրոպան տնտեսական ներուժ ունի, բայց խնդիրը քաղաքականն է, այն իմաստով, որ եվրոպական մոնոլիտը այս ընթացքում տվել է ճաքեր, ու դրանք կարող են շարունակվել:

Խնդիրն այն է, որ, եթե ԱՄՆ այսպես ասած հանում է իրեն Եվրոպական անվտանգության հովանոցի դերից, բնականաբար դրանով կարող է նվազել նաև այն զսպող դերը, որ ԱՄՆ գործադրել է Եվրոպայում որոշակի հավաքականություն ապահովելու համար:

Ավելին, ԱՄՆ կարող է գերադասել «հեռվից» խաղալ եվրոպական տարաձայնությունների վրա, այդպիսով՝ նվազ պատասխանատվություն Եվրոպայի համար և զգալի ազդեցություն՝ եվրոպական պահպանողականներին հեռավար աջակցության և նրանց հավակնությունները խթանելու իմաստով:

Առանցքային հարցն, իհարկե, դա չէ, այլ եվրոպական անվտանգության ճարտարապետության շրջանակը: Կովկասը, թերևս, անխուսափելիորեն լինելու է դրա առնվազն ազդեցության գոտում, եթե ոչ անմիջականորեն ճարտարապետական կառուցվածքում:

Իսկ սա նոր մարտահրավեր է, քանի որ այս հարցում առավելագույնս ակտիվ են լինելու Թուրքիան ու Ադրբեջանը: Ըստ էության, Բաքուն ու Անկարան արդեն այժմ թերևս Բրյուսելի հետ քննարկում են նաև այս հարցը՝ Կովկասի ու եվրոպական անվտանգության համակարգի հարաբերակցության հարցը, հավակնելով Կովկասում լինել վճռորոշ գործոն: Հայաստանն այստեղ ինքնին անկարող է ունենալ այլընտրանքային բովանդակություն, լինելով լայն համատեքստի համար հետաքրքիր:

Հայաստանից պահանջվողը լինելու է բազմակողմ բովանդակային կառուցվածք, որը կարող է մրցունակ լինել այն տրամաբանությանը, որ Եվրոպային ներկայացնում են Ադրբեջանն ու Թուրքիան: