«Ընդհակառակը, արևմտականների հիմնական նպատակն է խարխլել իրավիճակը տարածաշրջանում, ստեղծել լարվածության նոր օջախներ: Հուսով ենք՝ և՛ Բաքվում, և՛ Երևանում հավասարապես հասկանում են այս հարցում մեր հիմնավորված մտահոգությունը և լիարժեք գիտակցում ագրեսիվ ռազմական դաշինքների հետ համագործակցության խորացման ռիսկերը»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ՆԱՏՕ-ի հետ հարաբերությանը:
ՌԴ ԱԳՆ խոսնակն ինքը, թերևս, լիարժեք գիտակցում է, որ Երևանն ու Բաքուն ունեն ՆԱՏՕ հետ գործակցության լիովին տարբեր աստիճաններ ու տրամաբանություն: Եթե Հայաստանը խորացնում է եվրաատլանտյան դաշինքի հետ գործընկերությունը, կամ համենայն դեպս առաջնորդվում գործընկերային օրակարգով՝ այդ թվում՝ Հայաստանի անվտանգության համակարգի արդիականացման հարցում ՆԱՏՕ կարևոր փորձառությունը օգտագործելու համար, ապա Ադրբեջանը, ըստ էության վերածվել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ դե ֆակտո պլացդարմի, եթե հաշվի առնենք այն, որ Բաքուն ռազմա-քաղաքական դաշինքի մեջ է ՆԱՏՕ անդամ պետության՝ Թուրքիայի հետ, Ադրբեջանում կա թուրքական ռազմական ներկայություն, որը ՆԱՏՕ բարձրաստիճան պաշտոնյաները դիտարկում են նաև դաշինքի հետ հաղորդակցության կարևոր մեխանիզմ:
Այլ կերպ ասած, Ադրբեջանը ՆԱՏՕ-ին վաղուց բերել է ռեգիոն՝ նվազագույնը ի դեմս Թուրքիայի, իսկ Ռուսաստանը ոչ միայն ընդունել է այդ փաստը, այլ գործնականում կառուցել նոր իրավիճակի հանդեպ իր լոյալ դիրքորոշումն ու հարաբերությունը:
Ադրբեջանը ՆԱՏՕ-ն բերելով ռեգիոն ոչ միայն չի զգացել դրա որևէ հետևանք, այլ, ըստ էության, դարձել է նաև Ռուսաստանի դաշնակից՝ թվականի փետրվարին ստորագրելով դաշնակցային հռչակագիր Կրեմլում, Ուկրաինայի հանդեպ ՌԴ ռազմական գործողությունների մեկնարկից երկու օր առաջ:
Ըստ էության ստացվում է, որ ՆԱՏՕ հետ հարաբերության բազմաշերտ խորացման դիմաց Ադրբեջանին Ռուսաստանը «շնորհել» է դաշնակցի կարգավիճակ: Իհարկե, խորքային առումով պատկերը շատ ավելի բարդ է, բայց ակնառու ու պարզ է մի բան, որ ՆԱՏՕ հետ Երեւանի ու Բաքվի հարաբերությունները բացարձակապես նույնաբնույթ և միևնույն կառուցվածքն ունեցող չեն, հետևաբար ՌԴ ԱԳՆ խոսնակը հավասարության նշան դնում է թերևս այն անզորությունից դրդված, որ Մոսկվան ունի Ադրբեջանի քաղաքականության հանդեպ:
Բաց մի թողեք
Ադրբեջանը զորավարժությունների պոլիգոն, այս անգամ ՀԱՊԿ-ի
Ինչ էր բանակցում Ալիևը, ինչպես հասավ միայն իր համար ցանկալի արդյունքին
Պակիստանը 40 կործանիչ է մատակարարելու Ադրբեջանին. Թուրքիա – Պակիստան «պատի» արդյունքը