20/06/2025

Կապ չունի՝ խոսքը Եկեղեցու՞, թե՞ գործարարի նկատմամբ «քաղաքական հալածանքների» մասին է

Երեկ դատարանը կայացրել է գործարար, բարեգործ Սամվել Կարապետյանին երկամսյա կալանքի ենթարկելու վճիռ: Քաղաքական առումով կարելի է առանձնացնել հետևյալ հարցերը. ինչու՞ է կազմակերպվել նրա հետ հարցազրույց, Կարապետյանն ինչո՞ւ է դիտարկել Հայաստանում իշխանափոխության անհրաժեշտությունը:

Իրավական տեսանկյունից, երևի, պետք է պարզվի, թե «մենք» ասելիս նա ու՞մ է նկատի ունեցել, եթե քաղաքական ընդդիմությանը մի կողմ է թողնում, և արդյոք «մեր ձևով կանենք» արտահայտությունն «իշխանազավթման կո՞չ է»:

Հայաստանում, սակայն, որոշակի շրջանակներ հակված են երևույթը գնահատել կոնպիրալոգիական մի քանի վարկածներով, որոնցից մեկի համաձայն՝ Սամվել Կարապետյանը Մոսկվայում հայտնի միլիարդատեր, ծագումով Ադրբեջանից Գոդ Նիսանովի «մրցակիցն է, և նրա կալանավորումը տեղի է ունեցել Իլհամ Ալիևի պահանջով»:

Գոդ Նիսանովը հուդայադավան թաթ է կամ ինչպես Ադրբեջանում են ասում՝ լեռնական հրեա: Ծնվել է Ղուբայի շրջանի Կրասնայա սլոբոդա ավանում: Խորհրդային շրջանում նրա հայրը՝ Սեմյոն Նիսանովը, երկար տարիներ զբաղեցրել է «Շահդաղ» պահածոների գործարանի տնօրենի պաշտոնը: Մոսկվայում հայր և որդի Նիսանովները միասին են ձեռնարկատիրական գործունեություն սկսել:

Բաց աղբյուրների տեղեկություններով՝ Գոդ Նիսանովի ձեռնարկատիրական գործունեությունը ծաղկում է ապրել Ռուսաստանի նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի ընտրվելուց հետո: Մինչ այդ Նիսանովը վստահելի հարաբերությունն էր հաստատել Իլհամ Ռահիմովի հետ: Վերջինս Լենինգրադի պետական համալսարանում Պուտինի դասընկերն է եղել, նրա մերձավոր շրջապատի անձ է:

Իլհամ Ռահիմովի անունը մամուլում շրջանառվել է Գուրգեն Մարգարյանի սպանության համար ցմահ դատապարտված Ռամիլ Սաֆարովին հունգարական բանտից Բաքու տեղափոխելու աղմկահարույց պատմության շրջանակներում:

Ըստ այդմ, հենց նա է Վլադիմիր Պուտինին համոզել, որպեսզի Հունգարիայի վարչապետ Օրբանին միջնորդի՝ կատարելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խնդրանքը: Ժամանակին ադրբեջանական վտարանդիության աղբյուրները նույնիսկ գրել են, որ գործարքն «արժեցել է երեք միլիարդ դոլար»:

Քառասունչորսօրյա պատերազմի շրջանում տարածվել է մի տեսանյութ, որ պատկերում է Գոդ Նիսանովի առանձնատանը Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի «հանգիստը»:

Ադրբեջանական աղբյուրները նաև տեղեկացրել են, որ Նարիշկինի դուստրն Իլհամ Ալիևի ավագ դստեր մտերիմ ընկերուհին է: Այլ մանրամասնություններ, բնականաբար, չեն տարածվում, բայց անգամ նշվածները բավարար են, որպեսզի համոզվենք, որ գործարար աշխարհում իր մրցակցին «անկյուն քշելու» համար Գոդ Նիսանովն Իլհամ Ալիևի օգնության կարիքը չունի, հարցերը կարող է լուծել վաղեմի բարեկամ Իլհամ Ռահիմովի կամ հենց Նարիշկինի միջոցով:

Ոչ ոք, իհարկե, չի կարող մարդուն զրկել տեղեկություններ հայթայթելու և տարածելու իրավունքից, բայց հայկական «թափառիկ սյուժենրը» վերածվում են եթե ոչ պետական, ապա առնվազն՝ հանրային սպառնալիքի, որովհետև ոչ բոլորը ժամանակ և ցանկություն ունենա՝ ծանոթանալու Գոդ Նիսանովի մասին բաց աղբյուրների հայտնած տեղեկություններին, շատ քչերն են կարողանում համացանցային «սարդոստայնում» կողմնորոշվել, երկու-երեք լուրը համադրել, բաղդատել և մի եզրակացության հանգել:

Միջին-վիճակագրական օգտատերը սոցիալական մեդիայում տարածված վարկածն ընդունում է որպես անհերքելի ճշմարտության:

Տեղեկատվական նման հնարք օգտագործողներն, անշուշտ, հետապնդում են Նիկոլ Փաշինյանին որպես Իլհամ Ալիևի «կամակատար» ներկայացնելու, նրա դեմ հանրային ատելություն բորբոքելու նպատակ: Քաղաքականության մեջ դա տարածված տեխնոլոգիա է, բայց պետք է նկատի ունենալ, որ մյուս կողմից այդ «թափառիկ սյուժեները» հանրության որոշակի խավերի մոտ սնուցում են Ադրբեջանի նախագահի «ամենազորության», պետական և ազգային «անզորության, դատապարտվածության» ընկալում:

Ստացվում է, որ եթե այդ ամենը նույնիսկ ամենաբարի և ազնիվ մղումներով է արվում, միևնույն է՝ արդյունքը Հայաստանի, նրա պետականության և ազգային իմունիտետի դեմ է: Կապ չունի՝ խոսքը Եկեղեցու՞, թե՞ գործարարի նկատմամբ «քաղաքական հալածանքների» մասին է: