«Թքած ունեմ ձեր վրա էլ, ձեր ՀԷՑ-ի վրա էլ»։ Սա ռուսաստանցի գործարար «Կալուգայի Սամո»-ի (նույն ինքը՝ «Տաշիր Սամո») թերևս առաջին, մասսայական «քաղաքական» հայտարարությունն է, որը վերջինս արեց նախօրեին՝ բերման ենթարկվելիս, չմոռանալով իրեն երկրպագելու եկածներին հորդորել՝ «սրանց դաս կտաք»։
«Դաս տալու» կոչ արած մեծահարուստը, նկատենք, ժամեր առաջ մեկ այլ հայտարարություն էր արել և եկեղեցապաշտպանի դերի մեջ մտած սպառնացել՝ «եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։
Նախ, ինչպես կասեր Կարապետյանին «հատուկ հանձնարարությամբ» ՀՀ գործուղած երկրի ղեկավարը՝ Վլադիմիր Պուտինը, «եկեք առանձնացնենք կոտլետները ճանճերից» և եկեղեցու անունը հոլովելով էժանագին սպեկուլյացիայով զբաղվողների համար ևս մեկ անգամ արձանագրենք՝ ՀՀ իշխանությունը, որին, ի դեպ, Կարապետյանը «փոքրիկ խմբակ» է անվանել, եկեղեցու դեմ որևէ արշավ, ապստամբություն, ասպատակություն, ավարառություն կամ այլ՝ բարբարոսական ակտ չի իրականացնում։
Ընդհակառակը, եկեղեցին, որպես ինստիտուտ և ազգային կառույց, պաշտպանում է եկեղեցական օրենքները, կանոնագիրքը խախտողներից՝ բարձրացնելով կուսակրոնության ուխտը խախտած ու այսպիսով հայ եկեղեցու բազմադարյա ավանդույթներն անարգած հոգևորականների հեռացման հարցը։
Այս տարրական բանը, հուսանք, հասկանալու, ընկալելու համար «Ֆորբս»-ի ցուցակում հայտնված Սամվել Կարապետյանն ու նրա համախոհները բավականաչափ մտավոր կարողություններ ունեն։
Դառնանք «մենք մեր ձևերով»-ին. թե հատկապես ի՞նչ նկատի ուներ Կարապետյանը և «ձևերից» հատկապես ո՞ր մեկը, թե ովքե՞ր էին ներառված իր ասած այդ «մենք»-ում՝ ինքն ու, ըստ լուրերի, իր հետ ՌԴ-ից ՀՀ ժամանած «գողական» շրջանակնե՞րը, ՌԴ-ի կրեմլամերձ հասարակական-քաղաքական՝ մարգոսիմոնյանական «կուտո՞կը», թե՞ այլ կոնտինգենտ, ասել չենք կարող։ Սա պարզելը իրավապահների տիրույթում է։
Մեր խնդիրն, արդ, արձանագրելն է, որ եթե անգամ «մենք մեր ձևերով» հարց լուծելու մասին հոխորտացող, ՌԴ-ում աճած-բարգավաճած հայազգի գործարարը «թքած ունի» ՀԷՑ-ի և դրա վատ աշխատանքի հետևանքները քաշող շահառուների վրա, հեչ էլ թքած չունի ՀՀ-ում իշխանություն վերցնելու (նորեն իր իմացած ձևերով) հեռանկարի վրա։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը ՀՀ քաղաքական կյանքին իր առաջին, թերևս «ամենագործուն» մասնակցությունը, ավելի ճիշտ՝ միջամտությունն ունեցավ տարիներ առաջ, այսպես կոչված՝ բուրժուադեմոկրատական հեղափոխության տապալումից հետո՝ «հաշտարարի» դեր կատարելով Սերժ Սարգսյանի և նրա իշխանությունը հեռացնելու համար փողոց դուրս եկած Գագիկ Ծառուկյանի միջև։
Հիշեցնենք, որ 10 տարի առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր «հեղափոխական գործընկերների» հետ փորձում էր հեռացնել Սերժ Սարգսյանի, իր ձևակերպմամբ՝ «չարիքի իշխանությունն» ու վերջինիս հեռացմամբ փակել հայոց պատմության «անփառունակ և ամոթալի էջը»։
Ծառուկյանին ու նրա բուժուադեմոկրատական մյուս գործընկերներին, իհարկե, չհաջողվեց հասնել իրենց մուրազին, այդ ինքը՝ Ծառուկյանը, ենթարկվեց «չարիքացման»՝ միաժամանակ ենթարկվելով հարկային տեռորի ու ամենադաժանը՝ ստորացման Սարգսյանի թիմակիցների կողմից։
Հենց այս ամենից հետո է, որ զգացվեց Սամվել Կարապետյանի «շնորհքի» կարիքը, որն էլ եկավ ու քաղաքականության տնազով զբաղվող երկու սուբյեկտների «բազառը ջրեց» (ներողություն ենք խնդրում ընթերցողից գողալեզու տերմինների համար)։
Նույն Սամվել Կարապետյանը, հիշեցնենք, 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո երկրում ստեղծված պայթյունավտանգ շրջափուլում՝ դեկտեմբերի 4-ին, հանդես եկավ ոչ թե հաշտարարի, այլ խռովարարի առաքելությամբ՝ իշխանության «անարյուն փոխանցման կոչով»։
«Ստիպված ենք արձանագրել, որ Հայաստանում գործող կառավարությունը չկարողացավ կառավարել հայկական պետականությունը: Այն չկարողացավ կատարել իր ամենակարևոր պարտականություններից մեկը՝ ապահովել հայկական բանակի մարտունակությունը և Արցախի ժողովրդի անվտանգությունը: Նրա վարած ներքին և արտաքին քաղաքականությունը սխալ էր և աղետի հանգեցրեց:
Այս աղետի մասշտաբները մի քանի անգամ ավելի մեծ կլինեին, եթե չլինեին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդական ջանքերը, բացառապես որոնց շնորհիվ հաջողվեց դադարեցնել պատերազմը և պահպանել Արցախը»,-Պուտին էր «քոքել» «Կալուգայի Սամոն» ու հավելել. «Մենք բոլորս և առաջին հերթին հենց ինքը՝ ներկայիս կառավարությունը, պետք է խոստովանենք, որ մի շարք պատճառներով վարչապետ Փաշինյանն ու ներկայիս կառավարությունն այլևս ի վիճակի չեն հայ հասարակության էներգիան դնել կառուցողական հունի մեջ, համախմբել ժողովրդին և անցնել մեր առջև կանգնած լուրջ խնդիրների լուծմանը: Այս իրավիճակից միայն մեկ ճիշտ ելք կա՝ անարյուն իշխանափոխություն: Վարչապետի և կառավարության անհապաղ հրաժարական, նախարարների անցումային կաբինետի ձևավորում և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, որոնց ժամանակ Հայաստանի քաղաքացիները նոր իշխանություն կընտրեն»:
Նրա այս հայտարարությունից մի օր անց «Հայրենիքի փրկության շարժում»-ը՝ մոտ երկու տասնյակ կուսակցությունների ներգրավմամբ, այդ թվում՝ Ծառուկյանի, ՀՅԴ-ի, ՀՀԿ-ի գործուն մասնակցությամբ, հայտարարեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով շուրջօրյա խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնելու մասին։ Հատկանշական է, որ երկու կաթողիկոսները նույնպես՝ Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն, ևս միացան Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Գարեգին Բ-ն, որի պաշտպանությունն էլ այսօր ստանձնել է Կարապետյանը, իր ուղերձում մասնավորապես հորդորել էր վարչապետին վայր դնել լիազորությունները՝ «կանխելու համար հասարակական կյանքում ցնցումները, նաև հնարավոր բախումներն ու ողբերգական հետևանքները»։ Իհարկե, «ողբերգական հետևանքներ» կանխատեսում, եթե չասենք՝ թախանձում էին բոլորը, ովքեր տենչում էին օրվա իշխանության հեռացումը, սակայն 2018-ին հօգուտ քրեաօլիգարխիայի ու նրանց ռուսաստանյան «ախպերության» հեռացման հեղափոխություն արած ժողովուրդը չտրվեց սադրանքներին, «ողբերգություն», ինչպիսին կանխատեսում էին սամվելկարապետյաններն ու կաթողիկոսները, տեղի չունեցավ, փոխարենը ողբերգություն տեղի ունեցավ ընդդիմության համար՝ 2021 թ. ընտրությունների արդյունքների տեսքով։ Ինչևէ։
Այսօր էլ եկեղեցին, ռուսաստանյան շրջանակները՝ հայազգի փողատերերի, ՀՀ-ից ծլկած ու հեռուներից ՀՀ իշխանության հասցեին վայրահաչող «փոքրիկ խմբակը»՝ Արշակ Կարապետյան, Միհրան Պողոսյան, Դոն Պիպո՝ Արթուր Ասատրյան, և այլք, հանդես են գալիս համախոհաբար, եթե չասենք՝ «իրար բերան թքած»՝ դեմ լինելով ՀՀ-ում ժողովրդի քվեով ձևավորված իշխանությանն ու փափագելով դրա օր առաջ տապալումը։ Այսինքն՝ նախկին ռեժիմի բարքերի վերադարձը, երբ քաղաքական իշխանությունը, օլիգարխիան ու եկեղեցին սերտաճած էին, «օրթաղ», իրար ջան էին ասում, ջան լսում, վարում ու ցանում օֆշորներում։ Ի դեպ, Սամվել Կարապետյանի փաստաբանը Factor.am-ի հետ զրույցում ի պատասխան հարցի՝ «տեսագրության մեջ Սամվել Կարապետյանն ասում է, որ եթե քաղաքական գործիչները չկարողանան, ինքն իր ձևով է մասնակցելու այս ամեն ինչին։ Ի՞նչ նկատի ուներ, ինչի՞ն էր մասնակցելու, ի՞նչ ձևով էր մասնակցելու», ասել է. «Այդ արտահայտության տակ որևէ միտում չկա, Կարապետյանն այն կարծիքին է, որ դա ընդամենը երկու կողմերի միջև եղել է հաշտության կոչ։ Եթե հաշտության չգան, իր միջոցներով կփորձի երկու կողմերին բերել հաշտության»։ «Այսինքն՝ Սամվել Կարապետյանի նպատակն էր պետությանը և եկեղեցուն հաշտեցնե՞լը»՝ ճշտմանը փաստաբանը պատասխանել է. «Այո՛»։
Տեղին է ասելը՝ «Մկան խաղը մինչև մարագն է»։ Մեզ համար, այսուհանդերձ, մի բան չպարզաբանված է մնում՝ երբ «հաշտարար» Կարապետյանը նախօրեին կոչ էր անում իր աջակիցներին՝ «սրանց դաս կտաք», ի՞նչ նկատի ուներ, ո՞րը պետք է լիներ տրվելիք «դասն» ու ի՞նչ դրսևորում պետք է ունենար։ Թե ինչ դասեր կքաղի վերջին երկու օրերին տեղի ունեցածից Սամվել Կարապետյանը՝ կերևա առաջիկայում։ Նա, հիշեցնենք, դատարանի որոշմամբ կալանավորվել է երկու ամսով։
Հ. Մանուկյան
Բաց մի թողեք
Դոնալդ Թրամփը սպասում է ինչ-որ բանի` Պուտինի ու Ծինփինի առաջարկի՞ն
Քոչարյանի ավագ որդին օժանդակել է Սերժ Սարգսյանին՝ կաշառք ստանալուն․ Դատախազության հայցը դատարանում է
Իրանը կմոռանա՞, թե վատ դաշնակցին «ինչն էր խանգարում»