21/06/2025

Կարող է դրվել ընդհուպ Ադրբեջանում իշխանության փոփոխության կամ «ռեսթարտի» հարց

Ադրբեջանում պատրաաստվում են հիմնել տարածքային պաշտպանության ուժեր, որոնք ըստ մտահղացման՝ պաշտպանելու են իրենց բնակավայրերը: Դրանք գործելու են ռեգուլյար բանակին զուգահեռ:

Ընդ որում, խոսվում է, որ հատկապես էական է լինելու սահմանամերձ բնակավայրերի հարցը: Տարածքային պաշտպանության ուժերի կիրառումը բավականին ակտիվ էր Ուկրաինայում՝ պատերազմի առաջին տարվա ընթացքում:

Ու՞մ հարձակումից է պատրաստվում իր տարածքները պաշտպանել Ադրբեջանը, որը արդեն քանի տարի շեփորում է իր «հզոր բանակի», «երկաթե բռունցքի» մասին, բայց փաստորեն փորձում է ստեղծել տարածքային պաշտպանության ջոկատներ, որոնք պետք է ապահովեն իրենց բնակավայրերի պաշտպանությունը, հատկապես սահմանային բնակավայրերի: Հազիվ թե Ադրբեջանն այդպես պաշտպանվի Հայաստանից կամ Վրաստանից:

Ավելին, նույնիսկ Հայաստանն ու Վրաստանը կարիք ունեն Ադրբեջանից պաշտպանվելու բավականին լուրջ քայլերի, հաշվի առնելով Բաքվի ռեգիոնալ հավակնությունները: Իրանն ու Ռուսաստա՞նն են տարածքային պաշտպանության համակարգի ստեղծման «մոտիվը»:

Հնարավոր է, հատկապես, որ Ալիևը, թերևս, այս ընթացքում ուսումնասիրել է Ուկրաինայի փորձը: Այն, իհարկե, հարաբերական է իր արդյունավետությամբ, բայց ինչ-որ խնդիրներ լուծել այդուհանդերձ կարող է: Բայց ինչու՞ պետք է Ռուսաստանն ու Իրանը գրոհեն Ադրբեջանը:

Այդ ի՞նչ է պատրաստվում անել Բաքուն, որի համար կարիք է լինելու բանակին զուգահեռ ձևավորել նաև տարածքային պաշտպանություն: Բայց, հնարավոր է, որ Իլհամ Ալիևը պատրաստվում է ոչ թե արտաքին որևէ ագրեսիայի, այլ ներքին հեռանկարների:

Տարածքային պաշտպանության ուժերը նրա համար, թերևս, լինելու են հերթական մի ուժային կառույց, որը կծառայի Ալիևի իշխանության պահպանմանը: Նախ, Իլհամ Ալիևը, թերևս, չի վստահում գոյություն ունեցող պետական ուժային կառույցներին և թերևս փորձում է ձևավորել որոշակի «հակակշիռներ»:

Իսկ լայն իմաստով, Ադրբեջանի նախագահը, թերևս, պատրաստվում է նրան, որ իրան-իսրայելական պատերազմից հետո կդրվեն ռեգիոնալ լայն ընդգրկում ունեցող լուրջ հարցադրումներ և, իհարկե կախված պատերազմի այս կամ այն քաղաքական ելքից, կարող է դրվել ընդհուպ Ադրբեջանում իշխանության փոփոխության կամ «ռեսթարտի» հարց, հատկապես, եթե այդուհանդերձ Իսրայելին չհաջողվի Իրանի հարցում հասնել իր նպատակներին:

Իլհամ Ալիևն, անշուշտ, լավ է պատկերացնում, որ Ռուսաստանից Մեհրիբան Ալիևային պարբերաբար շնորհվող մեդալները՝ Պուտինի, կամ Պատրիարք Կիրիլի մակարդակով, ամենևին նրա «գեղեցիկ աչքերի» համար չեն:

Բաքվի մամուլը հաղորդում է, որ հունիսի 20-ին Պետական անվտանգության ծառայությունը հատուկ գործողություն է իրականացրել Գախի շրջանում: Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, շրջանի գործադիր իշխանության ղեկավար Մուսա Շեքիլիևը:

Ադրբեջանում շրջանի և քաղաքների գործադիր իշխանության ղեկավարը նշանակվում և պաշտոնից ազատվում է նախագահի կողմից, հանդիսանում է տվյալ տարածքում նրա լիազոր ներկայացուցիչը:

Ըստ այդմ, Մուսա Շեքիլիևը ձերբակալվել է Իլհամ Ալիեւի ուղղակի ցուցումով: Ի՞նչ է մեղսագրվում Շեքիլիևին՝ հայտնի չէ: Գախի շրջանը ցարական իշխանության վարչա-տարածքային բաժանմամբ Զաքաթալայի օկրուգի մաս է կազմել, խորհրդային տարիներին առանձնացվել է, ապա միացվել Զաքաթալային, վերստին բաժանվել որպես առանձին միավոր: Տեղաշրջանը պատմականորեն հանդիսացել է Կովկասյան Աղվանքի և Վրաստանի «բաժանարարը»:

Ըստ պաշտոնական տվյալների՝ Գախի շրջանի բնակչության 80 տոկոսը կազմում են թուրք-ադրբեջանցիները, 13, 5-ը՝ վրացի –ինգոլոյցիները, Գախում բնակվում են նաև լեզգիներ և ցախուրներ: Շրջանը հյուսիսից սահմանակցում է ՌԴ Դաղստանի ինքնավարությանը, արևմուտքից՝ Վրաստանին:

Ուշագրավ է, որ Գախի շրջանի գործադիր իշխանության ղեկավարը ձերբակալվել է իսրայելա-իրանական պատերազմի պատճառով տարածաշրջանային բարդ իրավիճակում, երբ Ադրբեջանում հրապարակայնացվել է «աշխարհազորային բանակ» կամ «տարածքային պաշտպանության ուժեր» կազմավորելու անհրաժեշտությունը:

Համանման նախաձեռնությամբ տարեսկզբին հանդես է եկել Ղազախստանի նախագահ Տոկաևը, հունիսի սկզբին երկրի Սենատը վավերացրել է համապատասխան օրենքը: Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանում «տարածքային պաշտպանության ուժերի» կազմավորման շուրջ քննարկումները նույն «ծիրի մեջ են»:

Ադրբեջանը հինգերորդ տարին է՝ ցամաքային սահմանները փակ է պահում: Այդ անհրաժեշտությունն Իլհամ Ալիևը հիմնավորել է «արտաքին սպառնալիքները կանխելու անհրաժեշտությամբ»: Ընդհանրական այս բնորոշումից հետևում է, որ Ադրբեջանը զգուշանում է բոլոր հարևաններից, այդ թվում և՝ Ռուսաստանից ու Վրաստանից:

ԽՍՀՄ փլուզման նախօրեին վրաց-ադրբեջանական լարվածություն է առաջացել՝ կապված Զաքաթալայի և հարակից տարածքների պատմական պատկանելիության հետ, ինչին հակակշիռ՝ Ադրբեջանում ստեղծվել է «Բորչալու հայրենակցական միություն» կառույցը, որ իր հերթին ակտուալացրել է Վրաստանի հարավային շրջանների «ադրբեջանապատկանության» հարցը:

Վրաց-ադրբեջանական հարաբերություններում որքանո՞վ է հարթված փոխադարձ պահանջատիրության «կնճիռը»՝ հայտնի չէ: Փոխարենը վերջին ամիսներին ռուսաստանյան որոշ փորձագետներ բացահայտ խոսում են ռուս-ադրբեջանական սահմանազատման և սահմանագծման գործընթացում Մոսկվայի կողմից Բաքվին արված զիջումների մասին: Խոսքը լեզգիաբնակ մի քանի գյուղեր Ադրբեջանին հանձնելու և Սամուր գետը կողմերի միջև բաժանելու մասին է:

Բացառված չէ, որ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և ռուս-ադրբեջանական հարաբերությունների զգալի սառնության համատեքստում Ադրբեջանի հյուսիսային շրջանների էթնիկ փոքրամասնությունները հակված են «անջատողականության»: Գախի շրջանային գործադիր իշխանության ղեկավարի ձերբակալությունը, հավանաբար, կանխարգելիչ քայլ է: