Ադրբեջանցիների մոտ ազգային հոգեբանական բարդույթ է դարձել հայը, նույնիսկ Արցախյան վերջին պատերազմից հետո հոգեբանական այդ կոմպլեքսից չազատվեց:
Եվ զարմանալի էլ չէ, որ Իսրայել–Իրան պատերազմում, որտեղ Ադրբեջանի՝ հակաիրանական ուղիղ մասնակցության մասին խոսում են հարձակման առաջին օրից, միայն ադրբեջանցիները կարող են նստել ու հեքիաթներ հորինել՝ Իրանին դավաճանած հայերի մասին:
Եվ այսպես, Day.az կոչվող ադրբեջանական քարոզչակայքի հեքիթասացներից մեկը՝ ոմն Էլչին Ալիօգլու, Baku Network-ի տնօրենը, մի շատ աղմկահարույց վերնագրով հոդված է գրել՝ «Մոսադի լրտեսական ցանցը. ինչպես իրանահայերը դավաճանեցին Թեհրանին»: Հեղինակը երևի կատարյալ հիմարի տեղ է դրել սեփական ազգակիցներին, որովհետև նույն թյուրքախոս Թեհրանում դավաճան համարում են իրենց զոհերով ուրախացող ադրբեջանցիներին, իսկ իրանահայերը իրանցիների հետ հավասարապես կրում են պատերազմի բոլոր դժվարությունները: Բայց դե սեփական լսարանին պետք է ստերի հերթական դոզայով սնել, իրանցիները չափազանց խելացի են նման ցնորամիտ տեքստերին ուշադրություն դարձնելու համար:
Եվ այսպես, հեքիաթասաց Ալիօգլուն, ով շատ սենտիմենտալ ու պոետիկ ոճով է գրում, նկարագրում է Իսրայելի հարձակման առաջին վայրկյանները.«Երբ Սպահանի երկնքում պայթում էին կրակե գնդերը՝ արագ, անողոք, որոնք կարծես պոկված լինեին կայծակի բովանդակությունից, Իրանը տասնամյակների ընթացքում առաջին անգամ զգաց, թե ինչ տեսք ունի կետային, տեխնոլոգիական պատերազմը»:
Այս ռոմանտիզացված ոճով էլ հեքիաթասաց Ալիօգլուն գրում է, թե ինչպես աննկատ թշնամին ոչ թե սահմանից հարձակվեց, այլ հենց երկրի ներսից, որ դա հիշեցնում էր վիրահատական միջամտություն, և այդ զեղումներից հետո անցնում է իրանահայերին:
«Ներսում գտնվող լրտեսները մոտակայքում էին՝ Թավրիզում, Սպահանում, մայրաքաղաքում, համալսարաններում, լոգիստիկ կենտրոններում, սփյուռքի կառույցներում։ Նրանք մշակութային միջնորդներ էին, մարդասիրական համակարգողներ, «հին քաղաքակրթության» ներկայացուցիչներ և ենթադրաբար զոհ դարձած փոքրամասնություն։ Նրանց խոսքը մեղմ էր, նրանց առաքելությունը թվում էր խաղաղ, բայց հենց սա էր, որ դարձավ զենք։ Քանի որ մինչ հակաօդային պաշտպանության համակարգերը հսկում էին երկինքը, ցամաքային օպերատորները պատրաստում էին թիրախներ։ Մինչ վերլուծաբանները ուսումնասիրում էին Մոսադի գործունեությունը Իրանի հյուսիսային և արևմտյան հատվածներում, Սպահանի հայկական թաղամասերից գալիս էին ազդանշաններ՝ նուրբ, բայց ճշգրիտ»,- գրում է հեքիաթասաց, ավելի ճիշտ` հայաֆոբ Ալիօգլուն:
Ապա շարունակում է, թե հայերի դավաճանության մասին դեռևս ընդունված չէ բարձրաձայնել, այդ մասին լռում են: Սա գրում է երևի թե նորություններին չհետևող, դյուրահավատ հայաֆոբների համար:
Ապա շեշտում է, որ Իրանում դավաճաններ կարող էին լինել միայն հայերը և այդ դավաճանությունը ծնվել է ամեն մի ամեն մի պատի ճեղքում:
Չի մոռանում նաև Հայ առաքելական եկեղեցուն: Եվ իր հայաֆոբական ցասման մեջ նշում է, որ հայ առաքելական եկեղեցին էլ անմասն չէ Մոսադի լրտեսական ցանցին հարելուց, որովհետև մշտապես կապի մեջ է Լոս Անջելեսի ու Փարիզի հայկական թեմերի հետ, իսկ այդ երկու քաղաքներում Մոսադն էլ է ակտիվ գործունեություն ծավալում, հետևաբար ադրբեջանցի հեքիաթասացի կարծիքով, դա պողպատյա փաստարկ է այն մասին, որ իրանահայերն ու հայ առաքելական եկեղեցին Մոսադի գործակալական ցանցի լրտեսներ են: Ինչ խոսք, Իրանի համապատասխան կառույցների աշխատակիցները երևի նոր կողմից սկսեն բացահայտել ադրբեջանցի «գործընկերներին»՝՝ կարդալով ադրբեջանական հայաֆոբ մտքի այս խելագար «գոհարները»:
Սակայն, Ալիօգլուի երևակայությունը այսքանով չի սհամանափակվում, նա նշում է, որ իր պնդումների ամենաերկաթյա ապացույցն այն է, որ ՑԱԽԱԼ-ը Թեհրանում հատկապես թիրախավորել է այն հատվածների կարևոր օբյեկտները, որոնք մոտ են հայկական թաղամասերին, ու հենց հայկական թաղամասերին մոտ հարվածները խոսում են այն մասին, որ իրանահայերը Մոսադի գործակալական ցանցի անդամներ են:
«Աշխարհագրության այս համընկնումները չեն կարող պատահական լինել»,-վստահ գրում է ադրբեջանցի հայաֆոբը:
Վերջում այս «հանճարը» եզրակացնում է, որ Հայաստանը կարող է օգտագործված լինել որպես հակաիրանական թատերաբեմ:
Բաց մի թողեք
ՌԴ համար Հայաստանի «բնակչությունը հայ-լուսավորչական համայնք է, ոչ թե՝ քաղաքականապես ինքնակազմակերպված հանրություն
Թուրքիան հայտարարում է տարածաշրջանում իր առաջնորդության մասին
Հայաստանը՝ Կրեմլի «Մատրյոշկայի» թիրախում․ ցանցը հայտնի է հետխորհրդային տարածքում ապատեղեկատվական հարձակումներով