21/06/2025

Եկեղեցին եւ ժողովուրդը. Ով իրավունք ունի խոսել ժողովրդի անունից

Եկեղեցի-ժողովուրդ անքակտելի կապի մասին բազմաթիվ հատորներ են գրվել: Եկեղեցին մեր ազգային ինքնության կարեւորագույն հենասյուներից է, որը հնուց անտի նշանակալի դերակատարում է ունեցել եւ շարունակում է ունենալ հայ ժողովրդի կյանքում:

Բացառիկ է հատկապես այն ծառայությունը, որ պետականության բացակայության պայմաններում ստանձնել է Եկեղեցին՝ հանդես գալով ե՛ւ որպես պետության որոշակի գործառույթներ իրականացնող հաստատություն, ե՛ւ որպես ժողովրդի հոգեւոր-մշակութային կյանքի կարգավորման ու ազգապահպանության պատվար:

Հայ եկեղեցին եւ հայ ժողովուրդը 17 դար շարունակ քայլել են համընթաց, միահյուսվել, դարձել ներդաշնակ մի ամբողջություն:

Եկեղեցին մարդուն ուղեկցում է նրա ծննդյան 8-րդ օրվանից, երբ կարելի է արդեն մկրտվել, մինչեւ կյանքի վերջը: Եվ երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ Եկեղեցին պետք է վերադարձնեն ժողովրդին, ինչպես 2018-ին իշխանությունն են «վերադարձրել», ծիծաղդ ուղղակի գալիս է:

Նախ՝ Եկեղեցին ժողովրդին վերադարձնելու հարկ չկա, այն միշտ ժողովրդի մեջ է, ավելին՝ նրանք նույնական են: Եվ, երկրորդ, Փաշինյանն էությամբ վերադարձնող տեսակ չէ՝ նա ավելի շուտ վերադարձրածը սպառող է, վատնող է, քոռուփուչ անող է, ինչպես կուզեք՝ անվանեք:

Այդպես վարվեց Արցախի հետ, նույն՝ 2018-ին վերցրած իշխանության հետ, հայկական տարածքների հետ ու այդպես շարունակ՝ մինչեւ այսօր վերադարձնում է: Պատվեր առ պատվեր:

Ընդհանրապես՝ այն, ինչ մայիսի 29-ից ի վեր, ավելի քան երեք շաբաթ, Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) դեմ ամենօրյա պայմանակարգով ձեռնարկում է իշխող քաղաքական ուժը եւ, անձամբ, նրա առաջնորդը, իրականում ոչ թե ինչ-որ բանի վերադարձ է ժողովրդին, այլ՝ ինչ-որ բանի կողոպուտ ժողովրդից: Միգուցե գողոնն առանձնապես նյութական մեծ արժեք չունի, բայց հոգեւոր ու բարոյական առումով շատ ավելին արժե:

Պատահական չէ, որ ժողովուրդը՝ ընդ որում ոչ միայն Հայաստանում, ընդվզում է ընդդեմ ՀԱԵ-ի նկատմամբ իշխանության խայտառակ, չդադարող ոտնձգությունների: Ու պետք չէ ժողովրդի անունն այստեղ հանիրավի խառնել հայտնի «ոխերիմ զույգի» հետ ձեր անմաքուր խաղերին:

Մեծ հաշվով՝ Նիկոլ Փաշինյանը կորցրել է ժողովրդի անունից խոսելու իրավունքը, քանի որ սպառել է (կամ մոտ է սպառելուն) ժողովրդի երբեմնի վստահությունը, ինչի մասին վկայում են տարատեսակ սոցհարցումները, ինչպես նաեւ ՏԻՄ վերջին ընտրությունները Երեւանում, Գյումրիում, Փարաքարում եւ այլուր:

Ժողովրդի անունից խոսելու բացառիկ իրավունքն այժմ անցել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, որի վարկանիշն անգամներով բարձր է:

Սա եւս մեկ ավելորդ անգամ հաստատվեց հունիսի 10-ին՝ «Զվարթնոց» օդանավակայանում, երբ հարյուրավոր,- եթե ոչ հազարավոր,- մարդիկ էին կեսգիշերին հավաքվել ԱՄԷ-ից ժամանող Վեհափառ Հայրապետին դիմավորելու եւ ՀԱԵ-ին իրենց զորակցությունը ցույց տալու համար:

Հայ ժողովուրդը քրիստոնեական իր հավատքին ու ՀԱԵ-ին իր նվիրվածությունը քանիցս ապացուցել է գործով, անձնական վարքուբարքով եւ առանց որեւէ մեկի՝ առավել եւս ՔՊ-ի միջնորդության կարիքն զգալու:

Դրա ցայտուն վկայություններից էր 2024թ. մայիսի 9-ին Երեւանում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից անցկացված բազմամարդ հանրահավաքը՝ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ: Տարբեր հաշվումներով՝ հանրահավաքին մասնակցում էր 70 հազարից մինչեւ 100 հազար ՀՀ քաղաքացի:

Փաշինյանն այնքան վախկոտ ու ստախոս չլիներ՝ այդ օրը պետք է հրաժարական տար, քանզի բազմիցս հայտարարել էր, որ եթե ժողովուրդը պահանջի իր հրաժարականը, անմիջապես նրան կվերադարձնի իշխանությունը:

Մայիսի 9-ի հանրահավաքը հենց նրա հրաժարականի մասին էր: Ժողովուրդն այդպիսի օրակարգով էր Տավուշից 3-4 օր քայլելով՝ հասել Երեւան: Հանրապետության հրապարակը ղժժում էր:

Փաշինյանին անգամ ժամանակ տրվեց՝ նախ 1 ժամ, ապա՝ եւս լրացուցիչ 30 րոպե: Սակայն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը մնաց անդրդվելի, ասես տեղում մեխված լիներ: Նա չանսաց ժողովրդի պահանջին:

Նա միայն ժողովրդի անունն իր գծուծ նպատակներին ծառայեցնել գիտի: Պաշտոնն այս մարդու հոգին է, հո չի՞ կարող հանել, ձեզ տալ, հասկացեք՝ վերջապես: Նրա կողմից անպատասխան թողնված մեկուկես ժամը, թերեւս, սա էր նշանակում: Կամ՝ ժողովրդի հանդեպ ուղղակի հերթական արհամարհանքի ու անհարգալից վերաբերմունքի դրսեւորում էր: