Լավ է, որ չենք գժվում մենք՝ արցախցիներս, երբ համադրում ենք Արցախում մեր կորցրածն ու Հայաստանում բնակվարձի պետական ժամանակավոր աջակցությունը, որն անցնում է բնակարանատերերին։ Եվ դեռ ասում են՝ վերջին ամիսն է:
Ազգային ժողովի հունիսի 19-ի նիստում երկրի ղեկավարը ուշագրավ հայտարարություն արեց. «Շատ է խոսվում այն մասին, որ մենք կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, ես այս հարցի մասին էլ, բնականաբար, շատ եմ մտածել։
Եվ այստեղ էլ իմ եզրակացությունը հետեւյալն է՝ մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը»,- ընդգծել է նա, որի տարօրինակ մտքերից ու դատողություններից արդեն ոչ ոք չի զարմանում։
ԼՂ հարցը, ըստ նրա, իբրեւ թոկ էր օգտագործվում, որ ՀՀ-ն՝ որպես անկախ եւ ինքնիշխան պետություն, չկայանա։ Եթե շարունակենք միտքը, կստացվի հետեւյալը. հիմա այդ թոկը պոկեցինք, մի կողմ նետեցինք, եւ Հայաստանը դարձավ անկախ, ինքնիշխան պետություն: Մաշալլա՛…
Բայց դա քիչ է, նրա եզրակացությամբ՝ 44-օրյա պատերազմում մենք ոչ թե պարտվել ենք, այլ՝ հաղթել։ Դրա համար էր պատերազմի առաջին օրը՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին, ՀՀ խորհրդարանում հորդորում պայմանավորվել՝ «ինչ էր որ պատահի, մենք մեզ պարտված չենք համարի»:
Այսօրվա համար էր ասում՝ որքան հեռատեսն էր, ապշել կարելի է:
Բայց միգուցե ինքնախոստովանությո՞ւն է սա, որ այլեւս ուրիշների գրպանը չգցեն, թե ով հանձնեց Արցախը եւ ինչու։
Եթե զոհասեղանին դրված էր Արցախը` հանուն Հայաստանի գոյության, ապա ի՞նչ վիճակում են այսօր հազարավոր արցախցիներ, որոնց հայրենազուրկ դառնալու հաշվին Հայաստանը, իբր, ձեռք բերեց անկախություն եւ ինքնիշխանություն։
Արցախի կորստի հաշվին Հայաստանը «գտնողները» իշխանական աթոռներին են, ովքեր չեն խուսափում արցախցիների հանդեպ ատելության խոսք հնչեցնելուց։
«Սիրելի քույրե՛ր ու եղբայրնե՛ր» կեղծավոր խոսքի տակ արցախցիները Հայաստանում գտնվում են սոցիալապես վատթար վիճակում, շատերը` գործազուրկ ու տնազուրկ, ոմանք` նվաստացված ու արհամարհված:
Խոսքս անհատների մասին չէ, այլ իշխանականների, որոնք թշնամու պահանջին հավատարիմ՝ վախենում են անգամ «Արցախ» բառի գործածությունից, Արցախի պետական ինստիտուտների գոյությունից, արցախցիների հավաքականությունից, Արցախ վերադարձի գաղափարից:
Հիմա չասե՞նք` երախտամոռ են նրանք, ովքեր Արցախի կորստյան գնով «գտան» Հայաստանը, բայց արցախցիներին դարձրին ատելության թիրախ, թողեցին աղքատության ճիրաններում, անտուն-անտեր ու փախստական դարձած։
Տներ ենք թողել Արցախում, կորցրել հայրենիք, գերեզմաններ, մշակութային օջախներ, աշխատանք, ապրուստ, հավատ, սեր… Ու հիմա եկած՝ 30 թե 40 հազար դրամի կռիվ է գնում, թե ժամանակավոր խոցելի խմբերն են ստանալու պետությունից՝ որպես բնակվարձ։
Գոնե հարցրեք բնակարանատերերին, թե ամեն ամիս քանի 30 ու 40 հազարներ պիտի տանք, որ մարենք նրանց բնակարանների վարձերը։
Ծիծաղելի է ուղղակի մեր կորցրածի համատեքստում խոսել բնակարանային ծրագրի, արցախցիներին տված պետական աջակցության մասին, որը հասցրել են արդեն ջրի վերջին կաթիլին…
Նատաշա Պողոսյան
Բաց մի թողեք
Ռեստորանում ընթրել են, ալկոհոլ օգտագործել, վիճաբանել. կինը հայտնել է, որ ծանոթը բռունցքով հարվածել է իր գլխին
Հայտնաբերվել է 28-ամյա հնդիկ քաղաքացու դի՝ կախված վիճակում
Մեքենա է այրվել, 3 վիրավnր կա. Խոշոր հրդեհ․ վագոն-տնակ է այրվել