21/06/2025

ՌԴ համար Հայաստանի «բնակչությունը հայ-լուսավորչական համայնք է, ոչ թե՝ քաղաքականապես ինքնակազմակերպված հանրություն

Մենք տասնամյակներ շարունակ վկայակոչել ենք մի փաստ: Մինչև 1936 թվականը «ադրբեջանցի» ազգություն գոյություն չի ունեցել, նրանց այդպես է անվանել Իոսիֆ Ստալինը: Դա, ինչ խոսք, անհերքելի փաստ է:

Անգամ խորհրդային դարաշրջանում Ադրբեջանի թյուրքախոս բնակչությունն իրեն «ադրբեջանցի» չի անվանել, այլ ընդամենը՝ «մուսուլման»: Ցարական մարդահամարի դասակարգմամբ Անդրկովկասի թյուրքախոս բնակչությանը տրվել է «կովկասյան թաթարներ» անվանումը:

Բայց մենք անտեսել ենք, որ նույն ցարական իշխանությունը մեզ ճանաչել է որպես «հայ-լուսավորչականի»: Այսինքն, ընդգծել է մեր ոչ թե ազգային, այլ՝ կրոնական ինքնությունը: «Եթե Եկեղեցին ոչնչացվի, ապա ո՞վ է լինելու հայը, Լուսնից իջա՞ծ, թե՞՝ մարսաբնակ»,- հայաստանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում հռետորական հարցադրում է արել ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:

Երկու օր առաջ Տարասովը հարցազրույց է տվել ադրբեջանական թելեգրամ-ալիքներից մեկին, որի ընթացքում անդրադարձել է Իրանում «թյուրքական արքայատոհմերի» թեմային և մասնավորեցրել, որ այդ «կայսրության մաս է կազմել նաև Երևանի խանությունը»:

Փաստացի նա, որ ծնվել է Խորհրդային Ադրբեջանի Կիրովաբադ քաղաքում, ավարտել Բաքվի համալսարանի արեւելագիտության ֆակուլտետը, սպասարկել է ալիևյան քարզչության շահերը: Ասել, որ Երևանի խանությունը «թյուրքական կայսրության մաս է կազմել», նշանակում է թեկուզ ոչ ուղղակի, բայց սկզբունքորեն ընդունել, որ Հայաստանը «պատմականորեն Արևմտյան Ադրբեջան է»:

Մնացածն, ինչպես ասում են՝ «տեխնիկայի հարց է», դրանից հետո կարելի է միջարկում անել, որ այդ «տարածքում, իհարկե, ապրել են նաև հայեր, այնտեղ է գտնվում նրանց հոգևոր կենտրոն Էջմիածինը» և այլն:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ Տարասովի «պատկառանքն», այսպիսով, քաղաքական մի աստառ ունի՝ Հայաստանի «բնակչությունը հայ-լուսավորչական համայնք է, ոչ թե՝ քաղաքականապես ինքնակազմակերպված հանրություն, առավել ևս՝ պետականակիր ազգ»:

Այսինքն, այս տարածքում «մենք կարող ենք ապրել որպես հայ-լուսավորչական հոտ, որ կհովվի Ամենայն հայոց կաթողիկոսի և նրա կողմից նշանակված հոգևոր սպասավորների կողմից, որովհետև դարեր շարունակ հայ ժողովուրդն այդպես է պահպանել իր գոյությունը՝ ճանաչելով երկու «ինստիտուտ»՝ ծխական համայնք և եկեղեցական թեմ»:

Իսկ ցարական մարդահամարի դասակարգմամբ «կովկասյան թաթարները», ինչպես հասկացվում է ադրբեջանական լրատվամիջոցին Տարասովի հարցազրույցից, «պետական ինքնության դարավոր ավանդույթներ ունեն՝ ի դեմս Բաքվի, Գյանջայի, Ղարաբաղի, Նախիջևանի և Երևանի խանությունների»:

Ստանիսլավ Տարասովը Regnum-ի երկարամյա քաղաքական մեկնաբանն է, իսկ այդ լրատվամիջոցն աֆիլացված է ՌԴ ԱԳՆ-ի և հատուկ ծառայությունների հետ: Ըստ այդմ, Տարասովի տեսակետն առնվազն չի հակասում Հայաստանի և Ադրբեջանի մասին պաշտոնական Մոսկվայի խորքային ընկալումներին, ուստի կարելի է ասել, որ Ռուսաստանն առայսօր հայությանը ճանաչում է որպես «հայ-լուսավորչական համայնք՝ անկախ նրանից, թե նրա բնակության վայրը որն է:

Դժվար է հավատալ, որ Մայր Աթոռի հոգևոր վերնախավը կիսում է այդ մոտեցումը, բայց թե ինչու՞ նա Տարասովի և ռուսաստանյան մյուս քարոզիչների «լուսավորչականությանը» չի հակադարձում՝ տարակուսելի է:

Նույնիսկ եթե մի պահ ընդունենք, որ Եկեղեցին օրվա իշխանությանը հակադրվելու և ընդդիմադիր քաղաքական գործունեություն ծավալելու իրավունք ունի, միևնույն է՝ հայ քաղաքական ինքնության դեմ ոտնձգություններին պետք է համարժեք և շատ կոշտ պատասխան տա:

Հանուն Հայաստանի պետականության և հայ ազգային-քաղաքական ինքնության պահպանման և զորացման: Որովհետեւ նաև դրանով է պայմանավորված հենց իր՝ Եկեղեցու, հետագա արժանապատիվ և ավտոկեֆալ գոյությունը: Չլինի Հայաստան պետություն, ՀԱԵ-ն դարձյալ կառավարվելու է «Սինոդի պրոկուրորի կողմից»: