02/07/2025

Ի՞նչն է Ռուսաստանի համար առիթն օգտագործելու և Հայաստանին զգուշացնելու պատճառը

ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը հայտարարել է, որ Մոսկվան Երևանին նամակ կհղի, որում կարտահայտի ԵՄ անդամակցության գործընթացի առնչությամբ ստանդարտների փոփոխության վերաբերյալ մտահոգություն:

Ըստ Օվերչուկի, Երևանը ԵՄ անդամակցության շրջանակում ընդունում է ստանդարտներ, որոնք չեն համապատասխանում ԵՏՄ ստանդարտներին և կա վտանգ, որ ԵՏՄ շուկայում կարող են հայտնվել այլ ստանդարտով ապրանքներ:

Ըստ ամենայնի, Ռուսաստանի համար սա առիթ է, ոչ թե պատճառ: Հազիվ թե Երևանում լինի ստանդարտիզացիայի այնպիսի մի գործընթաց, որը անկառավարելի լինի ԵՏՄ տիրույթի համար:

Թե ի՞նչն է Ռուսաստանի համար այդ առիթն օգտագործելու և Հայաստանին, ըստ էության, զգուշացնելու պատճառը, սա արդեն, թերևս, կարող է լինել բավականին բազմակողմ իրողություն: Մտածել, թե Ռուսաստանին անհանգստացրել է ԵՄ անդամության գործընթացը, թերևս չի ունենալ ծանրակշիռ հիմք:

Այդ գործընթացը, բացի ընդունված օրենքից, ըստ էության չունի որևէ էական, գործնական շարժ, հետևաբար հազիվ թե Մոսկվան մտահոգվի՝ առնվազն այս փուլում: Ըստ ամենայնի, թեման կարող է օգտագործվել այդ հարցերում ունեցած մտահոգության համար:

Դրանք վերաբերում են Հայաստանի ներքի՞ն հարցերին, գործնականում նախընտրական ժամանակաշրջանում Ռուսաստանի հետաքրքրություններին, թե՞ Մոսկվան կարող է իր համար մտահոգության պատճառներ տեսնել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացում:

Համենայն դեպս, պատճառների՝ այդ դաշտում գտնվելը, թերևս, առավել հավանական է, քան զուտ այն խնդիրը, որի մասին բարձրաձայնում է Օվերչուկը:

Իհարկե, ամենևին պետք չէ բացառել և այն, որ Օվերչուկի «շուրթերով բարբառում» է ռուսական իսթեբլիշմենտի շրջանակում այսպես ասած «գորգային» պայքարը, այդ թվում Հայաստանի հետ հարաբերությունների առումով, մինչ իրավիճակը դարձյալ կհասնի այսպես Պուտին-Փաշինյան մակարդակին, որում խնդիրների լուծման կայուն մեխանիզմի մասին Փաշինյանը Երևանում հայտնել էր Մատվիենկոյին:

Հարցը այն է իհարկե, թե մինչ այդ աստիճանահարթակին հասնելը, ինչ բնույթի տրանսֆորմացիայի կենթարկվի այն: