02/07/2025

Ադրբեջանը հարձակվել է Ռուսաստանի վրա՝ պատճառը հայրենակիցների սպանություններն են

Հունիսի 27-ին Ռուսաստանի ԱԴԾ-ն հատուկ ստուգումներ և խուզարկություններ է անցկացրել Եկատերինբուրգում՝ ադրբեջանական սփյուռքի շրջանում, որին հետևել են զանգվածային ձերբակալությունների, իսկ հատուկ գործողության հետևանքով ադրբեջանցի գործարար եղբայրներ են չեզոքացվել:

Միջադեպը բուռն արձագանք է ստացել Բաքվում. Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է կատարվածն ու Մոսկվայից պահանջել արդար հետաքննություն և մեղավորների պատժում: Ավելին, ՌԴ դեսպանը կանչվել է գերատեսչություն, որտեղ ադրբեջանական կողմը խիստ բողոք է ներկայացրել:

Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով թեմային, պարզաբանել է, թե ադրբեջանական կողմին պատշաճ ներկայացվել է իրավիճակի մասին և որ գործը գտնվում է Ռուսաստանի իրավապահների վերահսկողության տակ:

Բաքվում, սակայն, հիստերիան չի մարում: Ադրբեջանական մամուլն արդեն իսկ հեղեղվել է հակառուսական տրամադրություններով և հրապարակումներով: Եթե նախկինում, ռուս-ուկրաինական պատերազմի մասին լուսաբանելիս ԶԼՄ-ներն օգտագործում էին չեզոք ձևակերպումներ, ապա վերջին ժամերին ռուսական բանակի մասին նշելիս՝ գործածում են ագրեսոր տերմինը:

Բաքվում հիշել են նաև ադրբեջանական ավիաուղիներին պատկանող ինքնաթիռի կործանումը Ղազախստանում, այդ համատեքստում կրկին մեղադրելով ռուսական կողմին՝ ողբերգական օդային աղետի առաջացման մեջ:

Միաժամանակ, հայտնի է դարձել, որ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը չեղարկել է այցը Ադրբեջան:

Զուգահեռաբար, այսօր Եկատերինբուրգում սկսվել է անվտանգության ուժերի կողմից հունիսի 27-ին ձերբակալված ադրբեջանցիների դատավարությունը։ Նրանք կասկածվում են 2001 թվականին կատարված սպանության մեջ։

Քննարկվում է կալանքի տեսքով խափանման միջոց ընտրելու հարց, նշում են ռուսական և ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ինը ձերբակալվածներից մեկը՝ Քեմալ Սաֆարովը, ծանր վիճակում հիվանդանոցում է։ Անվտանգության ուժերի գործողության արդյունքում երկու մարդ մահացել է։

Հիշեցնենք, ՌԴ ԱԴԾ-ի աշխատակիցների գործողության ընթացքում սպանված երկու եղբայրներից մեկը՝ Հուսեյն Սաֆարովը, Ադրբեջանի քաղաքացի է, իսկ մյուսը՝ Զիյադդին Սաֆարովը՝ Ռուսաստանի քաղաքացի։

Ավելի վաղ, ադրբեջանական կայքերից մեկը, հղում անելով Սաֆարովների ընտանիքին, պնդում էր, թե այդ ընտանիքի 5 անդամ է սպանվել: