02/07/2025

Պրովոկացիան չի հաջողվում․ Լիլիթ Բլեյան

Մայիսի 27-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդը ելույթ է ունենում Բեռնի կոնգրեսում` խոսելով արցախցիների հանդեպ իրականացված ոճրից, Արցախ վերադարձի իրավունքից, Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումից։

Մայիսի 29-ին Փաշինյանը եկեղեցիներն անվանում է չուլաններ ու այդ պահից անցնում կտրուկ հարձակման` պատմության մեջ երբևէ չեղած բառապաշարով գրոհելով Էջմիածինն ու հոգևորականությանը։ Նպատակն էր, հավանաբար, որ հանրային արձագանքը լինի շատ բուռն, մարդիկ տրվեն պրովոկացիային ու անեն հակաօրինական քայլեր։ Պրովոկացիան չի հաջողվում։

Հունիսի 17-ին ի պաշտպանություն եկեղեցու հանդես գալու համար ձերբակալվում ու կալանավորվում է Սամվել Կարապետյանը։

Նույն օրը, ինչպես կիմանանք ավելի ուշ, գործ է հարուցվում Միքայել Սրբազանի դեմ` մեկուկես տարի առաջվա հարցազրույցի հիման վրա։

Հունիսի 20-ին Նիկոլը մեկնում է Էրդողանի հետ հանդիպման, նրա վերադարձից առաջ Երևանում ու մարզերում ոստիկանները պրոֆիլակտիկ խուզարկություններ են իրականացնում տասնյակ քաղաքացիների բնակարաններում և նրանց հետ «հորդորիչ» զրույցներ ունենում։

Հունիսի 23-ին ադրբեջանական հայտնի քարոզչական կայքը հատուկ «հորդոր» է հրապարակում` ասելով, որ իր հավատարմությունն ապացուցելու համար այս ամենը քիչ է, և Նիկոլը պետք է օրենքով արգելի Արցախ բառն ու մի քանի «առավել ակտիվ ռևանշիստի» կալանավորի, որ հավատան նրա ազնիվ խաղաղասիրական մղումներին (հղումը` մեկնաբանություններում)։

Հունիսի 25-ին ձերբակալվում ու անմիջապես կալանավորվում են Բագրատ սրբազանը, հոգևոր ծառայության մեջ գտնվող այլ անձինք և պարզապես համակիրներ` 15 հոգի։ Իրականացնողներին Նիկոլը պարգևատրում է։

Սակայն պետք էր անել ամենակարևորը` ասպատակել Մայր Աթոռը` Արցախի մասին ամենաակտիվ ու հաստատակամորեն խոսող կառույցը։

Հունիսի 17-ին հարուցված գործի հիման վրա որոշում են Միքայել սրբազանին ձերբակալել Էջմիածնից` ստեղծելով պատմության ամենաամոթալի տեսարանը` հայ ոստիկանները Հայոց Վեհարանում։

Հունիսի 27-ն առհավետ մտնում է հայոց պատմության մեջ` որպես ամոթի օր։

Դրա իրականացման համար նախապես հանրային արդարացման քող են փորձում հյուսել բազմաթիվ պաշտոնյաներ և իշխանությունների համակիր գործիչներ` գործածելով բոլշևիկյան շրջաբերականներ հիշեցնող, շտամպավորված ֆրազներ։

Հանրությունը չի համոզվում, եկեղեցու պաշտպանները խմբերով սկսում են հոսել դեպի Էջմիածին։ Ոստիկանությունը կանգնեցնում և խուզարկում է մեքենաները, ոստիկանության բաժիններ տանում տասնյակ մարդկանց։

Էջմիածնում հետագա ամոթալի տեսարանները կանխելու համար Միքայել սրբազանը որոշում է վերջ դնել իշխանությունների նախաձեռնած շոուին ու ուղևորվում է քննչական` լավ իմանալով, որ գնում է կալանքի։

Սրբազանի կալանքից հետո, «կատարված պարտքի» գիտակցությամբ և հասկանալով, որ բոլոր չափերն անցել է ու պետք է դադար վերցնի, Նիկոլն անմիջապես մի քանի օրանոց մորատորիում է հայտարարում հայհոյանքի վրա։

Մինչև հուլիսի 5-ը։

Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է։

Լիլիթ Բլեյան