02/07/2025

Օվերչուկի այցը չեղարկեցին, հիմա էլ ադրբեջանցի պատգամավորներն են բոյկոտում Մոսկվա մեկնելը

Ադրբեջանում բոլոր մշակութային միջոցառումները, այդ թվում՝ Ռուսաստանի պետական ​​և մասնավոր հաստատությունների կողմից նախատեսված համերգները, փառատոները, ներկայացումները, ցուցահանդեսները, չեղարկվում են, հայտնել է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։

«Հաշվի առնելով Եկատերինբուրգում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից էթնիկ հողի վրա ադրբեջանցիների նկատմամբ կատարված ցուցադրական, նպատակային և դատական ​​​​չարաշահումները և բռնության գործողությունները, ինչպես նաև այն փաստը, որ նման դեպքերը վերջերս դարձել են համակարգված, չեղարկվում են մշակութային միջոցառումները, այդ թվում՝ Ռուսաստանի պետական ​​և մասնավոր հաստատությունների կողմից Ադրբեջանում նախատեսված համերգները, փառատոները, ներկայացումները, ցուցահանդեսները», – ասվում է հաղորդագրության մեջ։

Մշակույթի նախարարությունը նշել է, որ նախապես տոմսեր գնած քաղաքացիները կարող են կապ հաստատել համապատասխան վաճառքի կետերի և առցանց հարթակների հետ՝ գումարը վերադարձնելու համար։

Հիշեցնենք, որ սպանության կատարած անձին հայտնաբերելու նպատակով ՌԴ ԱԴԾ-ն Եկատերինբուրգում հատուկ գործողություն է իրականացրել ադրբեջանական սփյուռքի շրջանում, որի ընթացքում սպանվել են Սաֆարով եղբայրները, մի քանի մարդ վիրավորում է ստացել, ևս մի քանիսը՝ ձերբակալվել:

Դրանից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն պարզաբանման նպատակով գերատեսչություն է հրավիրել ՌԴ դեսպանին և բողոք հայտնել: Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ դիվանագետը պատշաճ բացատրություններ է տվել, նաև պարզաբանել են՝ գործը գտնվում է ՌԴ իրավապահների պատշաճ հսկողության տակ:

Միջադեպի պատճառով Բաքուն չեղարկել է նաև ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի այցն Ադրբեջան:

Ադրբեջանական մամուլում և քաղաքական շրջանակներում արդեն իսկ մեծ հակառուսական արշավ է սկսվել՝ Մոսկվային մեղադրելով ադրբեջանաֆոբիայի և խտրական վերաբերմունքի մեջ: Բաքվի մառազմը հասել է այնտեղ, որ այդ երկրի պատգամավորներից մեկը Կրեմլի քաղաքականությունն ու նախընթաց քայլերը պայմանավորում է Հայաստանի նկատմամբ դրական հակվածությամբ:

Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլլի Մեջլիսի նախագահի առաջին տեղակալ Ալի Ահմեդովի գլխավորած պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 23-րդ նիստին։

Այս մասին հայտնել է Միլլի Մեջլիսի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժինը, փոխանցում են այդ երկրի ԶԼՄ-ները:

Նշվում է, որ այցի չեղարկման պատճառը Եկատերինբուրգ քաղաքում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «էթնիկ հողի վրա կատարված ցուցադրական, նպատակային և անօրինական սպանություններն ու բռնության ակտերն են, ինչպես նաև այն փաստը, որ նման դեպքերը վերջերս դարձել են պարբերական»։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ ադրբեջանական խորհրդարանական պատվիրակության այցը չեղարկվում է, ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի մշակույթի նախարարությունը չեղարկել է երկրում անցկացվող բոլոր մշակութային միջոցառումները, այդ թվում՝ համերգները, փառատոները, ներկայացումները, ցուցահանդեսները, որոնք նախատեսված էին անցկացնել Ռուսաստանի պետական ​​և մասնավոր հաստատությունների կողմից։