16/10/2025

․․․ Արթուր Հովհաննիսյանը սպառնացել է ֆիզիկական հաշվեհարդարով՝ պիտի դատվեն․ Պետրոսյան

Գրել էինք, որ «ՀայաՔվե» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև՝ պահանջելով քրեական գործ հարուցել իշխանական թիմի մի շարք ներկայացուցիչների դեմ։ Նրանց համոզմամբ՝ վերջիններիս գործողություններն ունեն հանցագործության հատկանիշներ և հակասում են օրենքին։

Նախաձեռնության անդամ, իրավաբան Արամ Պետրոսյանը հայտարարեց, որ ներկայացվող հաղորդման մեջ նկարագրված են մի շարք իրավական խախտումներ, որոնք, ըստ իրեն, ընդգրկվում են առնվազն հինգ քրեական հոդվածների շրջանակում։ Նա ընդգծեց, որ այդ գործողությունների պատասխանատվությունը կրում են ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլև նրա կինը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Արսեն Թորոսյանը և այլք։

Իրավաբանի խոսքով՝ անգամ այսօր  Ազգային ժողովում արձանագրվել են վարքագծեր, որոնք պետք է արժանանան իրավական գնահատականի։ Մասնավորապես, նա հիշատակեց դեպքն այսօրվա, երբ Արսեն Թորոսյանը ընդդիմադիր պատգամավորին անվանել է «թուրք», իսկ Արթուր Հովհաննիսյանը սպառնացել է ֆիզիկական հաշվեհարդարով։

Պետրոսյանն ընդգծեց, որ այս ամենը կապված է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ իշխանությունների վարած քաղաքականության հետ։ Նրա խոսքով, ներկայիս իշխանությունը բացահայտ միջամտում է եկեղեցու գործունեությանը, ինչը համարում են անթույլատրելի և հակասահմանադրական։

«Հույս ունենք, որ այս անգամ դատախազությունը գործին ընթացք կտա, քանի որ բոլոր հիմքերը կա։ Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանատվություն կրի իր գործողությունների համար»,-ասաց Արամ Պետրոսյանը։