Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Մոսկվայի և Կիևի միջև հրադադարի համաձայնություն ձեռք բերելուց հետո եվրոպական մի քանի երկրների միացյալ ուժերը կվերահսկեն Ուկրաինայի օդային և ծովային տարածքները՝ նպատակ ունենալով վերականգնել ուկրաինական զինված ուժերը:
Մակրոնն այդ գաղափարը ձևակերպել է որպես Մոսկվային «հղած ռազմավարական ազդակ»: Ֆրանսիայի նախագահն առաջին անգամ չէ, որ հետկոնֆլիկտային Ուկրաինայում եվրոպական զինված ուժերի ներկայության անհրաժեշտության մասին խոսում է: Ընդսմին, նա պարզ ասել է, որ խոսք չկա խաղաղապահ առաքելության մասին:
Ֆրանսիայի նախագահն այդ հայտարարությունն արել է Մեծ Բրիտանիա պետական այցից հետո, որի առթիվ ռուսաստանցի փորձագետները կարծիք են հայտնել, որ Փարիզը և Լոնդոնը «մտադիր են վերականգնել Անտատնտի դաշինքը, բայց առանց Ռուսաստանի ոչինչ չի ստացվի»:
Անդրադառնալով Ուկրաինայի օդային և ծովային տարածքները պահպանելու համար եվրոպական միացյալ ուժեր ստեղծելու մասին Մակրոնի հայտարարությունը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովն ասել է, որ «Ռուսաստանի սահմաններին մոտ օտարերկրյա զինված ուժերի ներկայությունը միանշանակորեն անընդունելի է»:
Պեսկովն ափսոսանք է հայտնել, որ եվրոպական երկրները շարունակում են «հետևողականորեն անտեսել այդ մասին Ռուսաստանի նախազգուշացումները»: Այս ֆոնին նույն խնդրի շուրջ չափազանց կամայական մեկնաբանություն է արել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, որ Մակայզիայում ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպումից հետո անմիջապես ուղևորվել է Փհենյան:
Ըստ Լավրովի, Մոսկվան «լուրջ չի ընդունում Եվրոպայում ուկրաինական կորպուս ստեղծելու մասին ֆանտազիաները, որ ոմանք իրենց թույլ են տալիս, որպեսզի միջազգային քաղաքական կյանքում «փայլեն» և կարևորվեն»:
Լավրովն ավելացրել է, որ Ռուսաստանը նման հայտարարություններին «ականջալուր է լինում, բայց լուրջ չի ընդունում»:
Ի՞նչ է նշանակում նույն հեռանկարի վերաբերյալ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարի և արտաքին գործերի նախարարի տեսակետների նրբերանգային տարբերությունը: Եվրոպայում «ուկրաինական կորպուսի» ձևավորման հնարավորությունն իրոք «անլու՞րջ է»:
Այդ դեպքում Կրեմլի խոսնակն ինչու՞ է դա «միանշանակորեն անընդունելի» գնահատում: Տպավորություն է, որ Սերգեյ Լավրովը «հոգնել է և հրաժարական է խնդրում»:
Նախօրեին Վլադիմիր Պուտինը պաշտոնից հեռացրել է Լավրովի տեղակալներից մեկին՝ Բոգդանովին, որ նաև ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչն էր Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի երկրների հարցերով, ինչպես նաև համակարգում էր Ռուսաստանի հարաբերություններն Իսլամական համերաշխության կազմակերպության և առհասարակ մուսուլմանական աշխարհի հետ:
Այս բոլոր ուղղություններով վերջին երեք-չորս տարիներին Ռուսաստանը շատ ցավոտ կորուստներ է ունեցել, իսկ արտգործնախարար Լավրովին այդպես էլ չի հաջողվում Ուկրաինայի հարցում արտաքին քաղաքական աջակցություն ներգրավել:
Փաստը, որ նա ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպումից հետո շտապել է ընկեր Կիմի մոտ, բավական խոսուն է:
Բաց մի թողեք
Ռամիզ Մեհթիևին «մատնել է Վլադիմիր Պուտինը», օգտագործել, հանձնել է Ալիևին՝ «գլխատման»
87-ամյա Ռամիզ Մեհթիևի մատնվելուց հետո դատարան չի հասնի՝ կնշանակեր «կրակել սեփական ոտքին»
Նաթանյահուի դեմ նոր քրեական հետապնդում սկսելու պատճառ