Սիրիայի անցումային շրջանի նախագահ ալ-Շարաան այցելել է Բաքու, որտեղ մնացել է մի քանի ժամ: Իսրայելական աղբյուրների տեղեկացվածությամբ՝ նույն օրը Բաքվում «պետք է հանդիպեին Իսրայելի և Սիրիայի անվտանգության համակարգի պատասխանատուներ»:
Կայացե՞լ է նման հանդիպում, թե՞ գործ ունենք տեղեկատվա-քարոզչական այսպես կոչված «զոնդաժի» հետ, առայժմ դժվար է ասել:
Իսրայելական ynet-ի դիվանագիտական աղբյուրն ասել է, որ «եթե անգամ Բաքվում բանակցություններ են սկսվել, ապա թեման ոչ թե Իսրայել-Սիրիա հարաբերությունների համապարփակ կարգավորումն է, այլ՝ անվտանգության հետ կապված մտահոգությունները»:
Սիրիայում Բաշար Ասադի վարչախմբի տապալումից հետո Իսրայելը վերահսկողություն է հաստատել ամբողջական Գոլանի բարձունքների, ինչպես նաև բուֆերային գոտու նկատմամբ:
Սիրիայի անցումային կառավարությունն առայժմ Գոլանի բարձունքների խնդիր չի առաջադրում, ալ-Շարաան խոսում է Սիրիայի հարավից իսրայելական զորքերի հեռացման մասին, Նաթանյահուի կառավարությունը հակադարձում է երկու սկզբունքային նախապայմանով, պաղեստինյան և իրանամետ զինված խմբավորումները պետք է հեռանան Սիրիայից, երկրի հարավի դրուզաբնակ շրջաններում պետք է բացառվի որևէ բռնություն:
Բաքվի մամուլն Ալիև-ալ-Շարաա բանակցությունների մասին հաղորդում են միայն ընդհանուր բնույթի տեղեկություններ, բացառությամբ նրա, որ ձեռք է բերվել Թուրքիայից Սիրիա ադրբեջանական գազ տարանցելու պայմանավորվածություն:
Պարզ է, որ պաշտոնական Բաքուն չի բացում Սիրիայի նախագահի Ադրբեջան այցի հիմնական նպատակը: Ուշագրավ է, որ նույն օրը Թուրքիայում «նոր դարաշրջանի արշալույսի» կապակցությամբ Իլհամ Ալիևը ոչ միայն հեռախոսազրույց է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, այլև նրան պաշտոնական ուղերձ հղել:
Պայմանական ասած՝ Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի ապագայի երկու «նախագծում» է պատկերվում: Առաջինը «թուրք-քուրդ-արաբական եղբայրության» կոնցեպտն է, որ առաջարկում է Թուքրիայի նախագահ Էրդողանը, երկրորդը՝ իսրայելա-արաբական պատմական հաշտությունը, «Աբրահամի ուխտին» նոր երկրների, այդ թվում՝ Հարավային Կովկասի երեք պետությունների, ներգրավումը, որ վերագրվում է ԱՄՆ-ին և Իսրայելին:
Երկու դեպքում էլ Հարավային Կովկասում Ռուսաստանի և Իրանի ազդեցության թուլացումը, իսկ հեռանկարում՝ նաև չեզոքացումը դիտվում է աշխարհաքաղաքական առաջնահերթություն, ինչի մաս է կազմում, կարծես, Հայաստան-Ադրբեջան կարգավորումը:
Այս իրավիճակում ո՞րն է Ադրբեջանի ընտրությունը: Բաքվում հնչում են Ռուսաստանի հետ ռազմավարական –դաշնակցային գործընկերությունից հրաժարվելու և Թուրքիայի հետ նոր, ավելի բարձր մակարդակի ինտեգրացիայի անցնելու կոչեր:
Էրդողանի հռչակած «Թուրքիայի նոր դարաշրջանի» հայեցակարգը, կարծես, Իսրայելի հետ սկզբունքային համաձայնություն չի ենթադրում: Ադրբեջանը, մինչդեռ, ձգտում է Իսրայելի հետ ռազմավարական գործընկերությունը ֆորմալացնելու ճանապարհով հասնել Միացյալ Նահանգների հետ «քաղաքական դաշինքի»:
Հուլիսի 12-ի հեռախոսազրույցի ընթացքում, ինչպես «Անադոլու» գործակալությունն է փոխանցել, Էրդողանը և Ալիևը քննարկել են թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցությունը խորացնելու և նոր մակարդակի բարձրացնելու հեռանկարը:
Նախապատրաստվո՞ւմ է Թուրքիա-Ադրբեջան նոր պայմանագիր, Ալիևն ինչպե՞ս է համադրելու «նոր Թուրքիա» և «Աբրահամի ուխտի» մասնակիցների շարքն ընդլայնելու նախագծումներին Ադրբեջանի մասնակցությունը:
Սա չափազանց կարևոր է Հայաստանի համար: Միջազգային մամուլում փորձագիտական տեսակետ է շրջանառվել, որ նոր իրավիճակը Հայաստան-Իսրայելի «սառը հարաբերությունները վերանայելու հնարավորություն է»:
Պետք է, անկասկած, նկատի ունենալ, որ Ռուսաստանն այդքան հեշտությամբ «չի հանձնելու» Հարավային Կովկասը, ինչպես նաև՝ Իրանը, որի դիրքերն, ինչ խոսք, թուլացած են, բայց, երևի, ոչ այնքան, որպեսզի չկարողանա գոնե «խաղաքարտեր խառնել»:
Հարավային Կովկասը հայտնվում է «թուրքական դարաշրջանի» և «Աբրահամի ուխտի միջև ընտրության վիճակում: Ռուսաստանը տարածաշրջանային «պայթյուն կիրականացնի՞»:
Բաց մի թողեք
Մեհթիևը դատարանում խոսի՞. Ադրբեջանում սրան դատելը ստվերում է Հեյդար Ալիևին
Ռուսաստանին կվտարե՞ն Մերձավոր Արևելքից
Պուտինը պայթեցնում է իր պիստոններին, հերթում՝ Բաշար ալ-Ասադն է