16/10/2025

Համայնքի ղեկավարի կեղծ տեղեկանքներով մի շարք անձինք ազատվել են ՊՆ 25-օրյա հավաքներից. նախաձեռնվել է վարույթ

Պարզվել է, որ Գավառ համայնքի բնակավայրերից մեկի վարչական ղեկավարը 2025 թվականի մարտի 18-ից ապրիլի 11-ը ՀՀ ՊՆ կողմից կազմակերպվող 25-օրյա վարժական հավաքներից իր ազգականին ազատելու դիտավորությամբ վերջինիս՝ ՀՀ-ում գտնվելու պայմաններում, փետրվարի 11-ի թվագրմամբ ստորագրել և իր կնիքով հաստատել է կեղծ բովանդակությամբ տեղեկանք այն մասին, թե իբր նշված անձը բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում:

Այնուհետև վարչական ղեկավարը հիշյալ տեղեկանքը տրամադրել է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարիատի աշխատակցին՝ այն դնելով պաշտոնական շրջանառության մեջ, որի արդյունքում ՀՀ զինապարտ քաղաքացին ազատվել է վարժական հավաքին մասնակցելուց, հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից:

Բացի այդ՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ վարչական ղեկավարը ստորագրել և Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարիատ է տրամադրել 2025 թվականի փետրվարի 11-ի թվագրմամբ կազմված ևս մեկ կեղծ տեղեկանք ՀՀ զինապարտ քաղաքացու համար՝ դարձյալ նշելով, որ վերջինս իբր բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում, որի արդյունքում նշված անձը նույնպես չի մասնակցել 25-օրյա վարժական հավաքին:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար վարչական ղեկավարին մեղադրանք է ներկայացվել: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Վարչական ղեկավարի կողմից 2025 թվականի փետրվարի 11-ին տրամադրված տեղեկանքների հիմքով վերը նշված երկու անձինք չեն մասնակցել 2025 թվականի մարտի 18-ից ապրիլի 11-ը ՀՀ ՊՆ կողմից կազմակերպվող 25-օրյա վարժական հավաքներին, որի փաստով ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ և ուղարկվել ըստ քննչական ենթակայության։