Մինչ ՀՀ քաղաքական այրերը մտորումների մեջ են, թե հասունացե՞լ է արդյոք անդամակցության հայտով ԵՄ դիմելու պահը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիան ավելորդ անգամ հաստատեց հայի զտարյուն եվրոպացի լինելու հանգամանքը:
Հուլիսի 7, 8, 10, 11-ին ԵՊԿ Ղազարոս Սարյանի անվան դահլիճում հնչեց Ջ. Ռոսսինիի հանրահայտ, բայց և դժվարին «Սևիլյան սափրիչ» օպերան բնագրով` իտալերեն լեզվով: Երեք ժամ շարունակ կոնսերվատորիայի ուսանողներն և վերջին տարիների շրջանավարտները ՀՀ Վաստակավոր արտիստ, թավջութակահար և դիրիժոր Նարեկ Հախնազարյանի «Արցախ» նվագախմբի ուղեկցությամբ մի այնպիսի մոգական ուժով էին սևեռել իրենց վրա հանդիսատեսի ուշադրությունը, որ մարդիկ ոչ թե դժգոհում էին անհասկանալի իտալերենից (ի դեպ, մասնագետների պնդմամբ, գերազանց առոգանությամբ արտաբերված), այլ դյութիչ երաժշտության ուժի և դերասանական փայլուն խաղի ազդեցությամբ ամբողջապես կլանված էին մեկը մյուսին ակնթարթորեն փոխարինող տեսարաններով:
Վերջ չկար սրամիտ, դինամիկ տեսարաններում երիտասարդների պարագայում համարյա անհնարին մակարդակի վարպետությամբ կատարվող վիրտուոզ արիաներին, դժվարին ասերգային (recitativo secco), խմբերգային, վոկալ անսամբլային և գործիքային հատվածներին` այն աստիճանի, որ երկրորդ գործողության ընթացքում դահլիճից կատակով մի ռեպլիկ հնչեց. «Ոնց որ համեղ ճաշից հագեցած ամեն պահին նորանոր գայթակղիչ ուտեստներ ավելանան քո առատ սեղանին ու վերջն էլ մատուցեն համեղ տորթի մի մեծ կտոր, որ անհնարին է չփորձելը…»:
Ոչ թե մեկ անգամ, այլ երկու, երեք, չորս ներկայացում անընդմեջ նայելու ցանկությամբ հանդիսատեսն ըմբոշխնում էր այս ասես երկնքից անսպասելի իջաց հաճույքը, որ փրկություն էր երկրում կուտակված հոգսերից լիցքաթափվելու հնարավորությամբ: Ու ես ոչինչ չեմ չափազանցնում, հանկարծ չմեղադրեք ինձ դրանում, հավատացեք` այդպես էլ կա:
Երիտասարդ երգիչները ոչ թե ցուցադրում էին վիրտուոզ վոկալ հնարքները, այլ իրապես ԱՊՐՈՒՄ էին բեմում. «Ես երջանիկ եմ` Հայաստանում այս որակի երիտասարդություն տեսնելով, – ընդմիջմանը բարձրաձայնեց ՀՀ Արվեստի Վաստակավոր գործիչ, գրող, կինոքննադատ, Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի պրոֆեսոր Դավիթ Մուրադյանը:
– Մենք գործ ունենք ոչ թե ընդամենը երգիչների, այլ ձևավորված Արտիստների հետ, որոնք իրապես արտիստական խաղ են ցուցադրում: Եվ դրանում տեսնում եմ Օպերային ստուդիայի ղեկավար` միջազգային բեմերի մեր պրիմադոննա Հասմիկ Պապյանի մեծ ավանդը, որը բոլոր առումներով համապասխանեցրել է բեմադրությունը եվրոպական ժամանակակից պահանջներին, այդ թվում նաև բեմական մինիմալիստական լուծումների առումով:
Ընդ որում սուղ միջոցներով իրագործված այս ներկայացումը հանգիստ խղճով կարելի է տանել Եվրոպա հյուրախաղերի»:
Իսկ գիտե՞ք, ինչու էր հենց չորս ներկայացում ծրագրված: Ապա փորձեք կռահել… Բացում եմ գաղտնիքը` որովհետև մեկ-երկու երեկոյում չի տեղավորվում տաղանդավոր երգիչների այն քանակ`բանակը, որ հասունացել է բեմ ելնելու համար: Սա մի առեղծված է, որ բացատրություն չունի. եթե խորհրդային շրջանում երգեցիկ ձայների բնօրրանը կարելի էր համարել, օրինակ, Ուկրաինան, Բուլղարիան, բայց երբեք ոչ Հայաստանը, ապա այսօր, Հասմիկ Պապյանի համոզմամբ, «այս ոլորտը երկրի ռազմավարական ծրագրի մաս կազմելու պարագայում Հայաստանը կարող է դառնալ դեպի Եվրոպա երգիչներ արտահանող կայսրություն»: Եվ սա իրողություն է. Երևանի պետական կոնսերվատորիան ամենաարդյունավետ աշխատող կրթօջախներից է այս բնագավառում (ամբիոնի վարիչ` պրոֆ. Գայանե Գեղամյան):
Կարևորագույն` մասնագիտական դասարանից զատ պետք է նշել Օպերային պատրաստման ամբիոնի (ղեկ.` դոց. Կարեն Լավչյան), նույն ամբիոնի պարտադիր պարի դասընթացի (պարուսույց` Անահիտ Զաքարյան) արդյունավետ ազդեցությունը երիտասարդների ձևավորման գործում:
«Ոչ մի վայրկյան առանց խաղի, և չկա դադար»` թվում է, այսպես էր ձևակերպված բեմում ապրելու պահանջը: Որևէ մեկին հետաքրքիր չէ, թե ինչպիսի տեխնիկական դժվարություններ կան քո դերերգում, ոչ ոք չպետք է զգա լարվածություն` պահանջվում է բացարձակ ազատ և ճկուն կեցվածք, այլապես դուրս կմնաս ընդհանուր մթնոլորտից: …Եվ երաժիշտներն ամեն անգամ գերազանցում էին իրենք իրենց` ամբողջապես մխրճվելով շամպայնի կաթիլների նման փայլուն ու թեթև այս զվարճանքի` բեմական խաղի մեջ:
Դրան էին նպաստում նաև ռեժիսորական լուծումները, որոնք ասես հանել էին «թույլատրելի» և «անթույլատրելի» հասկացությունների սահման հանդիսացող կարմիր գծերը (ռեժ.` Նորայր Հերգնյան): Հեծանիվով բեմ ներխուժող և միաժամանակ երգող Ֆիգարոն, սափրվելիս փրփուրների մեջ կորած և այդ պահին երգող Բարտոլոն, խմած, այֆոնով ֆոտոսեսիայի մասնակցող կամ ճոճվող սանդուղքով «առաստաղ» բարձրացող և նույն պահին երգող Կոմս Ալմավիվան, ուշաթափ եղած լափթոփի սիրահար Դոն Բազիլիոն, թղթե «սամոլյոտիկներով» ձանձրալի սիրահարին ռմբահարող Ռոզինան, էլեկտրակիթառների վիզուալ ագրեսիվ գունային արշավին հակառակ նվագախմբի դասական կազմն ու հնչողությունը` այս ամենը հանում է տրամաբանական մտածողության սահմանափակումները:
Կոնֆետի ահռելի մեծ, բայց ժապավենով կոկիկ զարդարված տուփ` սենյակ, դրան կցված երկար աստիճան, էլեկտրոնային դաշնամուր, սեղան ու բազկաթոռ, նաև խմիչք և գավաթներ` ահա ամենը, ինչ բավարար եղավ ունկնդրին ժամերով ներկայացմամբ հափշտակելու համար: Bel canto-ն` գեղեցիկ երգեցողությունը, դադարեց լինել միայն գեղեցիկ. այն դարձավ նաև բնական` բաղձալի մի արդյունք, որ զգալիորեն պակասում է մեզանում:
Օպերային ստուդիան կամերային հարթակ է. այստեղ թույլատրելի է այն, ինչը չես անի մեծ բեմերում: Եվ ազատության անսահմանափակ չափաբաժինն իր կանոններն է թելադրում: Սա կախարդական փայտիկի ներգործություն չէ, իհարկե. դրան նախորդեցին բարոկ ոճի` Ք. Վ. Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկան», գերմանական դպրոցի գոհար` Վ. Ա. Մոցարտի «Դոն Ժուանը»: Եվ իտալական opera-buffa` կատակերգական էտալոնային «Սևիլյանի» այս նոր բեմադրությունը դարձավ տարիների աշխատանքի կուլմինացիոն պահը` իր մեջ ներառելով մասնակիցների նախկին փորձառությունը:
Նարեկ Հախնազարյանի այս նախագծում հայտնվելը մի առանձին` համարյա առասպելական պատմություն է: Այդ երաժիշտը ինձ համար աշխարհահռչակ թավջութակահար կամ դիրիժոր լինելուց զատ մեկն է այն եզակի տաղանդներից, ով մեր ժամանակներում երաժշտության միջոցով նորովի բացահայտեց հայ մարդու ինքնությունը և համաշխարհային բեմերում կայացավ իբրև հայ երաժիշտ` տիեզերքը լսելու, տիեզերական ալիքներն իր սրտի միջով հայեցի անցկացնելու գրեթե կատարյալ կարողությամբ (նման զգացողություն ունեմ նաև ջութակահար Սերգեյ Խաչատրյան արվեստագետից):
Եվ այդ պարագայում Հայաստանն որպես հիմնական բնակվելու վայր ընտրելը, «Արցախ» նվագախմբի կայացման դժվար ճանապարհով ինքնազոհաբար քայլելը, նաև մանկավարժական աշխատանքին նվիրվելը, դիրիժորի բարդ մասնագիտությանը տիրապետելու բեռի տակ դիմակայելու գաղտնիքը Նարեկի հայրենասիրության, ես կասեի` հայրենաՍԻՐԱՀԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ դրսևորումն է:
Անշուշտ, մեր համերգային կյանքի ամենանշանակալից իրադարձություններից էր Օպերային ստուդիայի այս փոքր բեմում կայացած ներկայացումը: Երիտասարդները նվաճեցին այնպիսի բարձր նշաձող, որից հետո կարելի է խոսել մեզանում օպերային արվեստի որակապես նոր ընկալումների մասին: Նաև այն մասին, թե ինչպես համաշխարհային ամենաբարդ ստեղծագործություններից մեկը դարձնել անընդմեջ ժայթքող ԽԱՂԻ և դրա հետ կապված հրճվանքի, հանկարծաբանության, ամեն վայրկյան ստեղծագործական նոր լուծումներ գտնելու հաճույքի, ի վերջո` ՏՈՆ արարելու վարպետաց դասի:
Ավարտենք այս փոքրիկ ակնարկը Հասմիկ Պապյանի` իր ստեղծագործական խմբին ուղղված խոսքով. «Մեր լուսավոր երեխաների ժպիտը թող անպակաս լինի։ Շնորհակալ եմ բոլորին՝ անուն առ անուն, մեր ունեցած սուղ միջոցներով անհնարինը հնարավոր դարձնելու համար։ Չեմ դադարի կրկնել՝ համաշխարհային աստղ Նարեկ Հախնազարյանն իր աներևակայելի տաղանդով, ռեժիսոր՝ Նորայր Հերգնյանը իր անսպառ կրեատիվ գաղափարներով, միջազգային մեծ ասպարեզ ելած նկարիչ Դավիթ Քոչունցը, իր գործի անխոնջ նվիրյալ, խմբավար Գայանե Սահակյանը, դաշնակահարներ Լյուսյա Շահնազարյանը, Հարություն Թագվորյանը, պրոյեկցիայի մասնագետ Բաղդասար Բաղդասարյանը, լուսավորող՝ Մանիկ Կարապետյանը, մշտապես անվրդով տեխնիկական անձնակազմը, երգիչներ՝ Թովմաս Թովմասյանը, Արամ Խաչատուրյանը, Ալինա Ավագյանը, Մերի Մարտիրոսյանը, Գուրգեն Պողոսյանը, Արամո Մամիկոնյանը, միակ և անկրկնելի Թովմաս Կարապետյանը, Արթուր Մկրտչյանը, Ալեքսան Խաչատրյանը, Սիրանուշ Օվսիյանը, Էլեոնորա Հարությունյանը, Ալվարդ Ազատյանը, Նարեկ Խաչատրյանը, Պավել Հայրիյանը, Անդրանիկ Մալխասյանը, ծրագիրը համակարգող՝ Էլինա Վանիյանը, սիրելի «Արցախ» կամերային նվագախումբը, «Կոմիտաս» երգչախումբը, իրականացրեցին Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» բեմադրության վերածնունդը Օպերային ստուդիայում։ Միասին մենք կարող ենք սարեր շրջել…»:
ԼԻԼԻԹ ԵՓՐԵՄՅԱՆ
Բաց մի թողեք
Իրեն խենթացնող տիեզերքի առեղծվածները, դրանց գաղտնագրերի բացահայտումները․ Գրիգոր Գուրզադյանի ծննդյան օրն է
Իսկ դուք հասկացել եք կյանքը. այսօր Ջոն Լենոնի ծնունդն է՝ լիցքավորվել նրանով ու նրա երաժշտությամբ. Տեսանյութեր
Ռոք աշխարհում այսօր տոներից մեկն է․ Տեսանյութեր