23/07/2025

Այս ռուս զինվորականի մեղքով է ընկել ադրբեջանական ինքնաթիռը․ Փաստեր․ Լուսանկարներ

Ադրբեջանում շարունակում են սևեռուն մեղադրանքներ հասցեագրել ռուսական կողմին՝ կապված Ղազախստանում ամիսներ առաջ AZAL ինքնաթիռի կործանման հետ:   

Իշխանամետ քարոզչակայքերից Մինվալ-ը պնդում է, որ ձեռք է բերել «Պանցիր-Ս» զենիթահրթիռային և հրետանային համակարգի № 274 մարտական մեքենայի անձնակազմի պետ Դմիտրի Սերգեևիչ Պալադիչուկի լուսանկարը:

Ըստ պարբերականի, նա ծառայում է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության 14-րդ բանակի շարժական պահեստազորի 80-րդ զենիթահրթիռային գնդի 1-ին դիվիզիայում (№ 75564 զորամաս):

Այս ռուս զինվորականի մեղքով է խոցվել ինքնաթիռը. Բաքուն «փաստե՞ր» ունի (լուսանկար)

«Մեր աղբյուրների համաձայն՝ հենց այս անձնակազմն է խոցել 2024 թվականի դեկտեմբերի 25-ին աղետի ենթարկված AZAL ինքնաթիռը: Ողբերգությունից անցել է ավելի քան յոթ ամիս, բայց պատասխանատու անձանցից ոչ մեկը չի պատժվել»,-ասվում է հոդվածում:

Ի դեպ, ավելի վաղ նույն Մինվալ-ը աուդիոձայնագրություն էր հրապարակել, որում, իբր, վերոնշյալ զինվորականը ՌԴ ՊՆ-ի հրահանգով կարգադրում է հարված հասցնել ադրբեջանական ավիաուղիներին պատկանող ինքնաթիռին:

Գրել ենք նաև, որ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ երկիրը պատրաստվում է հայցեր ներկայացնել Ռուսաստանի դեմ միջազգային դատարաններում՝ ուղևորատար ինքնաթիռի աղետի հետ կապված:

Նա նաև ուղիղ մեղադրանքներ էր հնչեցրել Ռուսաստանի հասցեին, նշելով, որ թե՛ նրանք և թե՛ Բաքվում գիտեն՝ իրականում ինչ է պատահել: Ալիևը կրկին ներողություն էր պահանջել ռուսական կողմից, ինչպես նաև՝ զոհվածների ընտանիքների և ավիաընկերության համար ֆինանսական փոխհատուցում: