Հայ առաքելական եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի արշավանքը մտնում է գործնական փուլ։ Նախօրեին Փաշինյանը հայտարարել է՝ «Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը»։ «Ապրեք աղոթքով, պահեցողությամբ, ծոմապահովությամբ եւ պատրաստվեք մեծ հոգեւոր հանդիպմանն Էջմիածնի կենտրոնական հրապարակում»,- գրել է նա, որից շատերը հասկացել են, որ իր կողմնակիցներին անձամբ հրավիրելու է հոգեւոր մայրաքաղաք, որտեղից արշավելու է դեպի Վեհարան։
Հրապարակ թերթը գրել է․ Փաշինյանի գրառումից հետո իշխանական քարոզչամեքենան սկսեց կեղծիքներ տարածել Հայ առաքելական եկեղեցու մասին՝ թերեւս փորձելով հիմքեր նախապատրաստել հարձակման համար։ Իշխանությանը սպասարկող տելեգրամյան որոշ ալիքներ գրեցին, թե իբր վերջին օրերին Վեհարանից արկղերով փաստաթղթեր են հեռացնում, թե կաթողիկոսն իր եղբոր միջոցով բանակցություններ է վարում Սերգեյ Կիրիենկոյի գրասենյակի հետ եւ աջակցություն է խնդրել պատրիարք Կիրիլից՝ Փաշինյանի դեմ պայքարում։ Թե այս խնդրանքին իբր դրական են արձագանքել, ասել են՝ Փաշինյանի դեմ պետք է պայքարել միասնական ճակատով։
Մի բան պարզ է, որ Փաշինյանի իդեաֆիքսն ամեն գնով կաթողիկոսին հեռացնելն է, եւ դրա համար նա ոչնչի առաջ կանգ չի առնելու։ Թե երբ եւ ինչպես՝ թիմում երեկ անորոշություն էր տիրում։ Երեկվա դրությամբ դեռ կոնկրետ հրահանգ չէր իջել՝ երբ եւ ինչպես են ասպատակելու Մայր Աթոռի վրա, ասվել էր՝ պատրաստ եղեք։ Վարկածներ կան, որ արձակուրդը դրա համար է վերցրել, որ հնգօրյա հանգստի օրերին արշավի` ցույց տալով, որ ոչ թե որպես վարչապետ է գրոհն առաջնորդում, այլ որպես քաղաքացի։ Ընդդիմությունը, տարբեր ուժեր, անհատներ Փաշինյանի այդ հայտարարությունից հետո ստարտային վիճակում էին, մոբիլիզացնում էին իրենց աջակիցներին` ՔՊ-ի հրոսակախմբերին հակահարված տալու համար։ Ի դեպ, կան տեղեկություններ, որ Փաշինյանը տեղյակ է հակազդեցության մասին, եւ գուցե սա է պատճառը, որ երեկ մինչեւ երեկո դեռ չէր մոբիլիզացրել թիմին, դեռ ծանրութեթեւ է անում, որ չխայտառակվի եւ չմնա գնելսարգսյանների ու կոկորդիլոսագետների հույսին։ ՔՊ-ի բուն թիմում շատերն են դեմ այս պրոցեսին, ուժայիններն էլ ոգեւորված չեն դրանով։ Բայց հասկանում են, որ Փաշինյանը հետեւելու է յուրաքանչյուրի պահվածքին, եւ եթե նրա կողքին չկանգնեն, իրենց ապագան կարող է տխուր լինել։
Ինչպես կպատասխանի հավատացյալ ժողովուրդը եւ ՀՀ քաղաքացին՝ պարզ կդառնա առաջիկայում։ Քաղաքական ուժերն էլ դեռեւս խաղաքարտեր չեն բացում, սպասում են Եկեղեցու կոչ-ուղերձին։ Իսկ Վեհափառը լռում է: Կան տեղեկություններ, որ նա հակված չէ առճակատման գնալուն եւ դեռ միամտորեն հույս ունի, որ կկարողանա միջնորդ գտնել, լեզու գտնել՝ Եկեղեցու դեմ այս նողկալի արշավը ձեռնարկած անձի հետ: Քաղաքական ուժերի ներկայացուցիչները փորձում են նրան բացատրել, որ նման հույսեր փայփայելն անիմաստ է, հորդորում են, որ նա ուղերձով հանդես գա, ոտքի հանի հոտին, սակայն կաթողիկոսը մտածում է, որ չի կարելի իրավիճակը սրել եւ հանրությանը տանել բախումների: Նա իր ներկայացուցիչներին անգամ եթերներ է ուղարկում, որտեղ նրանք խոսում են Աստծու որոշմամբ իրենց բաժին հասած փորձությունների, հազարամյա հալածանքների, բայց առճակատումներից խուսափելու մասին:
Եկեղեցում եւ քաղաքական դաշտում կան մարդիկ, որոնք պայքարի են հակված եւ կարծում են, որ չի կարելի խոնարհաբար վիզը դնել գիլյոտինի տակ, սակայն կարծում են, որ պայքարը պետք է առաջնորդի Վեհափառը, գոնե դեմ չպետք է լինի, քանի որ իրենց նախաձեռնողականությունը կարող է պատժվել: Իրենք կարող են թիրախավորվել, մեղադրվել մտածված ձախողման տանելու, հային հայի դեմ հանելու մեջ: Պարզ է, որ սրա արդյունքում շահելու է խառնակիչն ու սադրողը` Նիկոլ Փաշինյանը։
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, պատասխանելով մեր հարցին, թե ինչպես են արձագանքելու իշխանության գրոհին, կլինե՞ն Մայր Աթոռի բակում, ասաց. «Այս հարցի առանձնահատկություններից ելնելով՝ ՀՀԿ-ն առաջնորդվում է այն ուղերձներով ու հորդորներով, որը հնչեցվում է Մայր Աթոռից եւ Վեհափառ հայրապետից»։
Եթե ինչ-ինչ նկատառումներով Եկեղեցին ուղերձ չհղի, միայնա՞կ են թողնելու հրոսակների առաջ։ «Կարծում եմ` ըստ իրադարձությունների զարգացման, Մայր Աթոռը հանրությանը համապատասխան արձագանք կհղի… Եկեղեցին իր դիրքորոշումներն ու անհանգստություններն արտահայտելիս առաջնորդվում է երկրի եւ ժողովրդի շահերով, ու այստեղ ոչ թե վախի, այլ միջոցների մեջ ընտրություն անելու խնդիր է»,- ասաց նա:
«Հայաստան» դաշինքից դաշնակցական պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ ասաց․ «Մենք մշտապես հայտարարել ենք, որ լինելու ենք եւ եղել ենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին, որովհետեւ Եկեղեցին հայ ազգի հիմնասյուներից մեկն է, որը դարեր շարունակ պետականություն չունենալու պայմաններում հային հայ է պահել։ Եվ հիմա բոլոր հարձակումները Եկեղեցու դեմ՝ հարձակումներ են հայի էության դեմ: Ցեղասպանության տեսակ է, եթե դու հային զրկում ես իր էությունից, դու հային ցեղասպանում ես»: Այսինքն՝ հնարավոր հարձակման պահին կտեսնե՞նք ձեզ եկեղեցու բակում, Խաչատրյանը պատասխանեց․ «Ֆիզիկապես թե որտեղ կլինենք, դա պետք է հասկանանք՝ ինչ է լինելու, որ հետո մեր գործողությունները, մոտեցումները ծրագրավորենք․․․ Ինձ վարկածները չեն հետաքրքրում, կոնկրետ կտեսնենք` ինչ կլինի, կպլանավորենք, 3 միլիոն մարդ, 3 միլիոն վարկած, նույնքան սցենարային պլանավորում չենք կարող անել»: Չե՞ք ուշանա` սպասեք-տեսնեք, թե ինչ է լինելու։ «Ոչ, չենք ուշանա, մինչ այժմ երբեք չենք ուշացել»:
Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանն էլ նախ հումորի վերածեց՝ հիշեցնելով Փաշինյանի խոսքերը, որ հոգեւոր հավաք է լինելու․ «Իր հոգեւոր հավաքին հաստատ չենք մասնակցելու, քանի որ չենք հավատում իր հոգեւոր զգացմունքներին, առավել եւս՝ Աստծուն հավատալուն»: Ապա հավելեց․ «Միեւնույն ժամանակ, ելնելով փորձից եւ այն փաստից, որ Նիկոլ Փաշինյանն ունի հակաեկեղեցական նպատակներ, մասնավորապես՝ այլեւայլությունների քողի ներքո նպատակ ունի վնասելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, մենք՝ որպես իրական հավատացյալներ եւ հոգեւոր իրական արժեքներ կրողներ, բոլոր իրական հավատացյալների հետ պաշտպանելու ենք մեր Եկեղեցին՝ դրա դեմ դուրս եկած ցանկացածից»: Թե ինչպես` չմանրամասնեց։
ԼՀԿ փոխնախագահ Դավիթ Խաժակյանը Հայ առաքելական եկեղեցու դեմ իշխանության հարձակումներն անընդունելի եւ հակաօրինական որակեց։ Ինչ վերաբերում է հնարավոր գրոհի դեպքում իրենց անելիքներին, ապա․ «Նախ՝ պետք է պարզել Գարեգին Վեհափառի դիրքորոշումն այդ կապակցությամբ եւ հորդորը քաղաքական ուժերին։ Եթե Միքայել Աջապահյանին ՔԿ ճանապարհելու օրինակով Վեհափառը պետք է կատարի իշխանության պահանջը, ապա ի՞նչ անելիք ունեն քաղաքական ուժերն այդ դեպքում»։
Մինչդեռ աթեիստ, նախկին ՔՊ-ական, ներկայում ՄԱՍ կուսակցության ղեկավար Հովիկ Աղազարյանն առանց երկար-բարակ մտածելու պատասխանեց․ «Եթե լինի հարձակում, ամենայն հավանականությամբ, կլինեմ եկեղեցու բակում»:
Հիշեցրինք, որ ինքն անհավատ է։ «Սրանք ոչ թե հավատքի, այլ սահմանադրականության, պետության հիմքերը տապալելու փորձեր են։ Այդ մարդն արդեն հատել է բոլոր սահմանները եւ հակազդեցության պետք է արժանանա»։
Բաց մի թողեք
Դե, ի՞նչ ասեմ, թող մյուս այտն էլ դեմ տան Փաշինյանին. Լեւս Դավթյան
Մասնակից մի դարձեք այդ հանցագործություններին․ Գուգարաց թեմի առաջնորդ․ Լուսանկար
Իշխանությունը փորձում է խորքային խնդիրը բառախաղերի դաշտ տանել․ Օրբելյան