22/07/2025

Արտառոց դեպք՝ «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում, ճաղավանդակ պոկելու միջոցով փախուստ է եղել

Երեկ՝ հուլիսի 21-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարության ժողովրդին ավելի շատ հայտնի «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրնում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված կենտրոնի 2-րդ բաժանմունքից 2 հոգի դիմել են փախուտի:

Տեղում պարզվել է, որ նշված բաժանմունքի 5-րդ հիվանդասենյակի պատուհանի ճաղավանդակը պոկելու միջոցով հարկադիր բուժվող, Երևանի բնակիչ 45-ամյա Վյաչեսլավ Լուկինը և ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմանբ որպես անվտանգության միջոց կիրառված և նշված կենտրոն տեղափոխված Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Արամայիս Միրզոյանը դիմել են փախուստի:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Ինչպես հայտնել ենք, հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնից 2 հարկադիր բուժվող փախուստի էր դիմել։

Ներքին գործերի նախարարությունից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել են, որ նրանցից մեկին հայտնաբերել են Նուբարաշենի գերեզմանատան մոտ, ձեռնարկվում են միջոցառումներ մյուսին հայտնաբերելու ուղղությամբ։

«Հուլիսի 21-ին՝ ժամը 01։20-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ հերթապահ բժշկից հաղորդում է ստացվել, որ ՓԲԸ-ի 2-րդ բաժանմունքի հիվանդասենյակներից մեկի պատուհանի ճաղավանդակը պոկելու եղանակով փախուստի է դիմել երկու հարկադիր բուժվող։

Նույն օրը՝ ժամը 02։41-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի ծառայողները նրանցից մեկին հայտնաբերել են Նուբարաշենի գերեզմանատան մոտ։

Ձեռնարկվում են միջոցառումներ մյուսին հայտնաբերելու ուղղությամբ։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական բաժին»,- հայտնեցին ՆԳՆ-ից։