Մայր Աթոռն ու Վեհարանը լցված և շրջապատված է լինելու կամ այն պաշտպանողներով կամ այն ասպատակողներով:
Պաշտպանողներով շրջապատված լինելու պարագայում Մայր Աթոռը, Վեհարանը կմնան կանգուն, ստիպելով ասպատակողներին նահանջել: Ասպատակողներով շրջապատված լինելու դեպքում Մայր Աթոռն ու Վեհարանը կընկնի: Պաշտպանողներով շրջապատված լինելու պարագայում ասպատակողների Էջմիածնի հրապարակի այդ արկածախնդիր հանրահավաքը նույնիսկ կարող է չկայանալ, իսկ հակառակ դեպքում ոչ միայն կկայանա, այլ հանրահավաքը կպաշարի Մայր Աթոռը օգտվելով դատարկությունից:
Որքան ձեզ համոզեն կամ տպավորություն ստեղծեն, որ Մայր Աթոռի, Վեհարանի և Վեհափառի անկումը դավանաբանական, հոգևոր, կանոնակարգային առումով հնարավոր չէ, դա դեռ չի նշանակում, որ անելիք չկա և դա հնարավոր չէ: Կա անելիք և այդ անելիքի անունն է ազգային, քաղաքական, հանրային դիմադրություն ասպատակությանը ու հակահարձակում:
Ասպատակողների հակաեկեղեցական քաղաքականությունն առանձին թեմա չէ, այլ մաս է ազգային դիմադրությունը կազմաքանդելու ծրագրի։
Երբ Ալիևը բացահայտ խոսում է Սյունիքի նկատմամբ հավակնություններից, այդ նույն ժամանակահատվածում Փաշինյանը թիրախավորում է Հայ Առաքելական Եկեղեցու դիրքերը՝ փորձելով «ազգային ինքնության առանցքը» վերածել «սրբապղծության օջախի»։ Նա մեկուսացնում է Բագրատ և Միքայել սրբազաններին ակտիվ պաշտպանական գիծը կոտրելու համար, կազմակերպումը ձախողելու համար: Սամվել Կարապետյանի բանտարկումը ենթադրում է ցուցադրություն, թե ինչ կլինի շարքայինների հետ, եթե դա եղել է ազդեցիկի և ունեվորի հետ:
Այս քաղաքականությամբ նա ստեղծում է հասարակության բևեռացում, թուլացնում է արժեքային համախմբումը, որը կարող էր ձևավորել ուժեղ քաղաքացիական դիմադրություն արտաքին սպառնալիքների դեմ։ Արդյունքում՝ բնական ազգային ռեակցիան, դիմադրությունը արտաքին ոտնձգությանը, փոխարինվում է ներքին բաժանումով, ինչը հստակ սպասարկում է Ալիևի օրակարգն ու պահանջները:
Ալիևի օրակարգի անունն է «Զանգեզուրի միջանցք» որը նրա համար ոչ թե ենթակառուցվածքային նախագիծ է, այլ քաղաքական-գաղափարախոսական զենք՝ ուղղված Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ու պետականության դեմ։ Ալիևը բաց տեքստով պնդում է, որ այսպես կոչված «միջանցքը» պետք է լինի ինքնիշխան վերահսկողությունից դուրս, այսինքն՝ էքստերիտորիալ տարածք՝ Ադրբեջանի համար։ Իսկ այդ պահանջը ոչ թե ենթակառուցվածքային խնդիր է, այլ Ալիևի «Արևմտյան Ադրբեջան» դոկտրինի բաղկացուցիչ մաս։
Ալիևը բազմիցս հստակեցրել է իր ռազմաքաղաքական պատկերացումը, ըստ որի ՀՀ-ն ամբողջությամբ ընկալվում է որպես պատմական «Արևմտյան Ադրբեջան»։ Այս ծրագրի էությունն է՝ հողային պահանջը Հայաստանի ամբողջ տարածքի նկատմամբ: «Զանգեզուրի միջանցքը» այս ծրագրի առաջին փուլն է․ այն ոչ միայն կապում է Նախիջևանը Ադրբեջանի հետ, այլ բացում է դարպաս դեպի Հայաստանի ներսում ընդլայնվող ազդեցության գոտի՝ իր ռազմական, տնտեսական, տեղեկատվական և ազգային քաղաքական շահերով։
Փաշինյանի իշխանությունն ըստ էության անմիջական քաղաքական պատասխանատվություն է կրում «Զանգեզուրի միջանցք» ծրագիրը լեգիտիմացնելու առումով։ Դրա գինը «Խաղաղության պայմանագիր փրկագինն է Փաշինյանի համար»:
Միջանցքի շուրջ բանակցությունների բովանադակությունը մասամբ թաքցվել է հանրությունից, և ՀՀ իշխանությունները գերադասել են թեման ներկայացնել որպես «բեռնափոխադրումների, կոմունիկացիաների խնդիր» տեխնիկական լուծումներով:
Փաշինյանը ներքաղաքական դաշտում շեղող մանևրներ է իրականացնում՝ հատկապես՝ հակաեկեղեցական հռետորաբանության և գործողությունների միջոցով, որպեսզի հանրային ուշադրությունն ուղղվի դեպի երկրորդական ճակատ, մինչդեռ իրական ռազմավարական վտանգը գալիս է Ադրբեջանից: Փաշինյանն այդ ընթացքում հանրության ուշադրությունը գիտակցաբար շեղում է էական վտանգներից՝ հարուցելով երկրորդական, բայց սուր հակասություններ։
Մայր Աթոռը ասպատակել պատրաստվողները իրենց իշխանության պահպանման համար, ընտրել են այս ամենի հետ համակերպման ու հանրային շեղման ուղին՝ սպասարկելով ադրբեջանական ծրագրերը։ Նրանց պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու դեմ այլ բան չէ, քան պետական անվտանգության բազային հիմնասյուների կազմաքանդում։
Այսպիսով ՝ Մայր Աթոռն ու Վեհարանը լցված և շրջապատված է լինելու կամ պետական անվտանգության բազային հիմնասյուները պաշտպանողներով կամ այն ասպատակողներով:
Պաշտպանողներով շրջապատված լինելու պարագայում Մայր Աթոռը, Վեհարանը կմնան անվտանգ, ստիպելով ասպատակողներին նահանջել: Ասպատակողներով շրջապատված լինելու դեպքում Մայր Աթոռն ու Վեհարանը կընկնի: Կընկնի Մայր Աթոռը, կընկնի Հայաստանը:
ՎԵՐՋՆԱԽԱՂ»։
Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյան
Բաց մի թողեք
Նախ՝ դու տուր․ Րաֆֆի Հովհաննիսյան
Դատարանը դատի՜. Առաջիկայում կներկայացվեն նոր հայցեր․ Խուդոյան
«Միջին միջանցքը», վստահաբար, ամբողջությամբ և 100 տոկոսով ամերիկյան նախագիծ է. Սարգսյան