22/07/2025

«Միջին միջանցքը», վստահաբար, ամբողջությամբ և 100 տոկոսով ամերիկյան նախագիծ է. Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կարծում է՝ միջին միջանցքը ներկայացվում է որպես Հայաստանի երկարաժամկետ շահ, և այն ամերիկյան նախագիծ է:

Այս մասին նա գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ համոզմունք հայտնելով, որ նախագիծն իրականություն է դարձել ԱՄՆ նախորդ նախագահի օրոք և ունի մի շարք կարևոր կետեր.

«Մի շաբաթով հանգստի մեկնեցի, բայց խոստովանեմ՝ լրահոսից կտրվել չկարողացա ու որոշեցի տեսակետներս ընդհանրացնել հոդվածի տեսքով։ Եվ ուրեմն… «Միջին միջանցքը», վստահաբար, ամբողջությամբ և 100 տոկոսով ամերիկյան նախագիծ է, որ օրակարգային դարձավ Բայդենի իշխանության օրոք, հետևաբար չի կարող լինել նախաձեռնություն, որ ստեղծվել է Ադրբեջանի, Իսրայելի կամ Թուրքիայի կողմից Թրամփին համոզելու կամ շահագրգռելու արդյունքում։

Առավել ևս՝ Իսրայել-Թուրքիա հարաբերություններն իրենց բնույթով թշնամական են, ու հրեական կողմն էլ որպես կանոն դեմ է Թուրքիայի ուժեղացմանը։ Թրամփի պաշտոնավարման տարիներին՝ հատկապես Իրանի ռմբակոծումից հետո, Միջին միջանցքի նախագիծը կտրուկ ակտիվացավ։

Իմ կարծիքով՝ խնդիրը ոչ այնքան ճանապարհներն են կամ երկաթգծերը, որքան էներգակիրները՝ հատկապես գազամուղները։ 2014-ին՝ Ղրիմի անեքսիայից հետո, Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներ կիրառվեցին։ Այդ ժամանակից ՌԴ-ն սկսեց իր գազի ու հեղուկ վառելիքի որոշ պաշարներ վաճառել Ադրբեջանի միջոցով։ Ըստ արևմտյան աղբյուրների՝ այդ սև շուկայի ծավալը տարեկան հասել է 15 միլիարդ դոլարի, ինչը արևմտյան երկրները գիտակցել են, սակայն ժամանակավորապես «աչք են փակել» այլընտրանքային մատակարարումների բացակայության պատճառով։

Բնականաբար, պատժամիջոցները շրջանցած այդ գումարները հիմնականում չեն ուղղվել ՌԴ-ի կամ Ադրբեջանի բյուջեներ, այլ ամենայն հավանականությամբ կուտակվել են նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի օֆշորային հաշիվներում։ Տարեկան 15 միլիարդ եկամուտը նրանց եղբայրացրել է, որ դրսևորվեց Ադրբեջանին զենքի վաճառքով, Արցախյան երկրորդ պատերազմով և արցախահայության բռնի տեղահանությամբ։

Այս համատեքստում պետք է խոստովանել, որ տվյալ ժամանակահատվածում Սերժ Սարգսյանը շահեկան դիրք ունենալու տարբերակ չուներ։ Սա՝ իմիջիայլոց… Միջին միջանցքը շրջանցում է Ռուսաստանը, Իրանը և Վրաստանը․ այս երկրներն են հիմնականում կորցնում։ Ինչ վերաբերում է շահառուներին, տարբեր կառույցներ տալիս են տարբեր գնահատականներ ու թվեր, սակայն պետք է փաստել երկու կարևոր հանգամանք.

1) Բաց ճանապարհները, նույնիսկ նվազ շահույթով, ավելի լավ են, քան փակ սահմանները։
2) Նման նախագծերը քաղաքական և երկարաժամկետ բնույթ ունեն, որոնց արդյունավետությունը կախված է կոնկրետ երկրների դերակատարումից։
Միջին միջանցքը ամերիկյան նախագիծ է, հետևաբար ամենամեծ շահառուն լինելու է ԱՄՆ-ն:

Նրան հաջորդում է Մեծ Բրիտանիան։ Այս երկրները ձգտում են Միջին Ասիայի՝ հիմնականում Թուրքմենստանի Գալկանիշ հանքավայրի գազը հասցնել ԵՄ: Երկրորդ շահառուն Անկարան է։ Ճանապարհի ամենաերկար հատվածը Թուրքիայի տարածքով է անցնում և դարձնում է ԵՄ-ին գազ մատակարարող հանգույց։

Ադրբեջանը որոշակի առումով կարող է տուժել․ ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող ռուսական գազն այլևս չի կարող վաճառվել ԵՄ-ին, որ արդեն կունենա սեփական, միջինասիական մատակարարում առանց ռուսական մասնակցության։

Սա է նաև «Միջին միջանցք» ծրագրի հիմնական քաղաքական և տնտեսական տրամաբանությունը։ Մաքուր եկամտով երրորդ շահառուն Ադրբեջանն է, քանի որ երթուղիների բավականին երկար հատված անցնում է իր տարածքով, ներառյալ Նախիջևանը և Կասպից ծովի սահմանային ջրերը։

Հայաստանը չորրորդն է և այս փուլում հիմնականում շահում է անվտանգային և խաղաղության ամրապնդման տեսանկյունից։ Ճանապարհից բխող տնտեսական օգուտը, համեմատած մյուս մասնակիցների հետ, փոքր է, բայց երկարաժամկետ հեռանկարում Հայաստանը դառնում է բացառիկ դերակատար։ ՀՀ-ն միակ քրիստոնյա և ժողովրդավար պետությունն է ամբողջ միջանցքի տարածքում:

Ակնհայտ է, որ հենց հայաստանյան հատվածում են ԵՄ երկրները նախընտրելու հիմնել իրենց գրասենյակները։ ՀՀ-ում տեղակայված վերահսկիչ փականներով և անջատիչներով է ԱՄՆ-ն կարողանալու ազդեցություն գործադրել թե՛ Միջին Ասիայի, թե՛ Թուրքիայի և թե՛ ԵՄ-ի վրա։ Համոզված եմ՝ տարածաշրջանում ԱՄՆ հենակետն ու իրական գազային հանգույցը դառնալու է Հայաստանը։ Եվ, ուրեմն, ամենաշատ շահողը Միջին միջանցքի նախագծից երկարաժամկետ կտրվածքով լինելու է հենց ՀՀ-ն, ու փառք Տիրոջը։

Հ.Գ. Փորձեցի խնայել ընթերցողին և կարճ գրել։ Ցավոք, չստացվեց։ Ներողամիտ եղեք»: