11/08/2025

․․․ որ կյանքի մայրամուտին դավաճանի ոչ միայն իր անցած ճանապարհին և արժեքային համակարգին, այլև ․․․ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան երկու գրառումները․

Օրերս Սյունիք կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ նախագահ, մասնագիտությամբ տնտեսագետ Վահագն Խաչատուրյանը հայտարարեց, որ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի բացման դեպքում Հայաստանը զարգացման մեծ հնարավորություններ կունենա։

ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը տնտեսական առումով ձևակերպվում է որպես տարածաշրջանային կապերի ապաշրջափակման միջոցով Հայաստանի տնտեսական ինտեգրման ռազմավարություն։

Սակայն այն տնտեսագիտական քննադատության չի դիմանում, քանի որ չոր թվային հաշվարկներն ու կանխատեսումները արձանագրում են հակառակ պատկեր։

Իշխանական քարոզչությունը պնդում է, թե նախագիծը նպատակ ունի Հայաստանը դարձնել տրանզիտային հանգույց՝ միացնելով այն Սև, Կասպից, Միջերկրական և Պարսից ծոցերի փոխկապակցված ենթակառուցվածքային ցանցերին։

Այս պատկերացմամբ ենթադրվում է, որ Հայաստանը կկարողանա իր աշխարհագրական դիրքը ծառայեցնել տարածաշրջանային բեռնափոխադրումների օղակ դառնալու և մաքսային ու տարանցիկ եկամուտներ ստանալու համար։

Սակայն նման նպատակների իրագործելիությունը սահմանափակվում է մի շարք հիմնարար գործոններով՝ տեխնիկական (ուղիների թողունակություն, ենթակառուցվածքների վիճակ), շուկայական (բեռների ծավալ, մրցունակություն այլ երթուղիների նկատմամբ) և աշխարհաքաղաքական (տարածաշրջանային հակասություններ, անվտանգության ռիսկեր)։

Այս գործոնները նվազեցնում են նախաձեռնության տնտեսական իրատեսությունը և պահանջում են քննադատական վերաբերմունք նախագծի հիմքում ընկած տնտեսական վարկածների գնահատման հարցում։ Եվ այս մասին, անկասկած, պետք է տեղյակ լինի մասնագիտությամբ տնտեսագետ Վահագն Խաչատուրյանը։

Մնում է միայն հարցնել՝ որքան պետք է մարդ սնափառ ու անողնաշար լինի, որ կյանքի մայրամուտին դավաճանի ոչ միայն իր անցած ճանապարհին և արժեքային համակարգին, այլև սեփական մասնագիտությանը՝ միաժամանակ կամովին դառնալով այսօրվա իշխանությունների դավադիր և դավաճանական վարքագծի մեղսակից։

***

Հանրային գործչի ճանապարհը ոչ միայն պատվի ու պատասխանատվության ուղի է, այլև մի առաքելություն, որը պահանջում է կամավոր հրաժարում որոշ հիմնարար անձնական իրավունքներից։

Երբ դու հայտնվում ես հանրային հարթակում, քո խոսքն ու գործը դառնում են դիտարկման և մեկնաբանության առարկա։ Այդ պահին ի հայտ են գալիս «դիվանային քննադատները», պատի ճեղքերում թաքնված մռայլ ծիկրակողները, վարձկան գրչակներն ու ֆեյքային մեկնաբանները, որոնց նպատակը ոչ թե ճշմարտության որոնումն է, այլ քո հեղինակազրկումն ու կերպարի խեղաթյուրումը։

Սակայն իսկական հանրային մարդը նրանց չի պատասխանում՝ ոչ զայրույթով, ոչ էլ կծու հակադարձումով։ Նա գիտակցում է, որ հենց այն պահին, երբ ընտրել է հանրային ճանապարհը, ինքը կամովին զիջել է այդ իրավունքը։

Սա հանրային համաձայնագիր է, որը նա կնքել է ոչ թե թղթի վրա, այլ սեփական խղճի և պարտքի զգացողության մեջ։
Պատասխանի իրավունքից այդ կամավոր հրաժարումը ոչ թե թուլություն է, այլ ուժի արտահայտություն։

Այն ցույց է տալիս, որ հանրային գործիչը վեր է կանգնում անձնական վեճերից և անձնական վիրավորանքներից, որովհետև նրա խոսքը չի պատկանում միայն իրեն, այլ այն հանրային սեփականություն է։ Նա իր լռությամբ ու հանդուրժողականությամբ քարոզում է խոնարհություն, քաղաքացիական համբերություն և հոգևոր դիմացկունություն։

Հանրային գործիչը գիտի, որ իր ամեն մի կոպիտ խոսքը կարող է ընկալվել որպես ատելության լեգիտիմացում, իսկ իր լռությունը՝ որպես համերաշխության կոչ։ Եվ հենց այդ պատճառով նա ընտրում է լռել, քանի որ նրա առաքելությունը ոչ թե հակահարված տալն է, այլ հասարակության մեջ հանդուրժողականության և քաղաքակիրթ բանավեճի մշակույթ ձևավորելը։

Սակայն պետք է հստակ գիտակցել, որ հանդուրժողականությունը անսահման չէ։ Երբ այն դիտվում է որպես թուլություն կամ անպատժելիության երաշխիք, այն սկսում է քայքայել հասարակական բարոյական հիմքերը։ Եթե հանդուրժողականության դիմաց ստացվում է ոչ թե փոխադարձ հարգանք, այլ միայն նոր հարձակումներ ու խեղաթյուրումներ, ապա դա այլևս չի ծառայում հասարակական համերաշխությանը։

Այդ դեպքում հանդուրժողականությունը վերածվում է անտարբերության, իսկ անտարբերությունը՝ վտանգավոր լռության, որը կարող է նաև դառնալ պայթյունավտանգ։