«Ես հայ առաքելական եկեղեցու հավատավոր զավակ եմ», – ասում են այն իշխանության ներկայացուցիչները, որոնք պատրաստվում են (կամ պատրաստվում էին) գրոհել այդ նույն եկեղեցու սիրտը՝ Սուրբ Էջմիածնի Մայր աթոռը, եւ անհեթեթ գործեր են կարում հոգեւորականների դեմ:
Իսկ ի՞նչ նկատի ունեն՝ «հավատավոր զավակ» ասելով: Թերեւս «ճիշտ աղոթքներ» են ուղղում առ Աստված, կամ շաբաթը երկու անգամ պահք են պահում, կամ գուցե ամեն կիրակի մասնակցում են սուրբ պատարագի: Ի դեպ, եթե նրանց ծրագրերն իրականանան, անձամբ ինձ համար դժվար կլինի մտնել այն տաճարը, որը կապ ունի օրվա իշխանության կողմից կազմակերպված հեղաշրջման եւ դրա հետեւանքով նշանակված «բարեվարք ամուսնացյալ քահանայի» հետ:
Կարծում եմ՝ նույն զգացմունքները կունենան հազարավոր մարդիկ Հայաստանում եւ Սփյուռքում: Բայց հիմա մի հարց՝ արդյո՞ք այդ մարդիկ առաքելական ուսմունքի ջատագով են, եւ, ավելի լայն իմաստով, քրիստոնյա են: Քրիստոնյան, իմ պատկերացմամբ, նա է, ում ամեն մի խոսքը եւ ամեն մի արարքը նպաստում է իր ներքին, իր շրջապատի եւ իր երկրի խաղաղությանը:
Երբ քո խոսքերն ու արարքներն ուղղված են պառակտմանը, իրավիճակի թեժացմանը, նորանոր թշնամիների փնտրտուքին, դու չես կարող կոչվել քրիստոնեական որեւէ հիմնական ուղղության «հավատավոր զավակ»: Ինձ թվում է, այսօրվա իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի կյանքը վերածեն դժոխքի՝ այդ բառի բուն իմաստով:
Այդ բառն ինձ համար փոխաբերություն չի, որովհետեւ ես չեմ պատկերացնում դրախտը՝ որպես բուրավետ ծաղիկներով եւ թռչունների ծլծլոցով մի «հանգստավայր» (Ավետարանը, կարծես թե, այդպիսի «բարեկեցություն» մեզ չի խոստացել), իսկ դժոխքը չեմ պատկերացնում որպես մեզ եփող ու տապակող կաթսաների եւ թավաների խոհանոց:
«Աստծո արքայությունը դրսից տեսանելի կերպով չի գալիս, եւ չեն ասի, թե ահավասիկ այստեղ է կամ այնտեղ, որովհետեւ ահա Աստծո արքայությունը ներսում, մեր մեջ է» (Ղուկաս 17:20, 21): Հետեւաբար, դրախտն այն դեպքում է, երբ մենք ապրում ենք իրար սիրելով, ներելով, օգնելով ու վերանձնական ուրախություններ զգալով:
Իսկ դժոխքը՝ երբ մենք իրար ատում ենք, դատում ենք, չենք ուզում ներել, փայփայում ենք մեր վիրավորանքները, մխրճված ենք մեր կրքերի մեջ:
Ահա դրան են նպաստում իրենց «Հայ առաքելական եկեղեցու հավատավոր զավակներ» կոչող որոշները:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, Aravot.am
Բաց մի թողեք
«Ալիևը և Փաշինյանը Զելենսկու դժբախտության ճանապարհին». ԻՀՊԿ գեներալ
Կոչել «հաղթանակ» կամ թեկուզ «ձեռքբերում» ու հրճվե՞լ դրանով` ուղղակի դուրս է առողջ տրամաբանությունից
Ինչո՞ւ զարմանալ Նիկոլ Փաշինյանի ստերից, երբ «Արցախը Հայաստան է և վերջ» գոչելուց հետո հրաժարվեց Արցախից․ Կոստանյան