Հայաստանում ամենաերկար՝ Նոր Հաճնի 640 մետրանոց կամուրջը, որը հուլիսի 16-ից դարձյալ փակ է, նախատեսվում է վերաբացել սեպտեմբերին։ Կամուրջը երթևեկության համար փակվել էր դեռևս 2024 թվականի օգոստոսի 20-ին՝ հիմնանորոգումներ իրականացնելու պատճառաբանությամբ։
Սկզբում խոստացվել էր այն բացել հոկտեմբերին, սակայն ժամկետը հետաձգվել էր, և երթևեկության համար բացվել էր միայն դեկտեմբերի 11-ին։ Այնուամենայնիվ, հուլիսի 16-ին այն դարձյալ փակելու կարիք է եղել։
«Փաստերի ստուգման հարթակը» հարցմամբ դիմել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ պարզելու՝ երբ է կամուրջը վերջնականապես շահագործման հանձնվելու։ Ի պատասխան՝ նախարարությունից հստակ ժամկետ չեն տրամադրել՝ նշելով, որ կամրջի վերանորոգման աշխատանքները նախատեսված է ավարտել մինչև սեպտեմբեր։
Այս կամրջի փակ լինելը զգալի անհարմարություններ է պատճառում վարորդներին․ առաջարկվող այլընտրանքային երթուղիները կամ երկար են, կամ գտնվում են անմխիթար վիճակում։
Fip.am-ի այն հարցին, թե ինչու էր անհրաժեշտ կամուրջը կրկին փակել ընդամենը յոթ ամիս անց՝ դեկտեմբերի 11-ի վերաբացումից հետո, և արդյոք դա վկայում է, որ հիմնանորոգումն իրականացվել է ոչ պատշաճ, նախարարությունից նախ պարզաբանել են՝ դեկտեմբերի 11-ին կամուրջը շահագործման չի հանձնվել, ապա հավելել․ «Նշված օրը կամուրջը ժամանակավորապես է բացվել երթևեկության համար՝ միաժամանակ նշելով, որ հիմնանորոգման աշխատանքները դեռևս չեն ավարտվել։ Մինչև դեկտեմբերի 11-ը կամրջի վրա կատարվել են տարբեր բնույթի աշխատանքներ»։
Հատկանշական է, սակայն, որ ՏԿԵ նախկին նախարար Գնել Սանոսյանի հայտարարությունը կամրջի շահագործման վերաբերյալ հակասում է կամուրջը «բացել-փակելու» քաղաքականությանը։
Դեռևս նախորդ տարի նոյեմբերին նախկին նախարարը Ազգային ժողովում հայտարարել էր․ «․․․Ինչքան էլ տեղին է դժգոհությունը (քաղաքացիների դժգոհության մասին է խոսքը-խմբ․), մենք չենք կարող կամուրջը բացել, հետո փակել: Կամուրջը ունի լրջագույն խնդիրներ և պետք է լրջագույն հիմնանորոգման ենթարկվի․․»։ Մինչդեռ տեղում շինարարություն իրականացնող ընկերության ներկայացուցիչը, որը նաև ղեկավարում է աշխատանքների ընթացքը, լրատվամիջոցներին ասել էր, որ քաղաքացիների դժգոհությունների արդյունքում է դեկտեմբերի 11-ին կամուրջը երթևեկության համար բացվել։
Այդուհանդերձ, նախարարությունից փորձել էինք պարզել՝ եթե Նոր Հաճնի կամրջի հիմնանորոգման աշխատանքների ավարտի ժամկետը նշվում էր 2025 թվական, ապա ինչու այն բացվեց ավելի վաղ։ Ի պատասխան՝ նախարարությունը ներկայացրել է ընդհանրական բացատրություն՝ առանց հստակ պատճառ նշելու․ «Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ աշխատանքների ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով։ Եթե շինարարն այս ժամկետում չավարտի աշխատանքները, կկիրառվեն պայմանագրով և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցներ»։
Ինչ վերաբերում է իրականացվելիք աշխատանքներին, նախարարությունից տեղեկացրել են, որ աշխատանքներ պետք է կատարվեն «կամրջի երթևեկելի մասում, մասնավորապես՝ դեֆորմացիոն կարերի ու անավարտ մնացած աշխատանքների հետ կապված»։
Նկատենք՝ կամրջի վերանորոգման պայմանագրային արժեքը շուրջ 421 մլն դրամ է։ 2024 թվականին իրականացվել է միայն շուրջ 289 մլն դրամի աշխատանք։
Նոր Հաճնի կամուրջը իր տեսակի մեջ եզակի կառույց է համարվում Հայաստանում։ Այն երկհարկանի է՝ ստորին հարկով անցնում է երկաթուղին, իսկ վերին հարկով՝ ավտոճանապարհը։ Կամրջի ամբողջ երկարությունը 640 մ է, լայնությունը` 14,5 մ: Կամրջային անցումը կազմված է աջափնյա և ձախափնյա էստակադաներից, մետաղական թռիչքային կառուցվածքից:
ՏԿԵՆ-ից նշել են, որ կամուրջը վերջին մի քանի տասնամյակում չի նորոգվել, և «լուրջ վերանորոգման կարիք ունեին մետաղական թռիչքային կառուցվածքները, երթևեկելի հատվածը»։
Հասմիկ Համբարձումյան
Բաց մի թողեք
Իրանը չունի ռազմական ուժ՝ 12-օրյա պատերազմից հետո «Թրամփի ճանապարհը» փակելու համար. Թրամփ
Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՀ – ՀՀ համաձայնագիրը․ Լուսանկար
Թրամփն անտեսել է հայ ռազմագերիների մասին հարցը