11/08/2025

Հայաստանից ծաղիկների արտահանման փշոտ ճանապարհը

Արտահանման խոչընդոտներ ռուսական կողմից

Այս տարվա հունիսի սկզբից Հայաստանի ծաղիկ արտահանողները բախվել են խնդիրների՝ պայմանավորված Ռուսաստանի Դաշնության կողմից առաջ քաշված մի շարք պահանջներով և պատճառաբանություններով։ Հունիսի 3-ին ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») հայտարարություն է տարածել Հայաստանից արտահանվող ծաղիկների բուսասանիտարական ռիսկերի վերաբերյալ՝ ընդգծելով նաև Հայաստանից ներմուծվող ծաղիկների ծավալի կտրուկ և կասկածելի աճը։

«Կտրված ծաղիկներն ու բողբոջները պատկանում են բարձր բուսասանիտարական ռիսկ ունեցող կարանտինային արտադրանքի կարգին։ Կարանտինային վնասատուների ներթափանցումը, տարածումը և ակլիմատիզացիան կարող են լուրջ սպառնալիք ներկայացնել Ռուսաստանի տարածքի բուսասանիտարական բարեկեցության, այդ թվում՝ զարգացող հայրենի ծաղկաբուծության համար։ 2025 թվականին նկատվում է Հայաստանից կտրված ծաղիկների ներմուծման կտրուկ աճ։ Ընթացիկ տարվա սկզբից ներմուծվել է 52 միլիոն միավոր ծաղիկ, ինչը 49.7%-ով գերազանցում է 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ 34.7 միլիոն միավոր», — նշված է հայտարարությունում։

Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) նույն օրը ռուսական կողմից պաշտոնական նամակ է ստացել։ «Ռուսական կողմը կարծում է, որ երրորդ երկրներից Հայաստան ներմուծվող ծաղիկները հայկական սերտիֆիկատով վերաարտահանվում են Ռուսաստան։ Սակայն դա չի համապատասխանում իրականությանը, քանի որ Հայաստան ներմուծվող ծաղիկների ծավալն այնքան մեծ չէ, որ հնարավոր լինի վերաարտահանում իրականացնել։ Այդ ծաղիկները սպառվում են Հայաստանում։ Միաժամանակ, Հայաստանի արտադրական հնարավորությունները թույլ են տալիս արտահանել ռուսական կողմի նշած ծավալները»,- ասում է ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է առաջացած սահմանափակումների հետևանքներն ու Հայաստանից ծաղիկների արտահանման ժամանակագրությունը։

Ստուգումներ ծաղիկ արտադրողների մոտ

Խնդրի արձանագրումից հետո ՍԱՏՄ-ն ռուսական կողմի հետ համատեղ սկսել է ստուգումներ իրականացնել ծաղիկ արտադրողների ջերմոցներում։ Ըստ Հարությունյանի՝  մինչ օրս ստուգվել է 700 ծաղիկ արտադրողներից 35-ի ջերմոցները՝ ընդհանուր 101 հա տարածքով։ Այդ ընկերություններից միայն 14-ը՝ 71 հա ընդհանուր տարածքով, ստացել են արտահանման թույլտվություն։ Մնացած 21 տնտեսվարողների հարցը դեռ ուսումնասիրության փուլում է։

Հայաստանում գործում է ավելի քան 700 ծաղկի ջերմոց, որոնցից 300-ը խոշոր են։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստուգումները սկսվել են խոշոր տնտեսվարողներից, խնդրի արձանագրումից մոտ 2 ամիս անց ստուգվել է խոշոր ջերմոցների մոտ 12%-ը։

Հայ-ռուսական համաձայնություն

Հաշվի առնելով աշխատանքի մեծ ծավալը՝ «Ռոսսելխոզնադզորը» հուլիսի 29-ին ՀՀ ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանի հետ հանդիպումից հետո հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ փոխհամաձայնության արդյունքում ստուգումներն այսուհետ կարող են իրականացվել նաև միայն Հայաստանի իրավասու մարմնի կողմից և պատասխանատվությամբ։

«Սա դրական նորություն է, քանի որ թույլ կտա այդ գործընթացում ներգրավել մեր մարզային տեսչական խմբերին և ստուգումներն իրականացնել ավելի սեղմ ժամկետներում՝ մեղմելով տնտեսվարողների ֆինանսական ռիսկերը»,- ասում է Անուշ Հարությունյանը։

Հայաստանի ծաղիկների արտահանման պատմությունը

Հայաստանից ծաղիկների արտահանումը վերջին 9 տարիներին գրանցել է կայուն աճ։ Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալների՝ 2016 թվականին արտահանվել է 11.3 միլիոն հատ և 32․8 տոննա ծաղիկ, մինչդեռ 2023 թվականի տարեկան արդյունքներով՝ 42.4 միլիոն հատ և 2188 տոննա ծաղիկ։ Իսկ ահա 2024 թվականի առաջին կիսամյակում այդ ցուցանիշը հասել է 22.9 միլիոն հատի և 1289 տոննայի։

Ռուսաստանի գերակայությունը արտահանման շուկայում

Ծաղիկների արտահանման գերակշիռ մասը բաժին է ընկնում Ռուսաստանի Դաշնությանը։ 2019 թվականին ՌԴ-ն կազմել է արտահանման ընդհանուր ծավալի շուրջ 90%-ը (14 միլիոն հատ և 7 տոննա ծաղիկ), իսկ 2023 թվականին՝ շուրջ 99.7%-ը (35 միլիոն  հատ և 2087 տոննա), ինչը վկայում է Հայաստանի՝ ռուսական շուկայից գրեթե լիակատար կախվածության մասին։

2023 թվականի տվյալներով՝ փոքր ծավալներով ծաղիկ է արտահանվել Վրաստան (7 միլիոն հատ և 100 տոննա), Ղազախստան (78․600 հատ և 136 կգ), Շվեդիա (56․700 հատ), ԱՄՆ (360 հատ) և Արաբական Միացյալ Էմիրություններ (210 հատ)։

«Ռոսսելխոզնադզորի» տարածած վերջին հաղորդագրության համաձայն՝ այս տարեսկզբից մինչ հուլիսի 23-ը ՀՀ-ից ՌԴ է մատակարարվել ավելի քան 71.1 միլիոն ծաղիկ։ 2024 թվականի ընթացքում ՀՀ-ից ՌԴ ընդհանուր առմամբ արտահանվել է 84.4 միլիոն ծաղիկ:

Այսպիսով, արտահանման սահմանափակումներից երկու ամիս անց Հայաստանի ծաղիկների արտահանման խնդիրը լիարժեք չի լուծվել. 700 ջերմոցներից ստուգվել է ընդամենը 35-ը, որոնցից միայն 14-ն են (71 հա) ստացել արտահանման թույլտվություն:

Ռուսաստանի սահմանափակումները սպառնում են Հայաստանի ծաղկաբուծության ոլորտին, իսկ դեպի ՌԴ արտահանման սահմանափակումները ընդգծում են շուկայական կախվածության ռիսկերն ու նոր շուկաների ձևավորման հրատապ անհրաժեշտությունը։

Գայանե Մարկոսյան