Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելին լրագրողներին ասել է, որ Սյունիքի երթուղին «կապահովի անխոչընդոտ տեղաշարժ՝ ընդսմին հարգելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը և նրա ժողովրդի ինքնիշխանությունը» և հավելել, որ «նախագիծն իրականացվելու է Հայաստանի օրենսդրության շրջանակներում»:
Ըստ այդմ, նախագահ Դոնալդ Թրամփը կստորագրի Հայաստանի հետ ծրագրի մշակման հարցերով բանակցային խումբ ձևավորելու հրամանագիր:
Դիվանագետները նման իրավիճակի մասին ասում են, որ «ոչինչ համաձայնեցված չէ, եթե ամեն ինչ համաձայնեցված չէ»: Առջևում սպասվում են հայ-ամերիկյան բանակցություններ, բայց սկզբունքային երկու հարց, կարծես, անշրջելի է: Սյունիքի երթուղին պատկանում է Հայաստանին, տեղաշարժը կարգավորվելու է Հայաստանի օրենսդրության շրջանակներում:
Սյունիքում հաղորդակցության բացման հարցը կարո՞ղ էր կարգավորվել ավելի վաղ: Ինչպես հայտնի է, անցյալ տարվա դեկտեմբերին Ադրբեջանը մերժել է Բլինկեն-Միրզոյան-Բայրամով հանդիպումը, որ կարող էր ավարտվել հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագրի» համաձայենցման մասին համատեղ հայտարարությամբ:
Ալիևն, ամենայն հավանականությամբ, հաշվարկել էր, որ գործարար Թրամփը կչեղարկի դեմոկրատական վարչակազմի նախագծումները, հնարավոր կլինի ամեն ինչ սկսել «մաքուր էջից»:
Այդ հաշվարկը չարդարացավ: Եթե Սյունիքի երթուղու մասին Սպիտակ տան ներկայացուցչի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, իսկ նման դեպքերում վրիպումները բացառված են, ապա ըստ էության ստացվում է, որ Սյունիքում էքստերիտորիալ միջանցքի թեման փակվում է, տեղաշարժի հսկողություն կիրականացվի Հայաստանի օրենսդրության շրջանակներում, հնարավոր է, որ մաքսային ստուգումներ իրականացնեն ամերիկացիները:
Սա մի կարգավորում է, որ Հայաստանի շահերը չի անտեսում, բայց Ադրբեջանի և Թուրքիայի համար ակնհայտորեն ոչ կոմֆորտ է: Բաքվում և Անկարայում, ամենայն հավանականությամբ, նման անակնկալ չի կանխատեսվել, և թուրքական դիվանագիտությունը փաստացի հայտնվել է ծուղակում:
Սյունիքի երթուղում ԱՄՆ ներկայությունը «հատում է» թուրքական աշխարհի միասնությունը:
Կենտրոնական Ասիայի, Պակիստանի, Աֆղանստանի, Չինաստանի հետ ռազմավարական նշանակության հաղորդակցության ցանկացած ծրագիր Թուրքիան ստիպված կլինի քննարկել արդեն ոչ միայն Հայաստանի, այլև՝ Միացյալ Նահանգների հետ:
Այսպիսով, Բաքուն և Անկարան, բացահայտ կամ քողարկված ձևով վիճարկելով Սյունիքի երթուղու նկատմամբ Հայաստանի ինքնիշխանությունը, հետայսու ստիպված կլինեն հաշվի նստել նաև Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական ծրագրավորումների հետ:
Վաշինգտոնում Թրամփ-Փաշինյան-Ալիևի գագաթաժողովի նախօրեին Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան փոխվող աշխարհում պետք է լինի առանձին բևեռի առաջնորդ: Իսկ Միացյալ Նահանգներին որքանո՞վ է ձեռնտու գործ ունենալ ուժային ևս մեկ կենտրոնի՝ թուրքական աշխարհի կամ թուրք-իսլամական «կոնֆոդերատիվ բեւեռի» հետ:
Մանավանդ որ շատ հստակ դիտարկվում է Չինաստան-Պակիստան-Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական համագործակցության «հետագիծ»:
Ստացվում է, որ Էրդողանը, տուրք տալով Ալիևի գերհավակնոտությանը կամ չընկալելով նրա դիտավորությունը, ակամայից նպաստել է, որպեսզի Միացյալ Նահանգները «նստի» Սյունիքի հաղորդուղու վրա, ընդսմին՝ երաշխավորելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը և նրա ժողովրդի ինքնիշխանությունը, հարգելով օրենսդրությունը:
Հնարավո՞ր է, որ նոր իրավիճակում Թուրքիան կորցնի «Թուրանի ճանապարհի» հանդեպ հետաքրքրությունը: Մանավանդ որ զուգահեռաբար նա բախվել է ևս մեկ, ոչ պակաս կարևոր մարտահրավերի. Իսրայելի կառավարությունը, ոչ առանց ԱՄՆ համաձայնության, Գազայն լիովին օկուպացնելու որոշում է ընդունել: Թուրքական դիվանագիտությունը կարո՞ղ է շրջվել դեպի Ռուսաստան:
Բաց մի թողեք
Թրամփը կարող է ձգձգել բանակցություններն ու պայմանագրի կնքման գործընթացը, դա ձեռնտու է նաև Ալևին
Ալիևի քաղաքականությունը չափազանց լավ գիտեմ, այդ դերասանական խաղին հավատալու համար. Հայրապետյան
Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը սկսվել է Ռուսաստանի աջակցությամբ. Զախարովա