Վաշինգտոնում հայ-ադրբեջանական գագաթնաժողովից հետո Պակիստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուհամեդ Իսհակ Դարը սոցիալական X հարթակում գրառում է կատարել.
«Այսօր, հիրավի, պատմական պահ է, քանի որ Ադրբեջանը և Հայաստանը երկարաձգված հակամարտության, որ տևել է ավելի քան երեք տասնամյակ, կարգավորման ուղղությամբ վճռական քայլ են կատարում»,- գրել է պակիստանցի դիվանագետը:
Իր խոսքում նա գնահատել է Ադրբեջանի նախագահի «հեռատեսությունը և վճռականությունը, որ գլխավորում է այդ գործընթացը», իսկ Դոնալդ Թրամփին երախտագիտություն է հայտնել «այդ ճեղքմանն աջակցելու դերի համար» և ամփոփել, որ Ադրբեջանը «շարժվում է Հայաստանի հետ խաղաղության ճանապարհով», ինչի առթիվ նա շնորհավորել է ադրբեջանցի գործընկեր Բայրամովին:
ԽՍՀՄ փլուզմանը հաջորդած առաջին ամիսներից ի վեր Պակիստանը հանդիսանում է Ադրբեջանի մերձավորագույն դաշնակիցներից մեկը: Բաց աղբյուրներում բազմաթիվ վկայություններ կան, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության և զինված ուժերի կազմավորման նախնական փուլում թուրք «պաշտոնաթող սպաների» հետ հավասար՝ Պակիստանի ԶՈՒ բազմաթիվ բարձրաստիճան սպաներ գտնվել են Բաքվում, ինչպես նաև՝ ղարաբաղյան առաջին պատերազմի ռազմաճակատներում:
Պակիստանը Հայաստանի անկախությունը չի ճանաչել՝ այդ հարցում գերազանցելով անգամ Թուրքիային: Վաշինգտոնի գագաթաժողովին պաշտոնական Իսլամաբադի արձագանքում, ինչպես վկայում է Մուհամեդ Իսհակ Դարի սոցցանցային գրառումը, Նիկոլ Փաշինյանը չի հիշատակված, Երևանի հասցեին դրվատանքի որևէ արտահայտություն Պակիստանի փոխվարչապետ-արտաքին գործերի նախարարը չի օգտագործել:
Փոխադարձ ճանաչման և դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում դա, երևի, արարողակարգային «անտեսում է»: Բայց Պակիստանի ընդհանուր առմամբ կառուցողական արձագանքն անտեսել, երևի, չի կարելի:
Չնայած սոցիալ-տնտեսական և այլ բազմաթիվ խնդիրների առկայությանը, Պակիստանը միջազգային հարաբերություններում որոշակի ազդեցություն ունեցող երկիր է թեկուզ այն առումով, որ տիրապետում է միջուկային զինանոցի:
Հայտնի չէ՝ անցած ավելի քան երեսուն տարիներին պաշտոնական Երևանը Իսլամաբադի հետ կոմունիկացիա հաստատելու փորձ ձեռնարկե՞լ է, որևէ երկիր Հայաստան-Պակիստան փոխադարձ ճանաչման միջնորդության քայլ ձեռնարկե՞լ է:
Այդ մասին հրապարակային տեղեկություն երբեք չի տարածվել, բայց դրանից չի հետևում, թե այդ ուղղությամբ դիվանագիտական լուրջ աշխատանքի անհրաժեշտություն չկա:
Պակիստանը պաշտոնապես իսլամական պետություն է, անդամակցում է Իսլամական համագործակցության կազմակերպությանը, չնայած առկա տարաձայնություններին, տարածքային հարցերում փոխադարձ վերագրումներին, բավական լուրջ կապեր ունի Հայաստանի անմիջական հարևան Իրանի հետ:
Ակնկալվում է, որ ամենամոտ ապագայում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կայցելի Երևան: Անոնսավորված է նաև նրա Իսլամաբադ այցը: Իրանը կարո՞ղ է միջնորդել, որ Հայաստանի և Պակիստանի միջև գոնե նախնական շփումներ սկսվեն:
Գործնական հարաբերությունների մասին այս փուլում, անշուշտ, վաղ է խոսել, բայց Հայաստանը պետք է դիվանագիտական բոլոր հնարավորություններն օգտագործի, որպեսզի հաղթահարի թեկուզ մեկ պետության կողմից չճանաչվածության խոչընդոտը:
Բաց մի թողեք
Վահագն Ալեքսանյանը անօրինական միջոց է նվիրել սեփական կուսակցությանը․ AntiCor
Թաթոյանը Սերժ Սարգսյանի վերաբերյալ հարցերին պատասխանելու փոխարեն նախընտրում է «մինչև վերջ հանվելը»
Մոսկվան գոհ է Երևանի և Անկարայի միջև երկխոսության ակտիվացումից, որը «սկսվել է Ռուսաստանի օգնությամբ»