Վաշինգտոնյան պայմանավորվածությունները «տրիումֆ» հռչակողները, ինչպես նաև սրան ընդդիմախոսողներին հակադարձող՝ աղմկոտ ու բովանդակազուրկ քննադատողները, նախևառաջ պարտավոր են իրենց գիտակցության մեջ հստակ արձանագրել հետևյալ փաստերը.
1. Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ընթացքում կիրառել է միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ, այդ թվում՝ ֆոսֆորային ռումբեր։
2. Պատերազմի ողջ ընթացքում Ադրբեջանը ներգրավել է վարձկան ահաբեկիչների, համալրելով նրանցով իր առաջնագիծը։
3. Իլհամ Ալիևը հանդիսանում է մարդկության դեմ հանցագործություն կատարած դիկտատոր, որն իրագործել է ցեղասպանական գործողություններ Արցախի բնիկ ժողովրդի հանդեպ՝ 2023 թ. սեպտեմբերին բռնի տեղահանելով նրանց իրենց պատմական հայրենիքից։
4. Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքների մի մասը՝ մի դեպքում՝ ուղիղ ռազմական ներխուժմամբ, մյուս դեպքում՝ շինծու «դեմարկացիայի» և «դելիմիտացիայի» անվան տակ։
5. Ադրբեջանը պահում է անազատության մեջ Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարությանը, ենթարկելով նրանց կեղծ և կանխորոշված դատավարությունների։
6. Ադրբեջանին հաջողվել է թաղել արցախահայության՝ բնօրրան վերադառնալու իրավունքը, ինչպես նաև դրա շուրջ բանակցելու հնարավորությունը՝ չեղարկելով անգամ միջազգային երաշխիքների ենթադրյալ մեխանիզմները։
7. Ադրբեջանն ու Թուրքիան բացահայտ հայտարարում են, որ Սյունիքը իրենց է պատկանում, Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է, և իբր պետք է շուրջ 300 հազար ադրբեջանցի «վերադառնա» Հայաստան, իսկ Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը՝ այս հովանավորած ծրագրերի հիման վրա։
Այս ամենը փաստեր են, որոնք որևէ կերպ չեն վերանում Վաշինգտոնյան փաստաթղթերի ստորագրմամբ։ Հետևաբար, պետք է հստակ հարց ուղղել էյֆորիայի մեջ գտնվողներին ու «տրիումֆի» մունետիկներին՝ այդ փաստաթղթերով մենք վերոհիշյալ հիմնախնդիրներից որո՞նք ենք համարում լուծված։
Չէ՞ որ, իրողության մեջ, ակնհայտ է վտանգը, որ այս ստորագրություններով մենք ոչ միայն չենք լուծում այդ խնդիրները, այլև մաքրազարդում ենք Ալիևի հանցագործությունները, կորցնելով դրանց շուրջ միջազգային հայցեր ներկայացնելու իրավական և քաղաքական հնարավորությունը։
***
Սյունիքի «միջանցքի» շուրջ երեկվա փաստաթղթային պայմանավորվածությունները սպասելիորեն առաջացրել են էյֆորիկ տրամադրություններ և ձեռքբերումների ուռճացված գովազդ՝ հատկապես այն շրջանակներում, որոնք առաջնորդվում են սիտուացիոն մտածողությամբ կամ իշխանական քարոզչության տրամաբանությամբ։
Այս մթնոլորտը լիովին բացատրելի է՝ հաշվի առնելով մոտակա քաղաքական դիրքավորումների նպատակները։
Այնուամենայնիվ, ազգայինն ու պետականությունը խորությամբ գնահատող հանրույթը, որը կանխատեսում է մեր երկրի համար երկարաժամկետ վտանգներ, այդ թվում՝ տարածքային կորստի և «կիպրոսացման» իրական սցենարը, հաճախ հայտնվում է մարգինալացման իրավիճակում։
Բնականաբար, այս խմբի մտահոգությունները պատշաճ արձագանք չեն գտնում, քանի որ հասարակության ներսում գերակայում է «խաղաղության պատրանքով» ապրելը։ Արդյունքում պարտության ընդունումն ու դրանից դասեր քաղելը մերժվում են՝ վերածվելով լռության և խուսափողականության քաղաքականության։
Վերջիվերջո, երբ պետականության կորստի վտանգը արձանագրող գործիչները բարձրաձայնում են իրենց ահազանգը, նրանք ոչ միայն մերժվում են, այլև հաճախ դառնում են հասարակական պարսավանքի թիրախ՝ «դժբախտ կանխատեսումներ» անողների պիտակով։
Այս պայմաններում ցավալի է տեսնել, որ մենք, որպես ժողովուրդ, հաճախ ապավինում ենք հաճելի թմբիրին՝ չանդրադառնալով խորքային ու վտանգավոր գործընթացներին։
Այդ գործիչները իրականության ծանրությունից են մտահոգվում և պատրաստ են ասել ճշմարտությունը՝ անկախ հանրային արձագանքից, շարունակում են այդ մենակյացի ուղին հանուն մեր ժողովրդի ապագայի։ Ակնհայտորեն, ճշմարտությունն ասելը հազվադեպ է հարմարավետ։
Սիրելի ժողովուրդ, մենք ընտրում ենք այդ ճանապարհը՝ անգամ քարկոծվելու գնով, որպեսզի քո ապրելու հնարավորությունը չկորչի, թեկուզ հաճախ թվում է, թե կամքն ինքնին հասել է սպառման եզրին։
Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան երկու գրառումները
Բաց մի թողեք
Սա վերջնագրային բնույթի հայտարարություն է․ Բադալյան
Իշխանության տիրացածները այդպես էլ այդ կարողությունները չունեցան․ Սադոյան
Հայաստանի տարածքով ոչ մի միջանցք կոչեցյալ չի կարող ստեղծվել՝ իրանական կողմի հստակ դիրքորոշումը․ Ոսկանյան