Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով նախաքննությունն ավարտվել է եւ ուղարկվել դատարան: Գործի քննությունը մակագրվել է Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանին։
Հրապարակ թերթը գրել է․ Հիշեցնենք, որ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 18 անձի՝ ահաբեկչության եւ իշխանության յուրացման նախապատրաստման հոդվածներով։ Հիշեցնենք, որ այս գործով կալանավորվել է 18 անձ, այդ թվում՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը, Տավուշի թեմի մամուլի քարտուղար, Սրբազան պայքարի մասնակից Լիդիա Մանթաշյանը, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը, գնդապետ Միհրան Մախսուդյանը, Սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանը, զոհված զինծառայողի հայր Արա Ռոստոմյանը, Աղվան Արշակյանը, բլոգեր Արմեն Ալեքսանյանը, Կարո Օկոմուշյանը, Տիգրան Թոփալյանը, գործարար Տիգրան Գալստյանը, Հրայր սարկավագ Հակոբյանը, ակտիվիստ Արսեն Ղազարյանը։
Ավելի ուշ նույն գործով կալանավորվեց նաեւ Արթուր Սարգսյանը։ Վերաքննիչ դատարանի որոշմամբ, հետագայում Հրայր սարկավագն ազատ արձակվեց։ Իհարկե, տարօրինակ էր, որ նման ծավալի գործի քննությունն այդքան արագությամբ ավարտեցին, քանզի մեծ ծավալի աշխատանք կար անելու, մեծ թվով վկաների պետք է լսեին, փորձաքննություններ իրականացնեին:
Թե ինչպես է նախաքննական մարմինը նման արագությամբ ավարտել գործի քննությունը, արդեն կասկածի տեղիք է տալիս:
Դատական նիստի օրը դեռեւս նշանակված չէ։ Դատավոր Ֆարխոյանը հին կադր է դատական համակարգում, նրա անունը եւս կապվում է քաղաքական պատվերներ կատարելու հետ։ Ֆարխոյանի թեթեւ ձեռքի տակով են անցել ընդդիմադիրները, այդ թվում՝ Գորիսի քաղաքապետ, երբեմնի ընդդիմադիր Առուշ Առուշանյանը, ՀՀ ԱԺ նախկին գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը, Նարեկ Սամսոնյանը, քաղաքագետներ Արմեն Մինասյանը եւ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, Նարեկ Մալյանը եւ այլ գործիչներ։
Մակագրման համակարգո՞վ է գործը հասել Կարեն Ֆարխոյանին՝ հարցրինք Բագրատ սրբազանի փաստաբան Սերգեյ Հարությունյանին։ «Ես տեղյակ չեմ՝ մակագրումը ոնց է եղել, բայց մեր երկրում ես վաղուց պատահականությունների չեմ հավատում»,- ասաց նա։
– Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ 18 անձի առնչվող քրեական գործը մի քանի օրում քննեցին, ավարտեցին։ Պարզ քրեական գործերը, օրինակ՝ ավտովթարի հետ կապված, մեկ տարուց ավելի նախաքննություն են անում։
– Կարելի է ասել՝ Ձեր հարցի մեջ պատասխանը կա։ Այս հրատապությունը, ջանասիրությունը ցույց են տալիս, որ սա քաղաքական պատվեր է, քաղաքական հետապնդման դրսեւորում։ Երբ Բագրատ սրբազանին ձերբակալել են, ես ասել եմ՝ սա ուղղված է Եկեղեցին թիրախավորելուն եւ երկրորդը՝ հանրությանը շեղելուն, ժամանակը ցույց տվեց, որ վերջին դեպքերն այս ամենի հետ են կապված։ Այն մարդիկ, որոնք Եկեղեցու կողքին էին, այդպիսի մարդկանց մեկուսացնելու խնդիր ունեին, հիմա էլ քաղաքական շոու անելու խնդիր ունեն։ Ես վստահ եմ, որ բոլորդ դատական նիստի ընթացքում համոզվելու եք, թե ինչ ոչ հիմնավոր գործի հետ գործ ունենք, սակայն իրենց խնդիրն էր՝ մեկուսացնել Բագրատ սրբազանին, Միքայել սրբազանին, Սամվել Կարապետյանին։ Դա արել են` փորձելով նրանց հանրության մոտ հեղինակազրկել, ինչը չստացվեց։
– Խոսենք փաստական տվյալներից․ ի՞նչ է ներկայացնելու դատախազությունը դատարանին։
– Ինչը ներկայացվել է՝ 34 հատոր, յուրաքանչյուր անաչառ դիտորդի մոտ կարծիք է կազմվելու, որ այն կապ չունի ահաբեկչության հետ, իշխանությունը զավթելու կամ զանգվածային անկարգությունների հետ։
– Մենք գրել էինք, որ մի դրվագով ձայնագրության մեջ խոսքը կտրված է՝ մոնտաժված։ Մյուս դրվագներով ի՞նչ վիճակ է, մոնտաժված հատվածներ էլի՞ կան։
– Օր առ օր ամեն ինչ կհրապարակենք, ամեն ինչին կանդրադառնանք։ Ժամանակը ցույց կտա, որ Բագրատ սրբազանը եւ իր մերձավորներն անմեղ են։
– Տեսակցությունների հետ կապված փոփոխություն չի՞ եղել, ի սկզբանե արգելված էին մեղադրյալների բոլոր տեսակցությունները։
– Միայն փաստաբաններին է թույլատրվում տեսակցություն։
– Առաջին նիստին քննարկվելու է խափանման միջոցի հարցը, ի՞նչ կանխատեսում ունեք։
– Գիտեք` ի սկզբանե ընտրված խափանման միջոցը եւ կալանքի միջնորդությունն անհիմն էին, ցավոք, տեսանք բոլորս՝ ինչ տեղի ունեցավ, նույն դատավորի մոտ էր նաեւ Միքայել սրբազանի գործը, այժմ նրանք նույն խցում են։ Սա ավելի շատ լինելու է ոչ թե զուտ դատական պրոցես, այլ լինելու է հանրային դատական լսումներ, եւ հանրությունն է հասկանալու՝ ինչ է կատարվելու։
ՀԳ․ Նշենք նաեւ, որ մյուս քաղաքական գործերով եւս քննություններն արդեն ավարտվել են` Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի: Աջապահյանի գործը հասել է արդեն դատարան, մակագրվել դատավոր Արմինե Մելիքսեթյանին, առաջին նիստի օրն էլ նշանակվել է՝ օգոստոսի 15։
Բաց մի թողեք
Ցավալիորեն՝ սեպտեմբերի 1-ին չենք հանդիպի համալսարանում․․․ Ընկերոջս հիշատակին
Կայանված մեքենաները հանում են՝ ճռիկ-վռիկներ Երևանում․ Տեսանյութ
10 մարզ, 10 հիվանդանոց. ինչու է նախարարն օպտիմալացնում ԲԿ-ները