17/10/2025

Ալիևի հանձնարարած տնային աշխատանքը կատարում ենք բոլորս․ Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի գրառումը․

«Ինչ ու ինչքան է պետք հասկանալու համար մի պարզ ճշմարտություն, որ խաղաղություն բերում է, ոչ թե ամեն գնով խաղաղություն բերող իշխանությունը, այլ պատերազմի պատրաստ պատերազմի իշխանությունը:

Աշխարհում միջուկային պատերազմ չկա և չի եղել դեռ միայն մեկ ուժով՝ միջուկային զենք ունեցողները զսպում են միմյանց միայն այն ուժով, որ պատրաստ են փոխադարձ ոչնչացման: Դա է խաղաղության ֆորմուլան, դա կոչվում է փոխզսպման քաղաքականություն:

Եթե որևէ՝ կուզեք արևմտյան, կուզեք արևելյան, կուզեք ասիական պետության իշխանություն խոսի նրա մասին, որ պատերազմի պատրաստ չէ և ուզում է խաղաղություն ունենալ  իր երկրի նկատմամբ բոլոր հնարավոր և անհնար նկրտումներն ունեցողի հետ, ապա այդ երկրի ողջ իշխանությունը հավետ կմոռանա իր քաղաքական գոյության մասին, էլ չասեմ քաղաքական ապագան:

Կմոռանա որովհետև ունի մեկ և անբեկանելի պարտականություն, որը ոչ թե խաղաղության քարոզ անելն է այլ պատերազմի պատրաստ լինելը: Եթե պատրաստ չէ, նշանակում է չի արել անհրաժեշտը պատերազմը զսպելու համար, եթե չի արել  ուրեմն կամ պետք է գնա և թույլ տա, որ գան նրանք, ովքեր դա ունակ են անել, եթե դա էլ  չի արել, ուրեմն արդեն անցել է հակառակորդի կողմը: Այլ ֆորմուլա աշխարհում չկա:

Ինչ ենք անում մենք: Զգու՞մ եք, որ Ալիևի հանձարարած տնային աշխատանքը  անում ենք բոլորովս: Գիտեք ինչո՞ւ բոլորովս, որովհետև այն ի սկզբանե չանելու փոխարեն «տնային աշխատանքի» քննարկումն ենք անում, վերլուծում, փորձում հասկանալ այդ դասը սովորելուց ու գրատախտակի մոտ պատասխանելուց հետո բավարար կստանանք, թե՞ անբավարար:

Մինչդեռ Ալիևը հանձնարարել է մի «տնային աշխատանք», որի իմաստն ու նպատակը, ոչ թե բավարար կամ անբավարար ստանալն է այլ առհասարակ դպրոցից հեռացնելը անկախ «տնային աշխատանքի» կատարողականից:

P.S. Հենց էսպես քննարկում էինք մեկ այլ տնային աշխատանք, որի անունն էր «Մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը»: Հասկացեք, այս «տնային աշխատանք»  կոչված անեստեզիան բուժման մասին չէ, այն անդամահատման մասին է»: