ԱՄՆ ռազմական հետախուզության ղեկավարը հեռացվել է աշխատանքից, քանի որ Իրանի հարվածների վերաբերյալ նրա վերլուծությունը չի համընկել Թրամփի վերլուծության հետ:
Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը աշխատանքից ազատել է Պենտագոնի Պաշտպանական հետախուզական գործակալության (ՊՀԳ) ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ջեֆրի Քրուզին և կասեցրել է երկու այլ բարձրաստիճան զինվորականների աշխատանքը։ Հեռացման պատճառները պաշտոնապես չեն հայտարարվել, ազատումը որակվել է որպես «վստահության պակաս, սակայն, ինչպես նշում է ամերիկյան մամուլը, դա տեղի է ունեցել Սպիտակ տան կողմից գործակալության զեկույցի քննադատությունից կարճ ժամանակ անց, որը գնահատում էր Իրանի վրա ամերիկյան հարվածների հետևանքները։
Հունիսի վերջին՝ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողության ավարտից կարճ ժամանակ անց, ՊՀԳ-ն հրապարակել է զեկույց, որում նշվում էր, որ ամերիկյան հարվածները Իրանի միջուկային ծրագիրը հետ են մղել ընդամենը մի քանի ամսով։
Այս գնահատականը զայրացրել է Դոնալդ Թրամփին, որը նախկինում գործողությունն անվանել էր «անսովոր ռազմական հաջողություն», ասելով, որ բոլոր երեք միջուկային վայրերն էլ «լիովին ոչնչացվել են», և Իրանի՝ Թրամփի կարծիքով «ահաբեկչության հիմնական հովանավորի» կողմից միջուկային սպառնալիքը վերացվել է։
Թրամփի վարչակազմը Իրանում հարձակումը անվանել էր լիակատար հաղթանակ, իսկ Պաշտպանական հետախուզական գործակալության եզրակացությունները՝ «բացարձակ սխալ»։
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն այդ ժամանակ աջակցել է նախագահին՝ ասելով, որ առաքելությունը ապահովել է Իրանի միջուկային կարողությունների «հզոր և ցուցադրելի» ոչնչացում։
Զեկույցի հրապարակումից կարճ ժամանակ անց, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ելույթ ունենալով, Հեգսեթը հայտարարել է, որ հիշյալ զեկույցը հիմնված է «ցածր մակարդակի հետախուզական տվյալների» վրա, և որ ՀԴԲ-ին հանձնարարվել է հետաքննել զեկույցին վերաբերող արտահոսքերը։
Ջեֆրի Քրուզի պաշտոնանկության մասին առաջինը հաղորդել է Washington Post-ը: BBC-ն մեկնաբանություն ստանալու համար դիմել է Պենտագոնին:
Ըստ Reuters-ի՝ անանուն աղբյուրին արված հղմամբ հրապարակման, Հեգսեթը նաև հրամայել է հրաժարական տալ ԱՄՆ ռազմածովային ուժերի պահեստազորի ղեկավարին և ռազմածովային հատուկ գործողությունների հրամանատարության ղեկավարին։
Պաշտպանության հետախուզական գործակալությունը (ՊՀԳ) Պենտագոնի մաս է կազմում և մասնագիտացած է ռազմական հետախուզության մեջ՝ աշխարհի այս կամ այն հատվածում ամերիկյան զինծառայողների մասնակցությամբ կամ առանց նրանց մասնակցության, բայց ԱՄՆ-ի հետաքրքրության ու շահերի շրջանակն ընդգրկող գործողություններին աջակցելու համար։
Պենտագոնի Պաշտպանական հետախուզական գործակալությանհավաքում է մեծ քանակությամբ տեխնիկական հետախուզություն և գործում է անկախ այլ հետախուզական գործակալություններից, ինչպիսին է ԿՀՎ-ն։
Սենատի հետախուզական հանձնաժողովի փոխնախագահ, սենատոր Մարկ Ուորները (դեմոկրատ, Միչիգան), մեկնաբանելով Քրուզի պաշտոնանկությունը, ասել է, որ Թրամփն ունի «վտանգավոր սովորություն՝ հետախուզությունը դիտարկել որպես հավատարմության թեստ, այլ ոչ թե որպես երկիրը պաշտպանելու կառույց»։
Թրամփն արդեն ունի այդ փորձն ու նախկինում էլ ազատել է մի շարք պաշտոնյաների, որոնց վերլուծությունները չեն համընկնում նախագահի դիրքորոշման հետ։
Հուլիսին նախագահը հայտարարել է, որ հրամայել է «անհապաղ» ազատել Աշխատանքի վիճակագրության բյուրոյի հանձնակատար Էրիկա ՄաքԷնտուրֆերին այն բանից հետո, երբ նրա զեկույցը ցույց է տվել աշխատատեղերի աճի դանդաղում։
Ապրիլին Թրամփը ազատել է գեներալ Թիմոթի Հոյին Ազգային անվտանգության գործակալության տնօրենի պաշտոնից, ինչպես նաև Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի տասնյակից ավելի անդամների։
Իր հերթին, Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը պաշտոնը ստանձնելուց ի վեր նույնպես աշխատանքից ազատել է վեց գեներալի և ծովակալի, որոնք քննադատել էին Սպիտակ տան որոշ քայլեր։
Բաց մի թողեք
Էրդողանը Միացյալ Նահանգների նախագահի հետ հանդիպման «հիմքեր է ստեղծում»
Մոսկվայում «սպասում են» Նիկոլ Փաշինյանին
Երկու դիտարկում՝ նույն թեմայով. հայաստանցի – ղարաբաղցի