25/08/2025

Հայաստանում ղարաբաղյան շարժում այլևս չի կարող լինել, ուրեմն հայկական պետականությունն իմաստազրկվում է

Անկախության Հռչակագրի 35-ամյակի առթիվ բազմապատիկ ուժգնացել է քարոզչությունը, որ Հայաստանի երրորդ հանրապետության «հիմնակազմիչ գաղափարը Լեռնային Ղարաբաղի միավորումն է»:

Եվ եթե վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանում ղարաբաղյան շարժում այլևս չի կարող լինել, ուրեմն հայկական պետականությունն իմաստազրկվում է:

Միջին-վիճակագրական հայ մարդը, մանավանդ եթե նա նոր սերնդից է, չի հավատա, որ անկախության Հռչակագրի ընդունումից հազիվ մեկ-մեկուկես ամիս անց Հայաստանի Գերագույն խորհուրդը դռնփակ նիստում քննարկել է Լեռնային Ղարաբաղում մարզային և Ադրբեջանի Գերագույն խորհրդի ընտրություններին մասնակցելու և իշխանության սահմանադրական մարմինները վերականգնելու հարցը:

Այդ փուլում դա հակամարտության հետագա սրացումը կանխելու հնարավորություն էր, որ, ցավոք, ղարաբաղյան շարժման Ստեփանակերտի «ընդհատակյա մարզկոմի» կողմից մերժվեց:

Հակամարտությունը սառեցնելու մի փորձ էլ արվել է մեկ տարի հետո: Այն նախաձեռնել է Ռուսաստանի նախագահ Ելցինը՝ աջակից ունենալով թուրքական աշխարհի «լիազոր դեսպան» Նազարբաևին: 1991 թվականի սեպտեմբերի 23-ին Ժելեզնովոդսկում ստորագրված կոմյունիկեն, սակայն, չի իրականացվել, գործընթացը տապալվել է Ադրբեջանի նախագահ Մութալիբովի քաղաքական թիմի դեմ ահաբեկչությամբ:

Հետագա իրադարձությունները հանրածանոթ են՝ մինչև 1994 թվականի մայիսի 12-ի հրադադարի հաստատում, որն իրավական առումով ամրագրելու եզակի հնարավորությունը 1998 թվականի առաջին օրերին բաց է թողնվել:

Բայց կարգավորման ոչ այդ, ոչ հետագա առաջարկությունները, բացառությամբ քիուեսթյանի, ԼՂ խնդրին այնպիսի լուծում չէին տալիս, ինչպիսին ամրագրված է անկախության Հռչակագրով: Հենց դա էլ իրավիճակի կոնֆլիկտայնությունն էր, որ մի պահի պետք է բերեր և բերեց պատերազմի:

Կարելի՞ էր պատերազմից խուսափել, ի՞նչ գնով, արդյունքում մենք ի՞նչ և ինչպիսի՞ Արցախ կունենայինք՝ այս բանավեճը, գուցե, գոյության իրավունք ունի: Բայց անառարկելի է, որ դա չէր լինելու անկախ կամ Հայաստանի սուվերեն մաս կազմող Արցախ:

Իսկ եթե այդպես լիներ, դարձյալ ասելու էինք, որ «Երրորդ հանրապետությունը սպանվե՞ց»: Իսկ գուցե հենց դա՞ է բուն պատճառը, որ Հայաստանի ոչ մի իշխանություն ԼՂ կարգավորման սկզբունքային պատրաստակամություն չի դրսեորել:

Ժամանակը չէ՞ տեսնել «Արցախյան մեդալի» հակառակ կողմը: