Օգոստոսի 24-ին Ուկրաինան տոնում է անկախության հերթական տարեդարձը, Կիևի կենտրոնում հանդիասավոր միջոցառումներ են անցկացվել: Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան», վկայակոչելով ուկրաինական «Ռադա» հեռուստաընկերության հեռարձակումները, հայտնում է համաժողովրդական տոնախմբությանը մասնակցել է նախագահ Զելենսկին:
Նա հայտարարել է, որ անկախության տարեդարձի օրով իրենց «հետ է Միացյալ Նահանգների նախագահի հատուկ ներկայացուցիչ գեներալ Քիթ Քելոգը»:
Քելոգի Կիև այցի մասին հայտնի է դարձել նախօրեին: Ամերիկյան մամուլի տեղեկություններով, նրանք պետք է միանա նաև «հոգևոր հարցերով նախագահ Թրամփի խորհրդական Մարկ Բեռնեսը», որ Ուկրաինա է ուղեւորվում Հարավային Կորեայից:
Աղբյուրները չեն մանրամասնում՝ Բեռնեսը Սպիտակ տան վարչակազմի պաշտոնական ներկայացուցի՞չ է, թե՞ նախագահ Դոնալդ Թրամփին «հոգևոր խորհուրդներ է տալիս» մասնավոր կարգով, բայց փաստն ինքնին խորհրդանշական է:
Ուկրաինական կարգավորման գործընթացում դրական որևէ տեղաշարժ չկա: Եվրամիության անվտանգության և արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատար Կալասը հայտարարել է, որ «Պուտինը միայն ժպտում, իսկ հետո նոր սպանությունների հրաման է տալիս»:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովն, ընդհակառակը, Բրյուսելին մեղադրել է «անպարկեշտ միջամտությամբ ԱՄՆ նախագահի դիրքորոշումը փոխելու անթաքույց փորձերի մեջ»:
Այս իրավիճակում Միացյալ Նահանգների նախագահը ևս երկշաբաթյա ժամկետ է սահմանել, որպեսզի Վլադիմիր Պուտինը հանդիպի Ուկրաինայի նախագահին: Մոսկվան այդ առաջարկությունը սկզբունքորեն մերժել է՝ պատճառաբանելով, որ նման բանակցությունների «օրակարգը նախապատրաստված չէ»:
Ի՞նչ նոր գաղափար է Կիև տարել Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քելոգը: Ուկրաինայի անկախության տոնին նրա ներկայությունը խորհրդանշում է ԱՄՆ կողմից Կիևի դիրքորոշմանն աջակցությու՞ն:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ուկրաինայի անկախության տարեդարձի առթիվ Զելենսկուն շնորհավորական ուղերձ է հղել: Աչքի է զարնում տեքստի այն հատվածը, որ վերաբերում է երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:
Եթե մոտ մեկ ամիս առաջ Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում Ալիևը հստակ հայտարարել է, որ սատարում է Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ապա օգոստոսի 24-ի ուղերձում նա խոսել է «միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին լիովին համապատասխան՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցերում փոխադարձաբար դրսևորվող համերաշխության» մասին:
Սա ակնհայտորեն Ռուսաստանին արված դիվանագիտական զիջում է: Ի՞նչ է դա նշանակում: Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողի շրջանակներում Պուտին-Ալիև բանակցություննե՞ր են նախապատրաստվում:
Բաց մի թողեք
Ում դեմ պատերազմի է նախապատրաստվում Ադրբեջանը
Հայատյաց քաղաքականությունն Ադրբեջանում չի դադարել, իրենց համար մենք թշնամի ենք
Փաշինյանը Հայաստանի անկախության Հռչակագիրը «կոնֆլիկտային» է բնորոշել