«Ռուս-ադրբեջանական քաղաքական երկխոսությունը շարունակում է մնալ տուրբուլենտ, բայց տնտեսական բլոկը կարողանում է հավասարակշռել դիսբալանսը»,- Աստրախանում Ռուսաստանի և Ադրբեջանի համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքների մասին Բաքվի իշխանական լրատվամիջոցի համար մեկնաբանում է ռուսաստանցի հեղինակը:
Այդ միջոցառման թարմ հետքերով կանխատեսել էինք, որ կայացել է ռուս-ադրբեջանական «Հաշտարխանի համաձայնություն»՝ նկատի ունենալով նաև անցկացման վայրի ընտրության խորհրդանշականությունը:
Աստրախանի մարզը Ռուսաստան-Ադրբեջան և հակառակ ուղղությամբ, ինչպես նաև ռուս-իրանական նավագնացության հանգուցակետ է, տնտեսա-կոմունիկացիոն հաբ, որ ունի նաև քաղաքակրթական կարևորություն, որովհետև Բաքուն կապում է Ռուսաստանի «ներքին Թուրքիային»:
Տնտեսական համագործակցության ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի արդյունքներով կողմերը ստորագրել են մոտ երկու տասնյակ փաստաթղթեր: Վիճակագրությունը համառ իրողություն է, անցած տնտեսական տարում Ադրբեջանը Ռուսաստան է առաքել մոտ 292 միլիոն դոլարի գյուղմթերք, փոխարենը ներկրել 300 մլիլիոն դոլարի միայն հացահատիկ:
Իսկ առհասարակ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը մոտենում է տարեկան հինգ միլիարդ դոլարին, ընդ որում ընթացիկ տարում այն աճել է 16 տոկոսով:
Պաշտոնական վիճակագրությունն, իհարկե, ռուս-ադրբեջանական համագործակցության «այսբերգի վերջրյա մասն» է, ոչ ոք չի հրապարակի տվյալներ, թե, օրինակ, Մեծ Բրիտանիայի կողմից պատժամիջոցների ենթարկված ադրբեջանական յոթ լցանավերն անցած երեքուկես տարիներին քանի՞ միլիոն տոննա ռուսական նավթ են արտահանել, և այդ «ծովահենության» եկամուտները կողմերի միջև ի՞նչ սկզբունքով են բաշխվել կամ «Գազպրոմը» քանի՞ միլիարդ խորանարդ մետր գազ է արտոնյալ գներով վաճառել, որպեսզի Իլհամ Ալիևը «Հարավային գազային միջանցքով» այն առաքի Եվրամիության երկրներ:
Փաստ է, որ «հաշտարխանյան հաշտությունից» երկու օր հետո կայացել է ՌԴ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույց, իսկ դա քաղաքական երկխոսության վերբեռնման հստակ ազդակ է: Մենք այդ առթիվ կանխատեսել էինք, որ Լավրովը և Բայրամովը «Պուտին-Ալիև հանդիպում են նախապատրաստում»:
Եվ ահա օգոստոսի 25-ին haqqin.az-ի ռուսաստանցի հեղինակը գրում է, որ ռուս-ադրբեջանական հաջորդ «ռեփերային հաջորդ հանգրվան կլինի Շանհայի համագործակցության կազմակերպության Չինաստանի գագաթաժողովը, որտեղ, հնարավոր է, կանցկացվի Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի աշխատանքային հանդիպումը»:
Նման հեռանկար միանգամայն սպասելի է, իսկ ահա կկայանա՞ Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում՝ մնում է ենթադրել: Փորձագետները համոզված են, որ ներկա իրավիճակում Պուտինը «չի փորձի ձախողել «Թրամփի կամուրջ» նախագիծը, բայց դրան միանալ անպայման կձգտի»:

Բաց մի թողեք
ԵՄ ջանքերը՝ Չինաստանի պառակտումներին դիմակայելու համար
ԵՄ-ն շտապում է Բուդապեշտ՝ բանակցություններ վարելու սառեցված միջոցները Ուկրաինայում լարվածության ֆոնին վերաբացված
Օրբանը հեռացել է։ Ովքե՞ր են ԵՄ-ում հաջորդ գլխավոր խափանողները