Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սոցիալական X հարթակում Իլհամ Ալիևին անկախության տոնի կապակցությամբ հղած շնորհավորանքի համար երախտագիտություն է հայտնել:
Այդ շատ համառոտ տեքստում Ուկրաինայի նախագահը երկու կարևոր ընդգծում է արել: Նախ նա հրապարակայնացրել է, որ Ադրբեջանն Ուկրաինային ցուցաբերում է «մարդասիրական և այլ օգնություն», ապա ամփոփել, որ «անհամբերությամբ սպասում է երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության հետագա ամրապնդման օրվան»:
Նույն օրը Բաքվի իշխանական կայքի գլխավոր խմբագիր Ֆաթուլլաեւը հարցազրույց է ունցել Ադրբեջանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Գուսևի հետ, որի ամենահիմնական թեման, թերևս, Վլադիմիր Զելենսկու Բաքու այցի հավանականությունն է:
Ուշագրավ է, որ հարցադրում անելիս ադրբեջանցի լրագրողը վկայակոչել է անանուն աղբյուրներ, որոնք խոսում են մինչև տարեվերջ Ուկրաինայի նախագահի Բաքու այցի մասին:
Դեսպան Գուսևն ի պատասխան ասել է, որ Զելենսկու և Ալիևի միջև «շփումները մշտական են», Կիևում «ուրախ կլինեին տեսնել երկու եղբայրական երկրների միջև որակապես նոր մակարդակի հարաբերություններ», բայց ամփոփել է, թե «այս պահին» չի կարող ասել, թե «աշխատում են նախագահ Զելենսկու Բաքու այցի նախապատրաստման վրա»: Դեսպանն, ընդսմին, հավելել է. «Առայժմ չեմ կարող ասել»:
Կարելի է ենթադրել, դա հասկացվում է թե Զելենսկու սոցցանցային գրառումից, թե դեսպան Գուսևի չափազանց զգուշավոր դիտարկումից, որ Կիևը Զելեսնկու Բաքու այցի առաջարկություն արել, Ալիևը սկզբունքերն չի մերժել, բայց հաստատուն դրական պատասխան էլ չի տվել:
Ըստ երևույթին, Ալիևը Զելենսկուն ընդունելուց զգուշանում է, քանի որ ուկրաինական կողմն այդ այցի նպատակ է դնում կողմերի միջև ռազմավարական համագործակցության մասին պայմանագրի կամ առնվազն քաղաքական համատեղ հայտարարության ստորագրումը, իսկ դա Ադրբեջանի համար չափազանց ծանր պատասխանատվություն կլինի ոչ միայն Ռուսաստանի հետ հարաբերությունների, այլև Ուկրաինայի հանդեպ ստանձնելիք պարտավորությունների առումով:
Ուկրաինայի համար, իհարկե, Բաքվի հռչակագրային դիրքորոշումը նշանակություն ունի, բայց Կիևին անհրաժեշտ է առարկայական համագործակցություն: Վերջին երկու շաբաթվա ընթացքում Ռուսաստանն Ուկրաինայի տարածքում ադրբեջանական մի քանի էներգետիկ օբյեկտներ է խոցել:
Բաքվի փորձագետները նույնիսկ չեն բացառում, որ Մոսկվան կարող է թիրախավորել Բաքու-Ջեյհան նավթամուղը: Նման իրավիճակում Ալիևը հազիվ թե Զելենսկու հետ ռազմավարական համագործակցության պայմանագիր կամ հայտարարություն ստորագրելու քայլ կատարի:
Բաց մի թողեք
Մեհթիևը դատարանում խոսի՞. Ադրբեջանում սրան դատելը ստվերում է Հեյդար Ալիևին
Ռուսաստանին կվտարե՞ն Մերձավոր Արևելքից
Պուտինը պայթեցնում է իր պիստոններին, հերթում՝ Բաշար ալ-Ասադն է