Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայկական ծագումով ամերիկացի լրագրող Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքասթի հերթական՝ օգոստոսի 26-ի թողարկման ընթացքում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը։
Լրագրողի դիտարկմանը, թե Իսրայելը առ այս պահը չի ճանաչել Ցեղասպանությունը, Իսրայելի վարչապետն ասել է․ «Իրականում, կարծում եմ՝ մենք դա արել ենք, քանի որ կարծում եմ, որ Քնեսեթն այդ մասին բանաձև է ընդունել»։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Իսրայելի վարչապետի՝ երկրի օրենսդիր մարմնի՝ Քնեսեթի կողմից Ցեղասպանությունը ճանաչելու պնդման ճշմարտացիությունը։
Քնեսեթը Ցեղասպանությունը ճանաչող բանաձև չի ընդունել
2016 թվականի օգոստոսին Քնեսեթի Կրթության, մշակույթի ու սպորտի հանձնաժողովը Հայոց ցեղասպանության վերաբերյալ նիստ էր հրավիրել, որի արդյունքում տարածված հաղորդագրության մեջ նշվում էր՝ «Հանձնաժողովը ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը»։
2018 թվականի հունիսին՝ Թուրքիայում հերթական նախագահական ընտրություններին ընդառաջ, Քնեսեթում երկրի ընդդիմադիր «Մերեց» կուսակցության պատգամավոր Թամար Զանդբերգը շրջանառության մեջ դրեց Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագիծը։ Դրա վերաբերյալ նախապես նշանակված նիստերը չեղարկվում էին Իսրայելի կառավարության աջակցության բացակայության պատճառով, որն էլ իր հերթին պայմանավորված էր այդ տարվա հունիսի 24-ին Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրությունների ելքի սպասումով։
Այդ ընտրություններում հաղթեց Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա կուսակցությունը, իսկ Քնեսեթը հունիսի 26-ի լիագումար նիստում ձայների մեծամասնությամբ մերժեց Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի ընդունումը։
Դա Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի ընդունման վերջին փորձն էր․ դրանից հետո նման օրինագծեր չեն շրջանառվել Իսրայելի խորհրդարանում։
Փաստացի, Նեթանյահուի պնդումը սխալ է, երկրի օրենսդիր մարմնի ընդամենը մի հանձնաժողով հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության վերաբերյալ, մինչդեռ Քնեսեթը մերժել է Ցեղասպանության ճանաչման օրինագիծը, հետևաբար, այդ երկրի օրենսդիր մարմինը չի ճանաչել Ցեղասպանությունը։
Նեթանյահուն նախկինում ևս հրապարակային խոսել է Ցեղասպանության մասին
Նեթանյահուն ու Իսրայելի բարձրագույն ղեկավարությունն առաջին անգամը չէ, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հրապարակային հայտարարություններ է արել քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։
Սակայն, թե՛ հայաստանյան, և թե՛ միջազգային մամուլը ներկայացնում են, թե այդ երկրի վարչապետի մակարդակում առաջին անգամ ճանաչվել է Հայոց Ցեղասպանությունը։
Այսպես, 2024 թվականի մարտին Իսրայելի վարչապետն արձագանքելով Թուրքիայի նախագահ Էրդողանին, որի հետ այդ պահին գտնվում էր լարված հարաբերությունների հերթական շրջափուլում, հիշեցրել էր նրան Հայոց ցեղասպանության մասին։
Նա, մասնավորապես, X-ի իր միկրոբլոգում գրել էր․ «Պատերազմի օրենքներին հավատարիմ Իսրայելը չի լսի Էրդողանի բարոյական քարոզները, որն աջակցում է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության մարդասպաններին և բռնարարներին, որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը, սպանում քրդերին իր երկրում, որտեղ ռեժիմի հակառակորդները և լրագրողները անհետանում են»։
Ավելին, Հայոց ցեղասպանության մասին խոսել է Իսրայելի նախկին նախագահ Ռեուվեն Ռիվլինը, որը մշտապես հայտարարել է, որ իր երկիրը պարտավոր է պաշտոնապես և օրենսդրական մակարդակում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Այսպիսով, Իսրայելի բարձրաստիճան ղեկավարներն առաջին անգամը չէ, որ խոսում են Հայոց ցեղասպանության ու դրա ճանաչման անհրաժեշտության մասին, սակայն, այդ երկիրը օրենսդրական մակարդակում շարունակում է չճանաչել այն։
Նանե Մանասյան
Բաց մի թողեք
Տուրիստական Դիլիջան՝ առանց ավտոկայան, զուգարանների, սպանդանոցի ․․․
Բողոքի ձայն ենք բարձրացնում նման հոգևորականների հակագիտական գործունեության դեմ․ Լուսանկար
Պուտինը ստացավ «այն, ինչ նա ուզում էր»․ Զելենսկի