08/09/2025

Մա՛մ ջան, կներես, խնդրում եմ հետևեն՝ չվնասեն իմ 3 հրաշքին. կախված հայտնաբերված եղբայրներից մեկի երկտողը

Պարզվել է սեպտեմբերի 7-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետքերով մահացած եղբայրների ինքնությունը։

Պարզվել է, որ մահացածներն են Աբովյան քաղաքում հաշվառված 52-ամյա Նորիկ Տեր-Աբրահամյանը և 46-ամյա Նեժդիկ Տեր-Աբրահամյանը։ Վերջիններս հայտնաբերվել էին Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի 1/29 հասցեում գործող սննդի կետի ներսում առաստաղի մետաղական փողից պարանով կախված վիճակում։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են դիակի դատաբժշկական և ձեռագրաբանական փորձաքննություններ, քանի որ մահացածներից Նեժդիկ Տեր-Աբրահամյանի տաբատի հետևի գրպանում հայտնաբերվել էր նամակ՝ ուղղված մորը, որում մասնավորապես ասված է եղել.

«Մա՛մ ջան, կներես ինձ, ոչ մի բան չխոստանաս որևէ մեկի։ Մեղավորը ես եմ, ես սիրում եմ ձեզ, բայց չստացվեց, ապրի քո համար։ Նարեիս լավ կպահես։ Նարե՛ ջան, կներես ինձ։ Խնդրում եմ ոստիկաններին՝ հետևողական լինեն՝ չվնասեն իմ 3 հրաշքներին։ Ես եմ մեղավոր, ոչ իրանք, իրանք բան չգիտեն, ու մարդիկ չար են»։

Կայքի տեղեկություններով՝ իրավապահները հակված են, որ տեղի ունեցածը ինքնասպանություն է, և նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվելու է՝ արդյոք եղբայրները միասի՞ն են ինքնասպանություն գործել, թե՞ մի եղբայրը ինքնասպանություն է արել, մյուս եղբայրը եկել տեսել, ու ինքն էլ է այդ քայլին դիմել։

Եղբայրները նաև, ըստ իրավապահներին հասած տեղեկությունների, ֆինանսական լուրջ խնդիրներ են ունեցել, այդ թվում՝ պարտքեր, որոնց թիվը հասնում է մի քանի միլիոնի։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ժամը 13:50-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում գտնվող արագ սննդի կետում 2 քաղաքացի կա կախված։ Պարզվել է՝ նրանք հարազատ եղբայրներ են: