Իսրայելի վարչապետ Նաթանյահուն ընդհանուր առմամբ համաձայնել է Գազայում պատերազմի դադարեցման Թրամփի ծրագրին, որ բաղկացած է երկու տասնյակ կետերից: Փաստաթղթի վերաբերյալ հիմնականում դրական է արտահայտվել Կատարի էմիր ալ-Թանին, բայց վերապահում արել, որ «պաղեստինցիների իրավունքների առումով լրամշակման ենթակա խնդիրներ կան»:
Ալ-Թանին բացահայտել է, որ Դոհայում են գտնվել Եգիպտոսի և Թուրքիայի ներկայացուցիչները, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի բանակցային խումբը: Հասկացվում է, որ Կատարը, Եգիպտոսը և Թուրքիան Միացյալ Նահանգների նախագահին «պարտավորվել են» ՀԱՄԱՍ-ին համոզել, որ ընդունի ներկայացված առաջարկությունների փաթեթը:
Կատարի էմիրի դիվանագիտական ակնարկներից հասկացվում է, որ արաբական աշխարհը Թրամփի «խաղաղության ծրագիրը» գնահատում է որպես Պաղեստինի անկախ պետության կառուցման վերջին հնարավորություն:
Որքանով հասկացվում է իսրայելական հասանելի աղբյուրների հրապարակումներից, Երուսաղեմում հույս ունեն, որ ՀԱՄԱՍ-ը կմերժի Թրամփի առաջարկությունները: Այդ դեպքում միջազգային հանրությունը կհամոզվի, որ «ջիհադականների բուն նպատակը ոչ թե անկախ, ժողովրդավարական և սոցիալապես ապահով ու անվտանգ երկիր ունենալն է, այլ՝ Իսրայելի ոչնչացումը և հրեաների բնաջնջումը»:
Ըստ երևույթին, ԱՄՆ նախագահը նույնպես այդ սպասումներով է ներկայացրել «համապարփակ կարգավորման ծրագիրը»: Երևում է, Դոնալդ Թրամփն արաբա-իսլամական մի խումբ երկրների առաջնորդների խոստացել է Իսրայելին զսպել, եթե նրանք կարողանան ՀԱՄԱՍ-ին զինաթափել և ստանձնել Գազայի անցումային կառավարումը:
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ պատրաստվում է ՀԱՄԱՍ-ի «երեք-չորս ժամանակ տրամադրել», որպեսզի կողմնորոշվի: Իսրայելական ynet-ի ռազմական հարցերով մեկնաբանի գնահատմամբ, եթե պաղեստինյան կազմակերպությունը մերժի Թրամփի «խաղաղության ծրագիրը», ապա Իսրայելը «գործողությունների լիակատար ազատություն կստանա»:
Միջազգային մամուլում տեսակետ է շրջանառվել, որ իսրայելա-պաղեստինյան կարգավորման հարցում հաջողության հասնելու դեպքում Թրամփը դիվանագիտական բոլոր ջանքերը կկենտրոնացնի ռուս-ուկրաինական ռազմաճակատում հրադադարի հաստատման հասնելու վրա:
Թերևս այդ պատճառով է, որ ՌԴ արտգործնախարարն ասել է, որ Մոսկվայում իսրայելա-պաղեստինյան կարգավորման Թրամփի «պլանին ծանոթ չեն»: Բայց ՀԱՄԱՍ-ի դեպքում Դոնալդ Թրամփի «դեդլայնը կաշխատի՞»:
Բաց մի թողեք
Փորձ է արվում «մահակը» փոխարինել սոցիալ-տնտեսական բարգավաճման «քաղցրաբլիթով»
Միացյալ Նահանգները կարող է Ուկրաինային հատկացնել մինչև 50 միավոր Tomahawk հրթիռներ
«Հյուսիս-հարավը» բավարարում է Իրանի և Ռուսաստանի շահերը, բայց հակադրվում Թուրքիային և Ադրբեջանին